Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Սյունիքի ժողովուրդն անհրաժեշտ հետևություններ չանի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի՝ մարզպետարանի աշխատակազմի, համայնքի ղեկավարների եւ տարբեր կառույցների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթից, կարճ ժամանակ անց վկան է դառնալու մարզում Սուրիկ Խաչատրյանի նորանոր հերոսությունների:
Մինչ երիտասարդ մարզպետի հանճարեղ մտքերին անդրադառնալը, ընթերցողի ուշադրությունը հրավիրենք մի հանգամանքի վրա: Սուրիկ Խաչատրյանն, իր դիմումի համաձայն, կառավարության որոշումով ազատվել է աշխատանքից: Այսինքն` կառավարության այդ որոշման մեջ ոչ մի ակնարկ անգամ չկա, որ այն կայացվել է Գորիս քաղաքում՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան հարևանությամբ տեղի ունեցած կրակոցների և դրանց արդյունքում կատարված սպանության մասին: Այսինքն` ցանկացած պահի կարելի է պնդել, որ Սուրիկ Խաչատրյանը հոգնածության, այլ աշխատանքի անցնելու և կամ առողջական խնդիրների պատճառով է դիմում գրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից: Օրերս լրատվություն հայտնվեց այն մասին, թե Սուրիկ Խաչատրյանն է իր խորհուրդներով օգնել Սերժ Սարգսյանին, որ հենց Վահե Հակոբյանին նշանակեն Սյունիքի նոր մարզպետ: Սրա ճիշտն ու սխալը երևի կարող է միայն ՀՀ նախագահը ասել, բայց ՀՀ նախագահը լռում է և լռում է այնպես, ինչպես լռեց՝ իմանալով Գորիսի դեպքի՝ Բուդաղյան եղբայրներից մեկի սպանության, իսկ մյուսի վիրավորվելու մասին: Նախագահի կողքին Սուրիկ Խաչատրյան խորհրդականի ներկայությունը ևս մեկ փաստ է` մտածելու համար, որ Սուրիկ Խաչատրյանն ամենևին էլ վերոնշյալ դեպքի կապակցությամբ չէ, որ աշխատանքից ազատման դիմում է գրել: Եվ էլի մեկ բան՝ մարզի բնակչությանը նոր մարզպետը ներկայանում է ոչ թե նախագահի կամ վարչապետի ուղեկցությամբ, ինչը տրամաբանական կլիներ գոնե այս աղմկոտ իրադարձություններից հետո, այլ դարձյալ` Սուրիկ Խաչատրյանի, ինչը վերջնականապես հիասթափեցնող է, եթե չասենք կատարյալ անզգամ վերաբերմունք մարզի բնակչության նկատմամբ: Դա ուղղակի խոսում է այն մասին, որ նորանշանակ մարզպետը պարզապես դրածո է, խամաճիկ, իսկ իրականում Սյունիքը շարունակելու է ղեկավարել Լիսկան: Նման բան կարող էր լինել միայն մեկ դեպքում՝ եթե Լիսկան նաղդ փողով գնած լիներ ողջ մարզը: Կմտածեինք՝ իշխանություններն անում են առավելագույնը՝ նրան որոշ ժամանակ ստվերում պահելու համար` մինչև «անցնի վտանգը»: Ինչքան չլինի` մարդը նաղդ փողով գնել է մարզը, իսկ անձնական սեփականությունը, ինչպես գիտեք, մեր երկրում անձեռնմխելի է:
Այս ամենն իբր քիչ էր, մի հատ էլ նորանշանակ մարզպետն է ելույթ ունենում մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի առաջ ու մարզը շենացնելու իր պիոներակոմերիտական կոչերով ուղղակի փաստում, որ ինքն, այո, այստեղ նշանակվել է զուտ մթնոլորտ կարգավորելու և Լիսկայի ու ժողովրդի միջև միջնորդ լինելու համար: Ավելին ասենք՝ նա շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը` չմոռանալով Լիսկային` իրեն վստահելու համար, որից էլ ինքն այսքան ոգևորված է: Նորելուկ մարզպետը, պատկերացրեք, բարձր է գնահատել մարզում Սուրիկ Խաչատրյանի, բռնվեք, որ չընկնեք, որակյալ աշխատանքը: Իսկ ո՞ւր է նորանշանակ մարզպետի գնահատականը տեղի ունեցած դեպքերին և բոլոր այն արտառոց երևույթներին, որոնք տեղ են գտել Սուրիկ Խաչատրյան որակյալ մարզպետի իշխանության երկարուձիգ տարիներին: Եթե չկա այդ գնահատականը, նշանակում է կոմերիտականի տարիքում գտնվող նորանշանակ մարզպետը շարունակելու է Լիսկայի թողած ավանդույթները, նշանակում է, որ նրա մտքի ծայրով իսկ չի անցնում, թե փոխարինելու է եկել մեկին, ում հեռացրել են աշխատանքից «մարզպետ» հասկացությանը չհամապատասխանելու համար: Ինչպես ասում են՝ մեղքն իր վիզը: Վահե Հակոբյանը մտնում է մի աղաղակող պատմության մեջ, որը դժվարանում ենք ասել, կկարողանա՞ մարսել երկրի բարձր իշխանությունը, թե՞ ոչ: Գիտակցո՞ւմ է, արդյոք, այս կոմսոմոլ երիտասարդը, որ այդ պատմության մեջ է ընկնում ամենահասարակ վինտիկի կարգավիճակում, վինտիկ, որը շարունակելու է պտտել Լիսկան՝ ՀՀԿ-ական մեծավորների հրահանգներով:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ