Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը դրական է գնահատում Մաքսային միությանն անդամակցելու` Սերժ Սարգսյանի մտադրությունը: Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց, որ ՀՀ տնտեսության համար այս պահին միակ տարբերակը Մաքսային միություն մտնելն է: «Մենք մոտ 170 մլն բնակչությամբ շուկա կստանանք նույն մաքսային եւ հարկային ռեժիմով, որը Հայաստանից արտահանվող ապրանքների համար ամենառեալ եւ հասկանալի շուկան է: Կարծում եմ, որ մի քանի տարվա ընթացքում տարբերությունը շոշափելի կլինի: Իհարկե, շատ կուզեինք, որ Եվրոպայում վաճառեինք հայկական ապրանքը, բայց մեր ընկերությունները այսօր այդ մրցունակությունը չունեն եւ մոտ ապագայում չեն էլ ունենալու: Եվրոպական շուկաները ավելի զարգացած են եւ ավելի կազմակերպված»,- նշեց պատգամավորը:
Մաքսային միությանն անդամակցելու մեջ որեւէ բացասական բան Արման Սահակյանը չի տեսնում: Դիտարկմանը, թե մեր ինքնիշխանությո՞ւնն էլ չի վնասվում, նա պատասխանեց. «Եվրոպայում բոլոր երկրները ԵՄ-ի մեջ են, եւ չեմ կարծում, որ դրանից ինչ-որ մեկի ինքնիշխանությունը ավելացել է կամ պակասել: Տարբերություն չկա, թե որ մաքսային միությանն ես անդամակցում, չեմ կարծում, որ դրանից ինքնիշխանության խնդիր է առաջանում»:
Արման Սահակյանից հետաքրքրվեցին, թե մի՞շտ է եղել Մաքսային միության կողմնակից: Պարզվում է` այո: ՀՀԿ-ական պատգամավորը, որ Սերժ Սարգսյանի մերձակա շրջանակի մտերիմ ընկերներից է, չհամաձայնեց մեր թղթակից այն դիտարկմանը, որ նրանք, ինքը եւ իրենց շրջապատը հայտնի են իրենց եվրոպական նկրտումներով: «Գիտեք այնպիսի բան ասացիք...Ես ասում եմ, որ ես միշտ կողմնակից եմ եղել Մաքսային միությանը: Ռոմանտիզմը` ռոմանտիզ, բայց… Իհարկե, եվրոպական արժեքները կամ պետական կառավարման ինստիտուտները խիստ ավելի լավն են, բայց եթե խոսում ենք ռեալ տնտեսության մասին, ճիշտ է Մաքսային միություն մտնելը»,- ասաց պատգամավորը:
Խոսելով Ասոցացման համաձայնագրի մասին` պատգամավորը նշեց, որ այդ համաձայնագիրը ստորագրել են Եգիպտոսը եւ Մեքսիկան: «Մեքսիկան այն ստորագրելուց հետո Եվրոպա չի դառնում: Եթե կարծում եք, որ Հայաստանը հենց ստորագրեց դառնում է ԵՄ-ի մաս, տենց չի»,- ասաց պատգամավորը: Իսկ թե ինչու էր Հայաստանը այդ ուղղությամբ բանակցություններ վարում տարիներ շարունակ, պատգամավորը չկարողացավ պատասխանել: