Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քարվաճառի շրջանային հիվանդանոցում տեղի ունեցած խուլիգանության մասին ԵՐԿԻՐ-ը վերջերս անդրադարձել էր. դրան հաջորդել են նոր զարգացումներ, ինչը ստիպել է հիվանդանոցի բժիշկ Ստյոպա Սարգսյանին բաց նամակով դիմել ԼՂՀ նախագահին:
Ներկայացնաւոմ ենք նամակն ամբողջությամբ.
Խորը ցավով ստիպված եմ արձանագրել, որ Քարվաճառի շրջանային հիվանդանոցի եւ անձամբ իմ շուրջ ստեղծված ապօրինությունների եւ հալածանքների մթնոլորտը հարկադրում է ինձ դիմել Ձեզ` իմ բժշկական վաստակը, հեղինակությունն ու անվտանգությունը պաշտպանելու խնդրանքով:
ՀՀ Չարենցավան քաղաքում բազում տարիների մանկաբուժական եւ առողջապահության կազմակերպման ոլորտում աշխատելուց հետո, 2002-ին ընտանիքով տեղափոխվել եմ ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքը, որտեղ շարունակել եմ աշխատել ըստ մասնագիտության: 2008-2010թթ. ժամանակահատվածում այլ մասնագետի բացակայության պատճառով առանց իմ ցանկության երկու անգամ ստանձնել եմ հիշյալ բուժմիավորում ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնը:
Սկզբից եւեթ, կամենալով ապահովել աշխատանքի բացարձակ թափանցիկությունը եւ օրենքի տառին համապատասխանությունը, ես բազմիցս բանավոր եւ գրավոր կերպով դիմել եմ ԼՂՀ Առողջապահության նախարարությանը եւ Շահումյանի շրջանի վարչական եւ ուժային կառույցների պետերին` մատնանշելով շրջանում առողջապահության կազմակերպումը կարգավորող օրենսդրության անկատարությունը, որը մեծապես խոցելի է դարձնում յուրաքանչյուր տնօրենի իրավական կարգավիճակը:
Համարյա մեկ տասնամյակ բուժմիավորում ՊՈԱԿ-ները պետության կողմից ֆինանսավորվում են ըստ ԼՂՀ Առողջապահության նախարարության յուրաքանչյուր տարվա եւ ամսվա համար սահմանված հիվանդների քանակի եւ ծրագրերի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ հեռավոր եւ պատերազմից առավել տուժած շրջաններում, այդ թվում եւ Քարվաճառի տարածքում, բնակչության սակավությունը եւ անհրաժեշտ մասնագիտական կադրերի ու բժշկական սարքավորումների պակասությունն` Առողջապահության նախարարության սահմանած ստացիոնար հիվանդների նվազագույն թվի ապահովման անհնարինության պատճառ է դառնում: Այդ իսկ պատճառով համատարած եւ լռելյայն խրախուսվող կարգի համաձայն նմանատիպ հիվանդանոցներում բուժանձնակազմի աշխատավարձն ու հիվանդանոցի պահպանությունն ապահովելու համար ամբուլատոր բուժումն անցնող հիվանդների մի մասը տասը տարի շարունակ ձեւականորեն գրանցվում էր որպես ստացիոնար, իսկ նրանց համար նախատեսված դեղորայքը ողջ ծավալով անվարձահատույց բաշխվում էր կարիքն ունեցող բնակչության շրջանում` տարածքում որեւէ դեղատան բացակայելու պատճառով (Քարվաճառին ամենամոտ դեղատունը գտնվում է քաղաքից շուրջ 85 կմ հեռավորությամբ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում):
Այդպիսի պրակտիկան, թեեւ համընդհանուր տարածված է համարյա ողջ ԼՂՀ տարածքում, ակնհայտորեն հակասում է նեղ իրավական առումով ընկալված օրենքի տառին: Սակայն իրավիճակին այլ լուծում տալու վերաբերյալ իմ բոլոր բանավոր եւ գրավոր դիմումներին ի պատասխան Առողջապահության նախարարության եւ շրջանի վարչական եւ ուժային մարմինների ղեկավարները հաստատում էին, որ ամբուլատոր հիվանդներին որպես ստացիոնար ձեւակերպելու պրակտիկան գործում է ամբողջ հանրապետությունում եւ չի կարող առաջացնել որեւէ քրեական պատասխանատվություն: Այսպիսի բացահայտ հավաստիացումներն ինձ տրվել են անձամբ ԼՂՀ Առողջապահության նախարարներ Արմեն Խաչատրյանի եւ Սերգեյ Մովսիսյանի, ինչպես նաեւ ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանի, շրջանի գլխավոր դատախազ Սերգեյ Բաղրամյանի, ինչպես նաեւ ԼՂՀ ԱԱԾ եւ Ոստիկանության շրջանային կառույցների պատասխանատուների կողմից: Այս անձինք ի սկզբանե իրազեկված էին եւ տիրապետում էին հիվանդանոցի աշխատանքին վերաբերվող յուրաքանչյուր մանրամասնին:
Սակայն, Քարվաճառի շրջանային հիվանդանոցի շուրջ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանը, առաջնորդվելով հիվանդանոցի բժիշկներ Հայկ Պետրոսյանի եւ իմ նկատմամբ անձնական անհիմն հակակրանքով եւ ամեն կերպ ձգտելով կոծկել իր հովանավորյալներ` շրջանի ՍԾՏԳ տնօրեն Նորայր Աստվածատրյանի եւ հիվանդանոցի բուժակ Գոռ Աստվածատրյանի հիվանդանոցի բուժանձնակազմի դեմ կատարած խուլիգանական հարձակումը, որի քննությունը գտնվում է ԼՂՀ Դատախազության վարույթում, ահաբեկում է գործով անցնող վկաներին վարչական լծակների ապօրինի գործադրմամբ: Խախտելով բարոյականության կանոնները` վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանը շրջան է հրավիրել 6-րդ վարչության աշխատակիցներին, որոնք նրա ցուցումով զբաղվում են բնակչության ահաբեկմամբ` փաստացի ստացիոնար բուժումն անցած եւ դեղորայքի նախատեսված ողջ չափաբաժինը ստացած հիվանդներից կեղծ վկայություններ կորզելու, ինչպես նաեւ իր իսկ իմացությամբ եւ համաձայնությամբ ամբուլատոր հիվանդների` որպես ստացիոնար հարկադրաբար ձեւակերպելու պրակտիկայի համար ինձ մեղադրելու եւ քրեորեն պատժելու համար:
Խնդրում եմ Ձեզ պաշտպանել Քարվաճառի առողջապահությունն եւ անձամբ ինձ վարչակազմի ղեկավարի անհատական հակակրանքով անձնավորված հալածանքներից եւ իր հովանավորյալների խուլիգանական հետագա ոտնձգություններից:
Հարգանքներով` մանկաբույժ ` Ստյոպա ՍԱՐԳՍՅԱՆ
ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
Քարվաճառի հիվանդանոցի ծեծկռտուքը՝ բժիշկների մեկնաբանությամբ