կարևոր
2320 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-26 15:41
Քաղաքական

Նիկոլենց քարոզչական թակարդները և մեր անելիքը․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլենց քարոզչական թակարդները և մեր անելիքը․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին դնելու շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մի քանի քարոզչական թեզ են մտցրել տեղեկատվական դաշտ։ Դրանք կեղծ թեզեր են, բայց եթե դեմը չառնես, կարող են աշխատել։

Շարքային քաղաքացիներն աղետից հետո միայն կարող են ֆիքսել, թե ինչն ինչոց է։ Չի բացառվում, որ նույնիսկ աղետից հետո ոմանք չհասկանան, թե ինչու դա տեղի ունեցավ, ինչպես որ չեն հասկանում, որ 44–օրյա պատերազմի ու պարտության թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Պարզ է, որ մեր խնդիրների լուծումը քաղաքական պայքարի դաշտում է, բայց ոչ պակաս կարևոր է նաև տեղեկատվական պատերազմում հաղթելը։

Եվ այսպես, որո՞նք են նիկոլենց քարոզչական թեզերը՝

1. Ուրիշ ճար չկա, պետք է հանձնել Արցախը, որպեսզի կարողանանք փրկել Հայաստանն ու խաղաղ ապրել։ Պետք է զիջել մասը, որ պահել ամբողջը։

2. Ռուսաստանն ուզում է Հայաստանը դարձնել իր մարզ, միջանցք է պահանջում, Ադրբեջանի ձեռքերով մեզ վնասում է, և այդ իսկ պատճառով ենք մենք նրանց դեմ դուրս եկել, քանզի պաշտպանում ենք ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։

3. Արևմուտքը մեզ կօգնի․ տեսեք, թե ինչ հասցեական են քննադատում Ադրբեջանին։

4․ Թուրքիան ընդամենը մեր հակառակորդն է, իսկ թշնամին Ռուսաստանն է։

Այս քարոզչակոդերը մեծագույն բլեֆներ են և ունեն հակապետական բնույթ։ Ընդդիմադիր դաշտից այս բլեֆներին արձագանքելիս շատ հաճախ սխալ հակակոդեր են ընտրվում։

Օրինակ՝ որպես ճշմարտություն է ընդունվում այն, որ Արցախը հանձնելով՝ կարելի է Հայաստանը պահել ու քննադատվում է այդ մոտեցումը, թե բա՝ ինչպե՞ս կարելի է հանձնել Արցախը։

Այո՛, Արցախը չի՛ կարելի հանձնել, բայց ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ այն պատմականորեն հայկական է ու ՀՀ անկախության հռչակագրին հակասում է հանձնելը, այլ նախևառաջ այն պատճառով, որ դրան անմիջապես հետևելու է մեծ պատերազմը, Հայաստանի՛ հանձնումը։ Սա՛ պետք է տեղ հասցնել, թե չէ ոմանք կարող են բարձրաձայն կամ լուռ համաձայնել, որ կարելի է Արցախը հանձնելու գնով Հայաստանը պահել։ Նիկոլենք հենց այդ զանգվածի վրա են աշխատում, իսկ այդ զանգվածը, ցավոք, քիչ չէ։

Նիկոլական բլեֆին հակադարձելու բանաձևը պետք է լինի հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը, համաձայնելով Արցախը հանձնել Ադրբեջանին, ոչ թե խաղաղություն է բերելու Հայաստանին, այլ բերելու է նոր պատերազմ ու ՀՀ պետականության կորուստ։

Որպես ապացույց կարելի է դեմ տալ Բաքվի ու Անկարայի հակահայկական պահանջները, նախապայմանները, Ադրբեջանի ներխուժումը ՀՀ տարածք, Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը, նույն Նիկոլի խոսքերն այն մասին, որ Ալիևը Երևանն է պահանջում։

Եթե քննադատենք, որ Հայաստանում խաղաղության գինը շատ թանկ է, քանզի Արցախն ենք կորցնում, ապա դրանով Նիկոլին, թուրքերին, ադրբեջանցիներին օգուտ ենք տալու։ Քանզի Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Ստեփանավանում ու մյուս բոլոր տեղերում կարող են լինել մարդիկ (ըստ իս՝ նրանք քիչ չեն), ովքեր անգամ Սյունիքի գնով կողմ կլինեն խաղաղությանը։ Նրանք ոչ թե անհայրենիք դավաճաններ են, այլ վախեցած ու անտեղյակ մարդիկ։ Այդ մարդկանց պետք է բացատրել, որ Արցախը տալով՝ տալիս ես անձամբ քո տունը և վաղը Աղավնոյի բնակչի պես կագնելու ես «այրե՞լ, թե՞ չայրել սեփական տունդ» դիլեմայի առաջ։

Կամ երբ քննադատվում է հայ–թուրքական հարաբերություններն այն ռակուրսով, որ հենց սահմանը բացվի, թուրքերը կգան, փողով ամեն ինչ կառնեն։ Դա ևս սխալ է։ Լիքը մարդ մտքում կամ բարձրաձայն դեմ չէ, որ թուրքերը գան մեր երկիր իրենց փողերով։

Հայաստանի աջարիզացիան կամ Երևանի բաթումիզացիան քննադատելը ձեռնտու է Նիկոլին։

Իրականությունն այն է, որ Թուրքիան չի պատրաստվում Հայաստանը փողով գնել, այստեղ ներդրումներ անել այնպես, ինչպես Վրաստանում։ Թուրքիան ու Ադրբեջանը խնդիր են դրել Հայաստանը ոչնչացնել ու այդ ծրագիրը սպասարկում է Նիկոլ Փաշինյանը՝ հակառուսական և սեփական կաշին փրկելու քաղաքականության շրջանակներում։

Ասածս այն է, որ թուրքական կապիտալի մուտք չի սպասվում։ Սպասվում է թուրքական զենքի մուտք դեպի Երևան։ Սա՛ պետք է տեղ հասցնել, այլ ոչ թե Նիկոլին մեղադրել, որ ուզում է թուրքական փող բերել Հայաստան։ Թուրքիան այստեղ փող չի՛ բերելու, Նիկոլը դա լավ գիտի, բայց բանավեճն ուզում է տեղափոխել իրեն ձեռնտու դաշտ։ Մի՛ մտեք բլեֆի դաշտ։

Հաջորդը։ Սուտ է այն, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանը մտցնել իր տարածք։ Սուտ է նաև միջանցքի թեման։ ՌԴ–ն 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնության դրույթներին է տեր։ Դրույթներ, որոնք ստորագրել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ դրույթներում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը չկա։ Մնացածը մանիպուլյացիա է։

ՌԴ–ն չի ուզում ու նաև չի կարող Հայաստանը մտցնել իր կազմ։ Բայց ՌԴ–ն նաև չի ուզում ու չի կարող հանդուրժել իր դիրքերի թուլացում Հարավային Կովկասում, որտեղ միակ բնական դաշնակիցը ՀՀ–ն է։ Այդ առումով ՌԴ–ն ու Իրանն ամենաշահագրռվածն են ՀՀ ինքնիշխանության պահպանության հարցում, թեև նիկոլենց կողմից ներկայացվում են որպես դրա թշնամիներ։ Հենց այստեղ է բլեֆը։

Ռուսաստանն Արցախում ունի զորքեր, Հայաստանում ունի զորքեր։ Դրանք են մեր երկրի անվտանգության ապահովման երաշխիքներից մեկը․ Արցախում՝ միակը, Հայաստանում՝ գլխավորը։

Նիկոլը թշնամի է հռչակել Ռուսաստանին՝ չապահովելով այլընտրանքային երաշխիքներ։ Դա նշանակում է, որ Հայաստանին մեծ ցնցումներ ու ոչնչացում է սպասվում։ Ասել է թե՝ Նիկոլը ոչ թե մեր ինքնիշխանությունն է պաշտպանում՝ Ռուսաստանին պատերազմ հայտարարելով, այլ ՀՀ–ի ինքնիշխանությունն է վերացնում՝ Հայաստանն Արևմուտք–Ռուսաստան բախման արանք մտցնելով։

Ինչ վերաբերում է «Արևմուտքը մեզ կօգնի» կոդին, ապա նման խոստում որևէ մեկը չի տվել ու չի էլ ուզում տալ։

Այո՛, ԱՄՆ, Ֆրանսիան հայտարարել են, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք։ Եվ ի՞նչ։ Ադրբեջանը դու՞րս է եկել մեր տարածքից։ Ո՛չ։ Արևմուտքը սպառնացե՞լ է Ադրբեջանին։ Ո՛չ։ Արևմուտքը սանկցիանե՞ր է կիրառել Ադրբեջանի դեմ այնպես, ինչպես Ռուսաստանի դեմ է կիրառում Ուկրաինայի համար։ Ո՛չ։

Ճիշտ հակառակը՝ Արևմուտքը պնդում է, որ սանկցիաներ չի կիրառի Ադրբեջանի դեմ, պնդում է, որ Արցախն Ադրբեջանինն է ու լռում է Հայաստանի ապագայի վերաբերյալ, քանզի գիտի, որ այդ ապագան, մեղմ ասած, մշուշոտ է։

Արևմուտքը մեր թշնամին չէ, բայց Ռուսաստանին է թշնամի, որը մեր տարածքում զորք ունի։ Արևմուտքն ուզում է այդ զորքերին հեռացնել, Ռուսաստանին թուլացնել, ինչն ավտոմատ ենթադրում է թուրքական գործոնի ուժեղացում։ Իսկ թե ինչ կլինի այդ ամենի արանքում Հայաստանի հետ, որևէ մեկին չի հետաքրքրում։ Հայաստաի վերացման դեպքում Արևմուտքը կլացի, կգոռա, նույնիսկ կարող է վիրտուալ տարածքում քացիներ տալ, բայց դա հին վուդրովիլսոնյան ավանդույթ է․ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Գազի ու նավթի բիզնես։

Մի խոսքով, քարոզչական ու բացատրական առումով հսկայական աշխատանք կա։ Պետք է աշխատել քաղաքներում, գյուղերում, տուն առ տուն։ Դե իսկ քաղաքական քայլերը պետք է իրականացվեն սրան զուգահեռ։

 

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր