Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարբեր մայրցամաքներից հնչող լավատեսական հայտարարությունները, այսպես կոչված, խաղաղության օրակարգում նկատվող դրական տեղաշարժի մասին, որևէ աղերս չունեն իրականության հետ։ Անցած տարի էլ, հիմա էլ այն համոզմունքին եմ, որ դեռ վաղ է խոսել «խաղաղության պայմանագրի» մասին․ արմատական մի շարք հարցերում մոտեցումները շատ տարբեր են, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն անընդհատ նոր հավակնություններ է ներկայացնում ՀՀ տարածքի մնացյալ հատվածի նկատմամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
«Խաղաղություն բոլորն են ուզում, բայց եթե հակառակորդդ անընդհատ ասում ու ցույց է տալիս, որ իր նպատակը քեզ ոչնչացնելն է, ինչպե՞ս կարող է խոսք լինել խաղաղության մասին։ Արտաքին ուժերն իրենց շահերն են առաջ տանում, ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ է լինելու հայության հետ․ այդպես եղել է ու այդպես էլ լինելու է։
Ադրբեջանի ագերսիվ գործողությունները զսպելու որևէ գործնական քայլ այսքան ժամանակ չեն արել այդ նույն երկրները ու դրանից օգտվում է Ադրբեջանը։ Արդեն չի թաքցնում նաև, որ ցանկանում է հիմնովին վերացնել հայկական պետությունը»,-ասում է պատգամավորը։
Իրականությունը չտեսնելու, երազներով ապրելու հայ հասարակության մի ստվար զանգվածի վերաբերմունքն ամենամտահոգիչն է համարում Բալայանը։
«Ասում են՝ լավ է լինելու, որպեսզի մարդկանց մեկ-երկու օր սնունդ տան, բայց երբ այդ փոշին սրբում ես, երևում է ահավոր իրականությունը։ Մարդիկ մինչև չսթափվեն, չհասկանան, որ իրականությանն ուղիղ պետք է նայել՝ որքան էլ այն դառը լինի, նոր դժբախտություններ ենք ունենալու։ Մարդիկ Սարյանում նստած սուրճ են խմում ու չեն տեսնում, թե ինչպես է ժամ առ ժամ ռազմաճակատը մոտենում իրենց տներին, ինչպես են անտարբերությամբ օր օրի ավելի մոտենում անդունդին»,-ասում է Բալայանն ու սթափության կոչ անում ինքնախաբեությամբ զբաղվող մեր հայրենակիցներին։
Պատգամավորը նկատում է՝ Արցախի ԱԺ-ն արդեն 30 հայտարարություն է տարածել՝ ահազանգելվ ստեղծված վիճակի վտանգավորության մասին։ Իրավիճակի ծանր լինելու գիտակցումը, նրա խոսքով, կա նաև արցախահայության ստվար մասի մոտ, բայց քանի դեռ ՀՀ-ում լիովին չեն հասկացել, որ կատարվողը Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործության իրագործումն է հողի վրա, լավ բան չի կարող լինել։
«Պատմությունը պատժում է նրանց, ովքեր դասեր չեն քաղում․ հիմա մենք պատասխան ենք տալիս անցյալից դասեր չքաղելու համար»,-եզրափակեց Վահրամ Բալայանը։
Աղբյուր` Փաստինֆո