կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-18 11:15
Առանց Կատեգորիա

Սահմանամերձ գյուղերում դեռ պատերազմ է. Ջորջ Տաբակյան

Սահմանամերձ գյուղերում դեռ պատերազմ է. Ջորջ Տաբակյան

Լիբանանում ծնված Ջորջ Տաբակյանը 2011 թվականից տեղափոխվել է Հայրենիք և իր օրինակին հետևել ցանկացող մեր հայրենակիցներին օգնում է հաստատվել այստեղ: Yerkir.am-ի զրուցակիցն է «Repat Armenia» հիմնադրամի և «Սահման» ՀԿ-ի հիմնադիրներից մեկը` Ջորջ Տաբակյանը:

 

- Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար հաճախ ծննդավայրն էլ Հայրենիքի չափ նվիրական ու հարազատ է: Պատահական չէ, որ նրանցից շատերն այն համարում են իրենց երկրորդ հայրենիքը: Իսկ Դուք հեշտությա՞մբ կայացրիք Լիբանանից Հայրենիք տեղափոխվելու որոշումը: 

- Ես, ինչպես նաև իմ սերնդակիցները Լիբանանում ստացել ենք ազգային դաստիարակություն, և մեզանում մանկուց է արմատացել Հայրենիքի վեհ գաղափարը, նրան ամեն կերպ օգնելու պատրաստակամությունը, Հայրենիք, որն, ի դեպ, մենք երբեք չէինք էլ տեսել: Իհարկե, մեծ է մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, սակայն կարծում եմ` նրանց վերջնական կողմնորոշմանն օգնելու համար պետք է ճիշտ և հստակ ինֆորմացիա տալ Հայաստանի մասին: Իսկ ես առաջին անգամ Հայաստան եկա 2004 թվականին, և միանգամից ցանկություն առաջացավ վերջնականապես հաստատվել այստեղ: Այդ ցանկությունը ես իրականացրի տարիներ անց:

 

- Կա տեսակետ, որ հաճախ մեծ ոգևորությամբ հայրենադարձվածները հանկարծ հիսասթափվում են, քանի որ իրենց պատկերացրած Հայաստանը չի համապատասխանում իրական Հայաստանին: Ձեր տպավորություններն ինչպիսի՞ն էին:

- Հայաստանի մասին մենք միշտ խոսում էինք «երկիր-դրախտավայր» բնորոշումով: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, տեսա, որ սա այն դրախտավայրը չէ, որի մասին մեզ պատմում էին, և որը գոյություն ուներ մեր պատկերացումների մեջ: Իհարկե, Հայաստանը դրախտավայր է` իր պատմությամբ, իր մշակույթով, արարիչ ժողովրդով, սակայն այստեղ ես տեսա շատ մեծ խնդիրներ: Այդուհանդերձ, հիասթափություն չի եղել, քանի որ այստեղ, ինչպես յուրաքանչյուր երկրում, կան խնդիրներ, կան նաև շատ դրական երևույթներ, լավ ու վատ մարդիկ, և յուրաքանչյուրս պետք է հենց այդպիսին էլ ընկալենք Հայաստանը:

 

-Խոսենք «Repat Armenia» հիմնադրամից: Ո՞րն է դրա հիմնական նպատակը:

-Այսօր բոլորս անհագստացած ենք արտագաղթողների մեծ թվով, սակայն լրատվամիջոցներով և, առհասարակ, շատ քիչ է խոսվում այն մասին, որ մենք ունենք Սփյուռքից Հայրենիք տեղափոխվողների մեծ թիվ նույնպես: Մեր հիմնադրամի հիմնական նպատակը Հայաստանում ապրել ցանկացող մեր հայրենակիցներին աջակցելն է ամենատարբեր հարցերում, որոնք կարող են անհանգստացնել նոր երկիր տեղափոխված մարդուն:

 

Դուք նաև «Սահման» ՀԿ-ի հիմնադիրներից մեկն եք: Կներկայացրեք, խնդրում եմ, կազմակերպության անցած ճանապարհը:

- Կազմակերպությունը ստեղծվել է 2011 թվականին: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ սահմանամերձ գյուղերում սոցիալ-տնտեսական վիճակը բավականին ծանր է, ինչպեսև` սահմանից շատ հեռու մի շարք այլ գյուղերում: Սակայն այստեղ մարդիկ զրկված են նաև իրենց ցանքատարածքները մշակելու հնարավորությունից, քանի որ դրանց մի մասը ականապատված է, մի մասն էլ թշնամին է կրակի տակ պահում: Մենք որոշեցինք այս գյուղերում, մասնավորապես` Բարեկամավանում և Բերքաբերում, հիմնել ջերմոցային տնտեսություններ, որոնց միջոցով գյուղացիները կապահովեն իրենց գյուղամթերքով, նաև կկարողանան, դրանք վաճառելով, ապրուստի միջոց վաստակել: Արդեն կառուցվել է 7 ջերմոց, նախատեսվում է կառուցել ևս 30-ը:

 

- Դուք հաճախ եք լինում սահմանամերձ շրջաններում: Ինչպե՞ս կբնութագրեք սահմանամերձ բնակավայրերում տիրող բարոյահոգեբանական վիճակը: Նյութական աջակցությունից զատ, ինչի՞ կարիք ունի այդտեղի բնակիչը:

- Թեեւ այստեղ պատերազմը շարունակվում է, մարդիկ սիրում են իրենց հողը և գիտեն դրա գինը: Բոլորովին վերջերս ես Ներքին Կարմիրաղբյուրում էի, և բոլորը խոսում էին, թե պատերազմի վերսկսման դեպքում իրենք ռազմական ինչ քայլեր են ձեռնարկելու: Երեխաներն անգամ ասում էին՝ այս բլուրները մերն են, հենց կռիվ սկսվեց վերադարձնելու ենք: Ցավոք, այս գյուղերը մեկուսացված են ամբողջ Հայաստանից, այստեղ աշխատում են ընդամենը երկու-երեք ՀԿ-ներ, և վերջ: Մարդիկ պարզապես շփման կարիք ունեն, և այդ շփումը նրանք ակնկալում են թե' պաշտոնատար անձանցից, թե' լրատվամիջոցների ներկայացուցիչներից և թե' ամբողջ հայ հասարակությունից: Շատ կարևոր է նաև, որ հայ զինվորը, ով պաշտպանում է մեր սահմանները, զգա, որ իր թիկունքում կանգնած է հաստատակամ և ուժեղ բնակչություն:

 

Հարցազրույցը` Նանե ՄԱՆԱՍՅԱՆԻ

 Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի հինգերորդ դասարանի պատուհանից երևում են թշնամու դիրքերը:

Առաջին կրակոցի հետ դասն ընդհատվում է, և աշակերտները լքում են դասարանը:

 

Լուսանկարի հեղինակ` Ջորջ Տաբակյան