|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների մաքրման և պահպանման նպատակով կմեկնարկի «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագիրը: Ողջունելով այդ ուղղությամբ իրականացվող հասարակական նախաձեռնությունները` քաղաքապետն առաջարկել է աշխատանքներում ներգրավել հասարակական և երիտասարդական կազմակերպություններին, նաև՝ բոլոր ցանկացողներին:
«Մայրաքաղաքում կան մի շարք զբոսայգիներ ու վայրեր, որտեղ երևանցիները սիրում են իրենց հանգիստ անցկացնել հատկապես ամռանը, ինչն էլ, սակայն, պատճառ է դառնում աղբի կուտակման: Միայն Երևանի քաղաքապետարանի աշխատանքը բավարար չէ: Մենք պետք է ներգրավենք ու խրախուսենք նաև հասարակական կազմակերպություններին` կոչ անելով իրենց մասնակցությունը բերելու այդ նախաձեռնություններին, որպեսզի ունենանք ավելի մաքուր Երևան: Առաջարկում եմ սկսել հենց Հրազդանի կիրճից: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ և համատեղ ուժերով կյանքի կոչել ծրագիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: