Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրության 14.1. Հոդվածը սահմանում է` «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ»: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախագահ Սերժ Սարգսյանն էլ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ, պապիս գյուղի հարեւան Շմավոն պապին էլ, շուկայում պոմիդոր ծախող Բազարի Անոն էլ եւ մնացած բոլոր ՀՀ քաղաքացիները օրենքից հավասար հեռավորության վրա են «տեղաբաշխված»:
Օրենքի առջեւ բոլորի պես հավասար իրավունքներ էլ ունեն Երեւանի քաղաքապետարանի առջեւ բողոքի ակցիա անցկացնող երիտասարդները: իսկ նրանց կողքի ծառայություն իրականացնող ոստիկաններն էլ սահմանադրությամբ ու օրենքներով, պարտավոր են ոչ միայն հարգել այդ երիտասարդների իրավունքները, այլեւ ապահովել այդ երիտասարդների արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները, քանի որ նույն Սահմանադրության 3-րդ հոդվածն էլ սահմանում է, որ` «Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Ինչպես նշում է Lragir.am-ը, օգոստոսի 10-ին, գիշերը ժամը 1։30-ի սահմաններում 2 անձիք 34UD476 համարանիշով Օպել մակնիշի ավտոմեքենայով այցելում են քաղաքապետարան, վիրավորում եւ հարվածում նստացույցի մասնակից քաղաքացիներից մեկին, իսկ նստացույցին մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկաները չեն միջամտում, ուղղակի թույլ են տալիս, որ այդ անձիք հանգիստ մտնեն քաղաքապետարան: Նրանցից մեկը քաղաքապետարանի օպերատորներից մեկն է եղել, որը միշտ նկարահանումներ է կատարում քաղաքապետարանի շրջակայքում, հատկապես գիշերային ժամերին, իսկ մյուսը, որը հարվածել էր ակտիվիստին, ինչպես պարզվել է ավելի ուշ, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանն է եղել:
Ակտիվիստները նկարահանել են միջադեպը, որտեղ ամեն ինչ պարզ երեւում է: Ու ամենահետաքրքիրը հենց ոստիկանների վարքագիծն է: Ոստիկանական խմբի, ըստ երեւույթին ավագը, կոչումով` փոխգնդապետ, ակցիայի մասնակիցների հարցին, թե ինչու չի միջամտում, երբ քաղաքացուն հարվածում ու հայհոյում են իր ներկայությամբ, ասում է, թե իր ներկայությամբ չի եղել միջադեպը` ինքը չի տեսել:
Հեշտ պատասխան է` «ես չեմ տեսել», որով ոստիկանները, փաստորեն փորձում են արդարացնել իրենց անգործությունը: Սակայն, հավանաբար չեն գիտակցում, որ նման կերպ խոստովանում են այլ «մեղք». Եթե ոստիկանության աշխատակիցը մի ինչ-որ վայրում ծառայություն է իրականացնում` հասարակական կարգ է պահպանում, ապա պարտավոր է աչալուրջ լինել: Կարճ ասած` իրեն հրամայել են այդտեղ հերթապահել, որպեսզի ինքը հսկի ու «տեսնի», թե ինչ է կատարվում իր ծառայության վայրում, եւ թույլ չտա իրավախախտում:
Իսկ եթե հրմշտողին «հանգստացնող» ու «կռիվ բաժանող» ոստիկանը արդարանում է, թե «չի տեսնում», երբ քաղաքացուն հարվածում են կամ հայհոյում, կամ ասում է` «գնա բաժին դիմում գրի՛ր», նշանակում է` չի կարողանում կատարել իր առջեւ դրված առաջադրանքը: Որովհետեւ ենթադրենք, թե մարդուն ուզում են սպանել փողոցում` հենց ոստիկանի կողքին. ի՞նչ է, պետք է նա ասի` «ես չեմ տեսել, գնա բաժին դիմո՞ւմ գրիր»…
Այստեղ արդեն պետք է մտածել` արժե՞ հարկատուներիս հաշվին աշխատավարձ վճարել մի մարդու` մի ծառայության համար, որը նա չի կարողանում մատուցել: Թե՞ բոլորն օրենքի առջեւ հավասար են, բայց, ինչպես կասեր Ջորջ Օրվելը, «որոշներն ավելի հավասար են»:
Գեւորգ Ավչյան
Ներկայացնում ենք azatagrumtv -ի յութուբյան տեսանյութը.