Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 13:23
Հասարակություն

Ավտոշուկայում խաբո՞ւմ են

Ավտոշուկայում խաբո՞ւմ են

Yerkir.am-ին ահազանգած երեք վարորդ պնդում են, որ Նուբարաշենի խճուղում գտնվող ավտոշուկայի հսկիչները սկսել են խարդախությունների դիմել:

 

Նրանցից մեկը պատմեց հետեւյալը. «Ավտոշուկայի վերեւի` հիմնական մասն արժե 1000 դրամ: Վճարում ես մեքենան դուրս հանելիս: Անցած կիրակի (երեկ) առավոտ-գիշերով գնալիս մուտքի աշխատողը 1000 դրամ ուզեց: Տվեցի, մտածեցի` արդեն նախապես ես վճարում: Հետդարձին մեկ այլ աշխատող, որ կարգավորում էր մեքենաների երթեւեկությունը դուրս գալիս, եւս 1000 դրամ ուզեց: Հարցնում եմ` ինչո՞ւ, եթե ավտոշուկայում կայանելը օրվա համար արժե 1000 դրամ, իսկ ես արդեն վճարել եմ: Պատասխանում են. «Դու 1000 դրամ վճարում ես մինչեւ ժամը 6-ը գալու դեպքում, իսկ ամբողջ օրվա համար` 1000 դրամ է»: Ասում եմ` էս ի՞նչ նոր բաներ են, սենց բաներ չկար: Ասում է` կար, չես հիշում: Լավ, հո առաջին անգամը չե՞մ գալիս: Ասում եմ` ես եկել եմ 5:30, ասեք, տեսնեմ, թե այդ 1000 դրամը ինչի՞ եմ վճարում: Պատասխանում է` ահա, տենո՞ւմ ես, 6-ից առաջ ես եկել: Վարորդներից մեկն ասաց, թե` մինչեւ 6-ը մեքենադ հսկելու համար են ուզում: Բայց այնտեղ որեւէ հսկիչ չկար, բացի այդ` ես 5:30 եկել եմ, շուկան 6-ին ա բացվում, իմ մեքենայի մեջ պառկել եմ, ի՞նչն են հսկում: Պատահում է, որ մեքենան ավելի շուտ են տանում, ասենք` ուրբաթ օրը, դա առանձին գին է, հասկացանք: Բայց այս դեպքում ինչո՞ւ են խաբում: Առանց այն էլ մեքենաները գնալով շատանում են, փողը գյոլ է տալիս»:

 

Փորձեցինք կապ հաստատել ավտոշուկայի տնօրինության հետ, բայց պարզվում է, որեւէ տեղ նրանք չունեն գրանցման համար: Գուցե լուրին արձագանքեն, եւ այդպես կարողանանք պարզել` ի վերջո, ո՞րն է իրականությունը` վարորդը պետք է վճարի երկու անգա՞մ, թե՞ դրանք դիսպետչերների կամայականություններն են: