կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-09 13:19
Մշակույթ

Սայաթ-Նովան աղբյուր է, որից ջուր ես խմում եւ այդպես էլ չես հագենում

Սայաթ-Նովան աղբյուր է, որից ջուր ես խմում եւ այդպես էլ չես հագենում

Դեկտեմբերի 12-ին տոնական համերգով կեզրափակվի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված` այս տարվա միջոցառումների ցանկը. լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:

 

Ըստ նրա` այդ օրը տեղի կունենա նաեւ աշուղ Նազելիի ձեռնադրման արարողությունը: «Վաղուց է, ինչ մենք աշուղի ձեռնադրում չենք ունեցել: Փաստորեն, Սայաթ-Նովային նվիրված միջոցառումների ցանկում տեղ գտավ եւս մեկ մշակութային ավանդույթի վերականգնում»,- ասաց Պողոսյանը:

 

Նրա խոսքերով` 2013-ը հագեցած էր Սայաթ-Նովային նվիրված միջոցառումներով, որոնցից ամենահիշարժանը Կրեմլում կայացած համերգն էր, որն ուղիղ եթերով հեռարձակվել է շուրջ 72 երկրում: «Տարվա ընթացքում ունեցանք համերգ-դասախոսություն Ռազմական ինստիտուտում, Հայաստանի 4 դպրոցներում, նշեցինք Վարդատոնը` Հայաստանում եւ Թբիլիսիում, հրատարակվեց «Սայաթ-Նովան աշուղների խաղերի մեջ» ժողովածուն, որը ներառում է 50 աշուղի 60 երգ»,- ներկայացրեց Պողոսյանը:

 

Նա հայտնեց, որ Սայաթ-Նովայի 300-ամյակը նշվելու է 2012-2022թթ., իսկ 2014-ին արդեն պատրաստվում են համերգներով հանդես գալ ՌԴ մեծ քաղաքներում:

 

Աշուղ Նազելին էլ նշեց, որ արդեն 15 տարի է, ինչ համագործակցում է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի հետ, իսկ մինչ այդ հոգեւոր երգեր է կատարել «Տոհմիկ» երգչախմբում եւ Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցում: «Պատահական չէր, որ իմ առաջին կատարումը հենց Սայաթ-Նովային էր նվիրված. Սայաթ-Նովան ինձ համար մի աղբյուր է, որից անվերջ ջուր եմ խմում, բայց այդպես էլ չեմ հագենում»,- ասաց նա: