կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-20 19:07
Հասարակություն

Մահացած երիտասարդին վիրահատած բժիշկը պարզաբանում է

Մահացած երիտասարդին վիրահատած բժիշկը պարզաբանում է

Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոտ են հավաքվել մոտ 150-ից ավելի քաղաքացիներ` Գեղարքունիքի մարզի բնակիչներ: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` (Shamshyan.com) հավաքվածները հայտնել են, որ եկել են այն բանի համար, որ այսօր՝ ժամեր առաջ, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից նշված կենտրոն (դիահերձարան) են տեղափոխել 28-ամյա Մերուժան Ավետիսյանի դին, ով Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ էր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատները նշել են, որ Մերուժանը ծնոտի պլաստիկ վիրահատության է ենթարկվել Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնում, սակայն վիրահատությունից երկու օր անց անսպասելիորեն մահացել է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Մերուժանին վիրահատող բժիշկը` Հայկ Ենոքյանը, նշեց, որ վիրահատությունն ընթացել է հարթ` առանց որեւէ բարդության, եւ հիվանդը վիրահատությունից հետո երկու օր եղել է շատ լավ վիճակում:

 

«Այսօր մենք նախատեսում էինք վերակենդանացման բաժանմունքից նրան տեղափոխել պալատ: Ցավոք, շատ տրագիկ եւ առայժմ անհասկանալի ձեւով վրա է հասել անսպասելի մահը, որի հետ կապված մենք` մասնագետներով, հիմա քննարկում ենք եւ փորձում հասկանալ պատճառը: Վիրահատությունը, կրկնում եմ, ընթացել է շատ հարթ` առանց որեւէ բարդության, եւ մահը վրա է հասել երկու օր անց»,- ասաց Ենոքյանը` հավելելով, որ առայժմ չի ուզում ենթադրություններ անել, կարծում է, որ դատաբժշկական փորձագետները պատասխան կտան. «Սա մեզ համար շատ ոչ հաճելի երեւույթ է, եւ մենք նույնպես շատ ցավում ենք: Մեզ համար շատ մեծ հարված էր, չգիտենք` ինչպես սփոփենք հարազատների վիշտը»:

 

Բժշկի հավաստմամբ` վիրահատությունից հետո երիտասարդին են այցելել նրա հարազատները, կերակրել են նրան, իսկ հիվանդն ասել է, որ իրեն լավ է զգում: «Անսպասելի եւ գործնականում անհայտ պատճառներով կտրուկ մահ է վրա հասել, այսինքն` դա եղել է հաշված րոպեների ընթացքում, եւ հերթապահ բժիշկը չի հասցրել կողմնորոշվել, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:

 

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից yerkir.am-ին տեղեկացրին, որ այսօր Մերուժան Ավետիսյանի հարազատներն այցելել են ոստիկանություն ու հաղորդում տվել մահվան փաստի մասին, ինչի առթիվ արդեն նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն: