Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ ու դիտարկում է իրականացրել կառավարության մի շարք ոլորտներում ու գերատեսչություններում, որոնք վերջնական զեկույցի տեսքով հրապարակվել են:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` կառավարության նիստի ժամանակ, նշեց, որ ստուգումներն իրականացվել են արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, բնպահպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, ֆինանսների նախարարություններում, տարածքային կառավարման ջրային տնտեսության պետական կոմիտեում եւ սննդամթերքի անվտանգության ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովներում:
Վարչապետը դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին` հարցնելով, թե առաջարկությունները, որ ներկայացրել է Վերահսկիչ պալատն, ամբողջությամբ ընդունելի՞ են կառավարության համար: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ հիմնականում ընդունելի են, բայց կան դեպքեր, որ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացրած պարզաբանումները տեղ չեն գտել Վերահսկիչ պալատի վերջնական զեկույցում:
Դրանից հետո Տիգրան Սարգսյանը արձանագրեց, որ Վերահսկիչ պալատը մեծածավալ աշխատանք է կատարել եւ բացահայտված խնդիրների գրեթե 80 տոկոսի հետ նաեւ կառավարության անդամներն են համաձայն:
«Կա 20 տոկոսը խնդիրների, որտեղ անհամաձայնություններ կան, դրանք էլ` անհրաժեշտ է համատեղ աշխատել ու տալ պարզաբանումներ»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Այնուհետեւ վարչապետը Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց, որ բոլոր պարզաբանումները, բացատրությունները, որ տրվել են նախարարությունների կողմից Վերահսկիչ պալատի բացահայտումների վերաբերյալ, գրավոր տեղադրվեն կառավարության կայքում:
Վարչապետը նաեւ հայտարարեց, որ կառավարությունը պետք է պատրաստ լինի բաց, հանրային քննարկումների ու հանձնարարեց Վաչե Գաբրիելյանին ընտրել այդ քննարկումների ֆորմատն ու բնույթը: