|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Փոխադարձաբար
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին` երկիրը պատուհասած «Մանուել» փոթորկի աղետալի հետևանքների համար: Ասում են` Մեքսիկայի նախագահն էլ, իր հերթին, ցավակցել է ՀՀ նախագահին` Հայաստանին ու մասնավորապես նրա մայրաքաղաքին պատուհասած «Սամուել» աղետի կապակցությամբ:
Դպրոցների դռներին
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` դատախազության շենքի դուռը համբուրելով պաշտոնին հրաժեշտ տալու հուզիչ արարողությունը խոստանում է վերածվել ավանդույթի: Դրա հավանականությունը չի ժխտել նաև Գալուստ Սահակյանը, չնայած ՀՀԿ-կանների պարագայում դա մի քիչ դժվար է պատկերացնել: Ո՞ր դուռն է համբուրելու, օրինակ, Էդուարդ Շարմազանովը, Ազգային ժողովի՞, թե՞ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի: Ասում են` եվրոպաներում դեսպանության պատրաստվող Ա. Աշոտյանը, ինչպես վայել է նոր տեխնոլոգիաների իսկական ջատագովին, գտել է համբույրով հրաժեշտ տալու խիստ ժամանակակից` բոլոնյան տարբերակը. նա կհամբուրի միայն ԿԳ նախարարության շենքի դուռը, իսկ նրա համբույրը խաչհամբույրի ձևով կտարածվի ՀՀ բոլոր դպրոցների դռներին:
Խորունկ
ՀՀԿ-ական պաշտոնյաներից շատերը, վարակված նախկին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի' պաշտոնավայրի դուռը հրաժեշտից առաջ համբուրելու ջերմեռանդությամբ, ասում են` ավելի առաջ են գնացել` սկսել են իրենց աշխատավայրերի դռները համբուրել ամեն օր` մտնելուց առաջ ու ելնելուց հետո: Մարդիկ մեղք չունեն. Աստծու ամեն օր առավոտյան գործի գալիս կարող են հանկարծ պարզել, որ այլևս այդտեղ չեն աշխատում: Ավելի ջերմեռանդներն ու կասկածամիտները, ասում են, աշխատավայրի դռները համբուրում են նույնիսկ ընդմիջումներին: Ո՞վ կհասկանա ՀՀԿ-ականի խորունկ պաշտոնական հոգին: