կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-03 18:48
Առանց Կատեգորիա

Խաչակրաց արշավանք` Վերահսկիչ պալատի դեմ

Խաչակրաց արշավանք` Վերահսկիչ պալատի դեմ

Նախարարությունները, որոնց ղեկավարման ու կարգավորման ենթակա ոլորտներում Վերահսկիչ պալատը խախտումներ էր հայտնաբերել ու դրանք ամփոփել իր սենսացիոն հաշվետվության մեջ, խաչակրաց արշավանք են սկսել այդ կառույցի դեմ: Մեկ օրվա ընթացքում միանգամից մի քանի նախարարներ ասուլիս են հրավիրում` ՎՊ-ին ու նրա հաշվետվությունը ջախջախելու համար: Իսկ հիմնական ուղերձը, որ փորձում են դրանով հասցնել հանրությանը, այն է, թե ճիշտ է` թերություններ, բացթողումներ, խախտումներ կան ոլորտներում, սակայն դրանք մասշտաբային չեն:

 

Այս շքերթն, անկասկած, կառավարության նախաձեռնությունն է` սեփական երեսը պարզ անելու համար: Բայց նախաձեռնողներն այնպիսի էյֆորիայի մեջ են ընկել, որ մոռացել են պարզ ճշմարտությունն այն մասին, թե որքան ինտենսիվորեն են կրկնվում պնդումները, այնքան դրանք ավելի կասկածելի են դառնում:

 

Բայց ամենավտանգավորը սա չէ: Նախ` ՎՊ-ի դեմ կառավարության համարձակությունը հերիքեց փաստացի միայն այն բանից հետո, երբ իր հրավիրած վերջին խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց վարչապետի և կառավարության «քավորի» դերը: Եվ ահա, ոգևորվելով ստացված այս աջակցությունից, գործադիրն անցել է հակահարձակման: Դա միանգամայն բնական է, որովհետև այդ խորհրդակցության ժամանակ նախագահը կառավարությանը պարզապես դարձրեց «մոնստր», որի նկատմամբ, բացառությամբ անձամբ իրենից, պետական իշխանության թևերից որևէ մեկը հսկողություն իրականացնել չի կարող: Կառավարությունը, փաստորեն, սկսել է պետական կառավարման համակարգում դիկտատուրա հաստատելու գործընթաց եւ դա փորձում է անել պետական ինստիտուտների, տվյալ դեպքում` Վերահսկիչ պալատի, դատախազության և խորհրդարանի հաշվին: Կառավարությունն այսուհետ հաշվետու չէ նրանցից որևէ մեկին:

 

Երբ ՀՀԿ-ի գործադիր մարմնի առաջիկա նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես խոստացել է, ԱԺ քաղաքական մեծամասնության պահվածքը քննարկման առարկա դարձնի, այսինքն` խորհրդարանի մեծամասնությանը կատարելապես դիմազրկման պրոֆիլակտիկա անցկացնի, կառավարության դիկտատուրայի հաստատումը կարելի է կայացած փաստ համարել, որովհետև դատական իշխանությունը, ի դեմս դրա մաս կազմող դատախազության ղեկավարի` ՀՀ գլխավոր դատախազի, արդեն իսկ ինքնակամ կապիտուլյացիայի է ենթարկվել, որի սիմվոլիկ դրսևորումը եղավ Տիգրան Սարգսյանի շուրջ նոր թափ հավաքող օֆշորային սկանդալի ու գործը դատախազությունում գտնվելու ներկայիս իրականության պայմաններում վարչապետին դատախազության 95-ամյակի հուշամեդալով պարգևատրելը: Ահա, թե ինչու նախարարներն ասուլիսները կառուցում են ոչ թե առկա թերությունների բարձրաձայնման, դրանց լուծումների առաջարկների, գաղափարների ու տարբերակների ներկայացման տրամաբանությամբ, այլ բացառապես արդարանալու, ՎՊ-ի թույլ տված սխալները մատնանշելու:

 

Ոչ վաղ անցյալում` ընդամենը մեկ-երկու ամիս առաջ, երբ օմբուդսմենը ԱԺ-ում ներկայացնում էր իր տարեկան հաշվետվությունը, պետական մարմինները գրեթե նույն արշավանքը ձեռնարկել էին Մարդու իրավունքների պաշտպանի և նրա գրասենյակի դեմ: Եվ այն ժամանակ էլ շեշտը ոչ թե մարդու իրավունքների ոլորտում իրենց թույլ տված բացթողումների վրա էին դնում, այլ ՄԻՊ-ի իրավաբանական գիտելիքները, կարողությունները կասկածի տակ առնելու: Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ տեղի է ունենում վերահսկող մարմինների տոտալ արժեզրկման քաղաքականություն: Սա նման է հիվանդ ձեռքերը կտրելու միջոցով բուժելու` առավել քան աբսուրդային սինդրոմին, որի հետևանքները, անկասկած, իրենց երկար սպասեցնել չեն տալու:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ