կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-13 17:10
Տնտեսական

Սերժ Սարգսյանը գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել

Սերժ Սարգսյանը գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է գյուղատնտեսության նախարարություն: Նա շրջայց է կատարել նախարարությունում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում զրուցել աշխատակիցների հետ իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների շուրջ, լսել նաև դրանց լուծման ուղիների և ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ աշխատողների մասնագիտական տեսակետներն ու պատկերացումները:

 

Հանրապետության նախագահն այնուհետև նախարարության խորհրդակցությունների սրահում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը և «Հայկական միրգ» ԲԲԸ-ի տնօրեն Ալվինա Ավագյանը զեկուցել են առանձին ուղղություններով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքի մասին, ներկայացրել ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև զարգացման հեռանկարները:

 

Նախագահը ներկայացված աշխատանքների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, նախարարության առանձնացված ստորաբաժանումների և վարչությունների ղեկավարներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում դեռևս չօգտագործված ներուժ, զարգացման բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան, ուստի նախարարությունը հսկայածավալ աշխատանք ունի իրականացնելու: Քննարկվել են նաև բերքահավաքի այս ժամանակաշրջանում մթերումների կազմակերպման աշխատանքների, ներկայիս դրությամբ մթերման ցուցանիշների, վերամշակող ընկերությունների հետ համագործակցության, գյուղմթերքի արտահանման հետ կապված և մի շարք այլ հարցեր:

 

Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն գյուղատնտեսության ոլորտին, այլ նաև մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալական ու տնտեսական խնդիրներին:

 

Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության այգեգործության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Կարինե Եսայանին, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության գյուղատնտեսության ծրագրավորման բաժնի պետ Հերիքնազ Լեմբերյանին, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանին, անձնակազմի կառավարման բաժնի պետ Դոնարա Սիմոնյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով: