կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-13 12:50
Քաղաքական

Հայաստանի եւ Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Հայաստանի եւ Մոլդովայի  ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Քիշնեւում հուլիսի 12-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանի հանդիպումը. հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 11-ին Քիշնեւում Մոլդովայի նախագահի եւ վարչապետի հետ ՀՀ նախագահի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու հայ-մոլդովական համագործակցությանը:

 

Նախարարները անդրադարձել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման, հումանիտար եւ մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերին:

 

Նախարարներ Նալբանդյանը եւ Գերմանը այցելել են նաեւ Քիշնեւի հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում են ունեցել Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։

 

Նախարար Գերմանը, իր հերթին, բարձր է գնահատել արդեն մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող մոլդովահայ համայնքի դերը երկրի  կյանքում: Հայ համայնքի ներկայացուցիչները նախարարներին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները եւ մտքեր փոխանակեցին դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

 

Նախարար Նալբանդյանը իր մոլդովացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։