Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 15:25
Առանց Կատեգորիա

Արեւմուտքը իշխանափոխության մեկնարկն է տալիս

Արեւմուտքը իշխանափոխության մեկնարկն է տալիս

Շտեֆան Ֆյուլեի խոսնակը հայտարարել է, որ Եվրամիությունը չի պատրաստվում ստորագրել Հայաստանի հետ ասոցացման պայմանագիրը` ո'չ Խոր եւ համապափակ առեւտրի մասով, ո'չ էլ` քաղաքական: Եվրոպան Հայաստանին իշխանափոխության ազդակներ է ուղարկում` հասկացնելով, որ կա'մ Սերժ Սարգսյանը պիտի հեռանա, կա'մ Հայաստանի «մահմեդականացումն»  իր գործը չէ: Հայտնի է, որ Մաքսային միության անդամ են հետխորհրդային այնպիսի երկրները, որտեղ իշխանության փոփոխությունը բացառված է: Բելառուսում Լուկաշենկոն է նախագահ արդեն 19 տարի, Ղազախստանում Նազարբաեւն է 1990 թվականի ապրիլի 24-ից, իսկ Ռուսաստանում իշխանության փաստացի անփոփոխ ղեկավարն է Վլադիմիր Պուտինը 1999-ի դեկտեմբերի 30-ից: Նշանակում է` առաջիկայում Հայաստանում անխուսափելի են քաղաքական ռեպրեսիաները: Արդեն իսկ առանց պատասխանատվության «Հիտլերյուգենդի» որոշ ներկայացուցիչներ սկսել են ծեծել քաղաքացիական ակտիվիստներին:

 

Հայաստանն, արդեն հայտնի է, բոլոր առումներով գնում է այս երկրների հետքերով: Մաքսային միությունը քաղաքական եւ կառավարման համակարգի բռնապետական կողմնորոշում է, դրա լրիվ հակառակն է ենթադրում Ասոցացման համաձայնագիը: Փաստորեն, Հայաստանը,  ի դեմս Սերժ Սարգսյանի, 4 տարի  մատների վրա ֆռռացրեց եվրոպացիներին, որպեսզի համաձայնագրի ստորագրման շեմին, առանց փակագծեր բացելու, ասի, որ դեռ Եվրասիական միությանն էլ ենք անդամագրվելու:

 

ԱՄՆ դեսպանը հստակ ասում է, որ Մաքսային միությանը միանալը սուվերեն Հայաստանի ժողովրդի ընտրած իշխանությունների գործն է: Նա ակնարկում է, որ նախ` այդ պահից սուվերենության մասին Հայաստանը թող մոռանա, երկրորդ` հաջորդ իշխանությունները չեն ունենա նախկինների լեգիտիմությունը Մաքսային միության շրջանակներում: Դեսպանն, իհարկե, գիտի, Սերժ Սարգսյանի լեգիտիմության չափը, գիտի, որ Ռուսաստանն է Եվրոպայի թողտվությամբ նրան նախագահ կարգել, սակայն Արեւմուտքը Հայաստանի ժողովրդին հասկացնում է, որ այսուհետեւ ինքը քաղաքացիական կամ քաղաքական կառավարման գործոն չէ:

 

Փաստ է, որ Արեւմուտքն ամեն ինչ ներեց անկախ Հայաստանի երրորդ իշխանություններին միայն մի բանի համար` որպեսզի նրան պոկի Ռուսաստանի ազդեցությունից: Որպեսզի այս երկրից մարդկային դեմք ստանա: Եվ ոչ մի կասկած, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր «պոկվել»` չդադարելով խնդմնդալ Արեւմուտքի վրա: Արեւմուտքը տեսնում է, որ այս փոքիկ հողակտորում իշխանություն ունենալը բացառում է որեւէ սրբությունը: Արեւմուտքն ընդունում է, որ պարտվել է մի մենթալիտետի, որը Հայաստանի անկախությունից հետո այդպես էլ չլքեց թատերաբեմը: Եվ թող մոռանա աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի մարդկային դեմքի մասին:

 

Չնայած դրան` ի՞նչը նկատի ունեն եվրոպական այն գործիչները, որոնք ասում են, թե դեռ պետք է լսեն Հայաստանի իշխանությունների բացատրությունները` հասկանալու համար, թե որքանո՞վ է հնարավոր Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Ենթադրվում է, որ Եվրոպան որոշ հակափաստարկներ ունի Սերժ Սարգսյանի համար: Եվ չի բացառվում, որ դրանցից մեկը Հայաստանի քաղաքացիներին, առանց իշխանությունների հետ հաշվի նստելու, մուտքի հեշտացված վիզա տրամադրելն է եւ Սերժ Սարգսյանին դատարկ Հայաստանի հետ դեմ առ դեմ թողնելը: Մյուսը կարող է լինել ամենափոքրիկ քաղաքական ընդվզմանը ցուցաբերվող խոշոր աջակցությունը՝ ֆինանսական, թե` գործակալական, երրորդը` Խոջալուն որպես ցեղասպանությունը ճանաչելու շանտաժը, չորրորդը` կոմպրոմատները իշխանության վերին օղակների հանդեպ, հինգերորդը` Ղարաբաղի հարցում հակահայկական դիրքորոշումների աննախադեպ կոշտությունը, վեցերորդը` Հայոց ցեղասպանությունն ընդհանրապես կարող է վերանալ Թուրքիայի դեմ եվրոպական շանտաժի օրակարգից, յոթերորդը` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքի վիզաների դադարեցումը քաղաքական հայտարարություններով: Այսինքն` սոուսով:

 

Կասկած անգամ չկա, որ սրանցից ոչ մեկը, կոմպրոմատներից բացի, առանձնապես հետաքրքիր չեն Սերժ Սարգսյանին: Վերջինս պատասխան սոուսն ունի հատուկ հայ ժողովրդի համար` Մաքսային միությանն անդամագրվելով ինքը Հայաստանն ապահովագչել է Ադրբեջանի ոտնձգություններից ու Թուրքիայի սպառնալիքներից: Իսկ ժողովրդավարության եւ որակյալ տնտեսության մասին թող հայ ժողովուրդը մոռանա:

 

Սեյրան Հանոյան