Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ջրի ճամփեն, պարզվում է, այնքան էլ հեշտ չէ
Ջրամատակարարող ընկերությունները շարունակ հերքում են, թե իրենց մատակարարած ջրից թունավորվելու հավանականություն կա, բայց քաղաքացիները թունավորվում են' անկախ հայտարարություններից ու հավաստիացումներից:
Այս տարվա գարնանը Արգել գյուղում գրանցվեցին խմելու ջրից թունավորման դեպքերը, եւ կարելի է ասել' տարին սկսեցինք ջրից թունավորմամբ: Ու թեեւ ամռան ընթացքում խմելու ջրից մասսայական թունավորումների դեպքեր չգրանցվեցին, բայց տարեսկզբին «վայել» աշուն մտանք' Արագածոտնի մարզի Օշական եւ Ոսկեվազ գյուղերում դիտարկվեցին մասսայական թունավորումներ, որոնք, ինչպես նշվում էր առողջապահության նախարարության հայտարարության մեջ, եղել են խմելու ջրի պատճառով: Իսկ թե խմելու ջուրն ում պատճառով է դարձել թունավոր, երեւի միայն գուշակները հստակ գիտեն, ամեն դեպքում' պատկան մարմիններն ու կազմակերպությունները տեղյակ չեն...
Ովքեր եւ ինչպես են մեր «ծարավը հագեցնում»
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող 5 ընկերություններ են գործում' «Երեւան-ջուր» ՓԲԸ-ն, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ն: Այս ընկերություններից ազգաբնակչության ճնշող մեծամասնությանը ջրամատակարարումն ու ջրահեռացումը, ինչպես նաեւ կեղտաջրերի մաքրման աշխատանքները իրականացնում են 2-ը:
Մեկը «Երեւան-ջուր» ՓԲԸ-ն է, որն ապահովում է կամ պետք է ապահովի մայրաքաղաքի ջրամատակարարումը, մյուսը` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որն իր տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ պետք է ապահովի ՀՀ 10 մարզերում 37 քաղաքային եւ մոտ 280 գյուղական համայնքների ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի տեխնիկական սպասարկման, շահագործման եւ պահպանման աշխատանքների իրականացումը: Ու քանի որ այս ընկերություններն են համարվում հիմնական ջրամատակարարներ, ենթադրվում է, որ հենց նրանք էլ պետք է պատասխանատու լինեն ազգաբնակչությանը մատակարարվող ջրի որակի համար:
«Հիմնականում աղբյուրից ջուրը ջրատարներով հասնում է մինչեւ օրվա կարգավորիչ ջրամբարներ: Մեր հսկողության ներքո գտնվում են 27 ջրամբարներ: Բոլոր աղբյուրներից ջրերը հավաքվում են այդ ջրամբարներում: Մենք, փաստորեն, ունենք առողջապահության նախարարության կողմից հաստատված պլան, որտեղ ընդգրկվում են բոլոր աղբյուրները, կետեր ունենք բաշխիչ ցանցերում` թվով մոտ 110, այսինքն` մենք ամեն օր պարտադիր ջրամբարներից ջրի նմուշ ենք վերցնում ու ստուգում ե'ւ քիմիական բաղադրությունը, ե'ւ մանրէաբանական ստուգումներ ենք կատարում: Լաբորատորիան աշխատում է 365 օր` առանց տոնի ու հանգստյան օրերի, հերթափոխերով»,- լրագրողներին աշխատանքի էությունը բացատրում է «Երեւան-ջուր» ընկերության լաբորատորիայի բաժնի պետ Սոֆյա Ասատրյանը եւ հավաստիացնում, որ իրենց ընկերության մատակարարած ջուրը շատ բարձր որակի է:
Նրա պարզաբանմամբ` ստուգվում է ամբար մտնող եւ ամբարից դուրս եկող ջրերի որակը, ինչպես նաեւ ստուգման համար ջրի նմուշներ են վերցվում ջրամատակարարման ցանցի տարբեր կետերից, որոնք կամայական չեն ընտրվում, այլ համակարգի սպասարկող ծառայությունը, որը գտնում է, որ այսինչ կետն ավելի վտանգավոր է, քան մյուսը, առաջարկում է այդ կետերում ստուգել ջրի որակը: Բայց քանի որ անհնար է ամեն բնակարան մտնել ու ծորակից ջրի նմուշ վերցնել-ստուգելը, արդյունքում հնարավոր չէ նաեւ պարզելը, թե քաղաքացու ծորակից ինչ որակի ջուր է հոսում:
Իսկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ջրառն իրականացնում է երեք տիպի աղբյուրներից` ստորերկրյա խորքային հորերից, լեռնային աղբյուրներից ու գետային ջրընդունիչների միջոցով: Ինչպես ներկայացնում է ընկերության ջրի որակի վարչության պետ Մինաս Բելլույանը, «Հայջրմուղկոյուղի»-ն ունի 23 լաբորատորիա, որտեղ շուրջօրյա հսկողություն է իրականացվում ջրի որակի նկատմամբ:
«Տարվա կտրվածքով` շուրջ 20 հազար մանրէաբանական, շուրջ 100 հազար մնացորդային քլորի հետազոտություններ, մոտ 1500 քիմիական ու ընդհանրացված հետազոտություններ են իրականացվում: Խմելու ջրի մասին օրենքի հավելվածներում նշված է, որ խմելու ջրի հետազոտությունները կատարվում են` կախված բնակչության քանակից, եւ հաճախականությունը, նմուշների ու նմուշառման կետերի քանակը որոշվում է դրանով: Բաշխիչ ցանցում, հաշվի առնելով բնակչության թիվը, ընտրվում են համապատասխան կետեր: Դրանք ռիսկային կետերն են, որտեղ հնարավոր են ջրի որակի վատթարացման դեպքեր: Եթե մի թաղամասում բոլոր խողովակները 100 տոկոսով փոխված են, պարզ է, որ այդտեղ ռիսկը շատ ցածր է, ու այդ կետում չեն վերցնում: Թունավորումները լինում են վթարներից, մաշված ցանցից, որովհետեւ ամբողջ ցանցը չի փոխված»,- ասաց Մինաս Բելլույանը:
Անդրադառնալով կոնկրետ Արագածոտնի մարզում գրանցված թունավորումներին` նա նշեց, որ ամբողջ ընթացքում ստուգումներ են իրականացվել ու որեւէ տեղում եւ կոնկրետ այդ ժամանակահատվածում ջրի որակի շեղումներ չեն հայտնաբերվել: Այսինքն` դեպքը կա, խնդիրը կա, իսկ «ցանկացած խնդիր ունի կոնկրետ անուն-ազգանուն- հայրանուն»` պատասխանատու, սակայն այս դեպքում ոչ ոք չի նշում, թե որն է այս տարվա ընթացքում երեք տարբեր տեղերում խմելու ջրից թունավորման խնդրի անուն-ազգանուն-հայրանունը...
Այս ընկերությունները պարտավոր են ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատուցել բոլոր այն սպառողներին, որոնց ներքին ցանցը տեխնիկական միացում ունի ընկերության ջրային համակարգին, եւ որոնք ընկերության հետ կնքել են խմելու ջրի մատակարարման կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Դեռ չենք անդրադառնում մատակարարվող ջրերի սակագներին, դա այլ թեմա է, համենայն դեպս, եթե մարդիկ վճարում են ջրի համար, ապա պետք է ստանան լավորակ, անվտանգ ջուր` շուրջօրյա, քանի որ թե' շուրջօրյա ջուր ստացողները, թե' գրաֆիկով ջուր ստացողները նույն գինն են վճարում, ուստի նրանց մատուցվող ծառայությունների ու ապրանքի որակն էլ պետք է նույնը լինի...
«Երեւանջուր»-ի եւ համատիրության ջրերը նույն ցանցով չեն հոսում
Անցել է մոտ 10 տարի, ինչ այս ընկերությունները ջրամատակարարում են իրականացնում, սակայն դեռ չի հաջողվել ամբողջությամբ հասնել շուրջօրյա ջրամատակարարման: Պատճառը ջրի կորուստն է, տեխնիկական մաշվածությունը եւ այլն: Ջրագծերի վիճակը, ի դեպ, ուղիղ կապ ունի մատակարարվող ջրի որակի հետ: Եվ չնայած այն հանգամանքին, որ ընկերություններն իրենց հաշվետվություններում տեսակ-տեսակ թվեր են ներկայացնում` իբրեւ ներդրումներ եւ նշված խնդիրների լուծման միջոց, ջուրը շարունակում է ճանապարհին կորչել:
«Ջրի որակի հետ կապված` բողոքների առյուծի բաժինը ընկնում է փոքր ցանցին, որը փողոցից ջուրը հասցնում է բազմաբնակարան շենքերին: Կարճ ցանց է, բայց խնդիրներն այնտեղ են: Մենք ներդրումներ չենք կարող անել, որովհետեւ ոչ մի կերպ դա հնարավոր չէ` թե' միջոցների բացակայության պատճառով եւ թե' այն, որ դա մեր դաշտը չէ, այլ համատիրությունների ու ՏԻՄ-երի: Փողոցներում մենք երաշխավորում ենք, թե ինչ որակի ու ինչ ջուր է գալիս: Բայց այստեղից, երբ ջուրը մտնում է շենքեր, պարզվում է, որ խողովակները մի քիչ վթարային են, մի քիչ մաշված են, ժանգոտ են եւ այլն: Ու երբ մարդիկ ծորակը բացում են, ավազ կամ ցեխ է գալիս, ու ստացվում է այնպես, որ մենք լավորակ ջուր ենք տալիս, բայց կարճ հատվածի պատճառով մեր աշխատանքը ջուրն է ընկնում: Այսօր, ցավոք, շատ դեպքերում, երբ գնում ենք բողոքների հետքերով, տեսնում ենք, որ համատիրությունների չկատարած աշխատանքների արդյունքն են բոլոր դժգոհությունները: Համատիրություններին օգնում ենք, բայց աշխատանքն ունի ծավալ, քանակ, եւ օգնությունն էլ իր չափն ունի»,- պարզաբանում է «Երեւան-ջուր» ընկերության լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը:
Փորձառո՞ւ, թե՞ երիտասարդ կադր
«Երեւան-ջուր» ընկերության մեր աղբյուրներն էլ այլ խնդիր են նշում ինչպես ջրամատակարարման, այնպես էլ մատակարարվող ջրի որակի մասին: Ըստ այդմ` ընկերությունը, ստանձնելով ջրամատակարարման ոլորտի կառավարման իրավունքներն ու պարտականությունները, այս ոլորտի նախկին աշխատակիցներին սկսել է աշխատանքից ազատել` սերնդափոխության նկատառումներով: Արդյունքում հին ու փորձված, բանիմաց կադրերը հեռացել են` երբեմն իրենց հետ տանելով ջրամատակարարման ցանցի քարտեզներն ու գծագրերը, երբեմն էլ նոր սերնդի աշխատակիցներին չփոխանցելով այդ քարտեզներն ու գծագրերը հասկանալու հմտություններ:
Արդյունքում, ինչպես մասնավոր զրույցների ժամանակ նշեց «Երեւանջուր» ընկերության` արդեն նախկին աշխատակիցը (նա չցանկացավ, որ իր անունը նշվի), ընկերությունը ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարողանում վերանորոգել ջրագծերը, քանի որ դրանց տեղը չգիտի, ու մի ինչ-որ ջրագիծ վերանորոգելու համար սկսում է փնտրել, թե այն որտեղով է անցնում: Այս խնդիրն, ի դեպ, նշվում էր ոչ միայն «Երեւանջուր» -ի, այլ նաեւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության մասին նույնպես:
«Երեւանջուր» ընկերության ներկայացուցիչը պնդում է, որ մայրաքաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցը կառուցվել է 50-ական թվականներին, ու բոլոր տվյալները գրանցելու վրա ուշադրություն չեն դարձրել այդ ժամանակ: Արդյունքում` մեկ փողոցով մինչեւ 4 ջրագիծ է անցնում: Այդպիսի ցանցը, ըստ նրա, չի կարող էֆեկտիվ աշխատել: Իրենք էլ ոչ թե նորն են կառուցում, այլ հազիվ հասցնում են 1600 կիլոմետրանոց ցանցը կարգավորել: Նրա հավաստմամբ` ընկերությունն արդեն քաղաքի ջրամատակարարման ցանցի մոտ 95 տոկոս քարտեզները, գծագրերը պարզել է եւ հույս ունի առաջիկա 1-2 տարում այն հասցնել 100 տոկոսի:
Իսկ այն վարկածը, թե քարտեզների տեղը չիմանալու խնդիրը կապված է նաեւ համակարգում կադրային փոփոխությունների եւ ոչ ճիշտ սերնդափոխության հետ, Մուրադ Սարգսյանը լեգենդների ոլորտից է համարում: «Չեմ ուզում ասել, որ այդպիսի բան եղած չի լինի, որ ինչ-որ մարդիկ չարանենգորեն ինչ-որ բաներ են արել, ինչ ունեցել են' իրենք իրենց ուղեղներում են պահել, որպեսզի իրենց գնահատեին, որպեսզի նրանք լինեին անփոխարինելի, դա մարդիկային գործոն է: Բայց մեզ մոտ սերնդափոխությունը բավականին սահուն է անցնում, եւ այս պահի դրությամբ այդ խնդիրն արդեն չկա. մենք ունենք երիտասարդ լավ մասնագետներ, ովքեր ամեն ինչը վերականգնել են»,- պարզաբանեց Մուրադ Սարգսյանը:
«Հայջրմուղկոյուղի» ընկերության ներկայացուցիչ Մինաս Բելլույանն էլ իր հերթին է հավաստիացնում, թե «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որը բացառապես պատկանում է ՀՀ-ին, սակայն դրա կառավարումը հանձնված է ֆրանսիական SAUR կորպորատիվ խմբի պայմանագրային կառավարմանը, որը կառավարման 9 տարիներին բարեխղճորեն կատարել է շուրջ 140 միլիոն դոլարի ներդրումներ, ինչի արդյունքում այդ ընթացքում ջրամատակարարման տեւողությունը հասել է մինչեւ 16 ժամի, ինչպես նաեւ ջրի որակի անհամապատասխանությունները 6 տոկոսից հաջողվել է իջեցնել ինչեւ 1,5 տոկոսի:
«Այն ջրագծերը, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ վերանորոգել, գիծն ամբողջությամբ փոխվում է: Մասնագետների հետ կապված խնդիրներ էլ չունենք: Քարտեզները կամ գծագրերը կան, ու եթե թղթի վրա էլ չկան, գոնե գիտենք, թե գծերը որտեղով են անցնում: Նշեմ, որ վերջին թունավորումների վայրերի ջրագծերում վթարներ չեն եղել, ջրանջատումներ չեն եղել, եւ դեռ կոնկրետ հստակ չենք կարող ասել, թե ինչից էր: Որովհետեւ այդ ժամանակահատվածում` օգոստոսի 26-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում վերցված բոլոր նմուշներում ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել»,- հավաստիացրեց Մինաս Բելլույանը:
Գուցե մեղավորը սպառո՞ղն է...
Պատկերն այնպիսին է, որ եթե «ջրի ճամփի» համար պատասխանատու են դառնում մեկից ավելի կազմակերպություններ, ապա թերացումների ու բացթողումների համար, բնականաբար, յուրաքանչյուրը փորձելու է մեղքը բարդել մյուսի վրա: Արդյունքում թունավորումների, պարտականությունների չկատարման եւ այլն խնդիրների համար մեղավորներ փնտրելը դեռ շարունակելու է մնալ անշնորհակալ գործ, քանի խմելու ջրի' աղբյուրից մինչեւ ծորակ մատակարարման համար կոնկրետ մեկ սուբյեկտ պատասխանատու չէ:
Գևորգ ԱՎՉՅԱՆ