կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-30 16:01
Հասարակություն

Կարկուտից պաշտպանվելու տարբերակները` ըստ Արթուր Բաղդասարյանի

Կարկուտից պաշտպանվելու տարբերակները` ըստ Արթուր Բաղդասարյանի

Կարկտահարությունից տուժած գյուղացիների համար հանգանակությանն ՕԵԿ-ից անպայման մասնակցողներ կլինեն, բայց խնդիրը պետք է ավելի գլոբալ դիտարկել, որովհետեւ հանգանակություններով այդ խնդիրը չի լուծվի. լրագրողներին այսօր ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ այս հարցի առնչությամբ իրենք` ՕԵԿ-ը, եւ Ազգային անվտանգության խորհուրդը, առաջարկել են երկու մոտեցում: Առաջին` երկրում պետք է ձեւավորել հակակարկտային պաշտպանության միասնական համակարգ:

 

Անվտանգության խորհուրդը հունիսի սկզբից դիտարկումներ է սկսում համապատասխան համակարգում, եւ իրենք առաջարկելու են, որ ձեւավորվի կարկուտներից պաշտպանության միասնական համակարգ եւ գործի ԱԻՆ-ում:

 

«Այսօր շատ համայնքներում ում խելքին ինչ հակակարկտային կայան մտածել է, դա էլ բերել, տեղադրել է: Այդ կայանների միասնական կառավարման մեխանիզմ չունենք»,- ասաց Բաղդասարյանը:

 

Երկրորդը` երկրում պետք է ներդրվի գյուղատնտեսության ապահովագրության քաղաքակիրթ համակարգ: Բաղդասարյանը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը, որպես կոալիցիոն կուսակցություն, կառավարությանը ներկայացրել է այդ մոտեցումը, եւ վերջինս ընդունել է այն:

 

«Կառավարությունը պետք է երկրում, իրոք, ներդնի քաղաքակիրթ ապահովագրության համակարգ, որովհետեւ, դրամահավաք իրականացնելով, կարող ենք այս փուլում որոշ համայնքների օգնել, բայց դա խնդրի լուծում չէ: Պետք է ներդրվի մի համակարգ, որ երկարաժամկետ կպաշտպանի գյուղացուն աղետներից»,- նշեց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ, օրենսդրական լուծումներ եւ կառավարության հետեւողականությունը: