կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 16:14
Առանց Կատեգորիա

Հայաստանը դարձյալ առաջինն է` վերջինների մեջ

Հայաստանը դարձյալ առաջինն է` վերջինների մեջ

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի` նոր հրապարակած հետազոտության տվյալների` նախկին ԽՍՀՄ 6 երկրներից` Հայաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Տաջիկստանից ու Ղազախստանից, ստվերային տնտեսության ամենաբարձր` 35 տոկոսանոց մակարդակն ունի Հայաստանը:

 

Նշված երկրներից Ղազախստանում ստվերային տնտեսությունը կազմել է ՀՆԱ-ի 33 տոկոսը, Տաջիկստանում` 32.8 տոկոսը, Ադրբեջանում` 31.5, Վրաստանում` 30.1, Ղրղզստանում` 26.3 տոկոսը: Ճիշտ է,` այս հետազոտությունը վերաբերում է 2008 թվականի տնտեսական ցուցանիշներին, սակայն այն այս տարի է հրապարակվել: Եվ որքան էլ անտրամաբանական ու անհասկանալի թվա հինգ տարվա վաղեմության ցուցանիշներով կատարված հետազոտության հրապարակումը, միեւնույն է` չենք ուզում հավատալ, թե ԱՄՀ-ն հենց այնպես է այդ հետազոտությունը նոր հրապարակում:

 

Եվ մի քանի հատկանշական կողմեր, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել: Նախ նշենք, որ հիշյալ հետազոտության մեջ, որպես Հայաստանում ստվերային տնտեսություն ծնող հիմնական գործոն, համարվել է ֆինանսական եւ ապրանքային շուկաներում կարգավորման բեռը` 45.7 տոկոսով: 28.8 տոկոսով ստվերային տնտեսության պատճառ է դարձել ինստիտուտների որակը, 15 տոկոսով` աշխատաշուկայի կոշտությունը եւ 10.6 տոկոսով` հարկային բեռը:

 

Հետաքրքրական է, որ եթե մի ինչ-որ ամսագիր, մի ինչ-որ չնչին` աննշան դրական հրապարակում է ունենում Հայաստանի մասով, էլ չենք խոսում միջազգային կազմակերպությունների ու հեղինակավոր կազմակերպությունների հիշատակումների մասին, ապա մեր գործադիրները անմիջապես շեփորահարում են այդ ցուցանիշների մասին` ցույց տալու համար, թե ինչքան լավ ու արդյունավետ քաղաքականություն են իրենք վարում, ու ինչպիսի դրական արձագանքներով են իրենց «զարդարում» միջազգային հեղինակավոր կառույցներն ու կազմակերպությունները:

 

Բայց ԱՄՀ-ի` նման հետազոտության մասին, բնականաբար, պետք է լռել… Որովհետեւ նման հետազոտությունները բացահայտում են, որ երկրի տնտեսությունը խնդիրներ ունի:

 

Ստվերային տնտեսությունը նշանակում է պետությունից թաքցնել գործունեություն, եկամուտներ, աշխատողների թվաքանակ եւ այլն: Մարդիկ գնում են ստվերային ռիսկերի` հիմնականում հարկային բեռի անտանելի ծանրությունից խուսափելու, օրենսդրական ու վարչա-իրավական թերությունների առաջացրած անբարենպաստ իրավիճակներից, ճնշումներից խուսափելու համար: Օրինակ` թաքցնում են աշխատողների իրական թիվը, որ սոցիալական վճարումները քիչ կատարեն, թաքցնում են եկամուտները կամ իրենց տնտեսության իրական ծավալները, որ ծանր հարկերից խուսափեն, չեն ձեւակերպում գործունեության ինչ-որ տեսակ, որ նախ` բյուրոկրատական քաշքշուկներից խուսափեն, հետո` բարձր հարկեր չմուծեն եւ այլն, եւ այլն:

 

Հաշվի առնելով հետազոտված ժամանակաշրջանից հետո եղած ճգնաժամը, ինչպես նաեւ այն, որ Հայաստանում հարկային քաղաքականությունը ավելի անբարենպաստ է դարձել շատ ու շատ տնտեսվարողների համար, ինչը բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ է դարձել, ո’չ աշխատաշուկայի կոշտությունն է փոխվել, ո’չ էլ, առավել եւս, ինստիտուտների որակը, կարելի է ենթադրել, որ ԱՄՀ-ի բերած ցուցանիշները Հայաստանի մասով եթե ավելի չեն վատացել, ապա չեն էլ բարելավվել:

 

Հակառակ դեպքում` մարդիկ չէին գնա «օֆշորներում» ընկերություն գրանցեին: Որովհետեւ յֆշորային գոտում ընկերություն գրանցելը հարկային, վարչական, քաղաքական ճնշումներից խուսափելու` ընկերությունների ամենահեշտ եւ օրինական ճանապարհն է, եթե մի պահ մոռանանք, որ կա նաեւ գաղտնի մնալու նկատառումը: Որովհետեւ յֆշորային գոտիներն այն երկրները կամ միջազգային ֆինանսական կենտրոններն են, որտեղ գործում են ավանդների ներդրման ավելի բարենպաստ պայմաններ, ցածր տոկոսադրույքներ եւ հարկային արտոնություններ` ընդհուպ մինչեւ զրոյական հարկային պարտավորությունների սահմանում: Ու մարդիկ ձգտում են դեպի օֆշորներ` առաջին հերթին հարկային բեռից խուսափելու համար:

 

Այս առումով` եթե երկրի տնտեսության պատասխանատուներից ամենաառաջին դեմքի անվան հետ է կապվում օֆշորային պատմություն, դա արդեն զավեշտ էլ չէ, վտանգավոր երեւույթ է, եւ ԱՄՀ-ի` 2008 թվականի տնտեսական ցուցանիշների հիման վրա կատարված հետազոտությունները ոչ միայն արդիական են այսօր, այլեւ հրատապ: Որովհետեւ ավելի լավ է լինել վերջինը` առաջինների մեջ, քան առաջինը` վերջինների:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ