կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-07 16:23
Քաղաքական

Ըստ Վահրամ Բաղդասարյանի` վարչապետի վարկանիշը կվերականգնվի

Ըստ Վահրամ Բաղդասարյանի` վարչապետի վարկանիշը կվերականգնվի

Մեր հանրության հավատն ավելի բարձր է անկուսակցական գործիչների նկատմամբ, առավել ևս` վարչապետի պարագայում. այսօր խորհրդարանում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ին անդամակցությամբ իր վարկանիշն անկում է ապրել:

«Երբ վարչապետն անկուսակցական է, նրա նկատմամբ հասարակության ավելի մեծ հավատ կարող է լինել: Երբ որևէ քաղաքական գործիչ, առավել ևս` վարչապետը, անդամակցում է որևէ կուսակցության, մնացած կուսակցությունների մոտ հավատը կարող է նվազել, իսկ դրանք մեր քաղաքացիներն են»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին՝ ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ավելի շահեկան չէ՞ր լինի չգնալ վարչապետի կուսակցականացմանը, նա պատասխանեց, որ Կարեն Կարապետյանն իրականացնում է ՀՀԿ-ի ծրագրերը, որովհետև այսօր իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է:

«Բնականաբար, կառավարության ծրագրերը բխում են ՀՀԿ-ի, հանրապետության նախագահի նախընտական ելույթներից, դրա համար ավելի հեշտ կլինի այդ ծրագրերն իրականացնել: Ինձ թվում է այս իրավիճակում բոլոր քաղաքական պաշտոնները զբաղեցնող մարդիկ պետք է, վերջ ի վերջո, որոշեն իրենց կուսակցական պատկանելությունը: Դա իմ անձնական կարծիքն է: Իսկ ինչ մնում է իմիջի իջելուն կամ բարձրանալուն, դա շատ արագ կարող է փոփոխվող լինել, երբ աշխատանքի իրականացման արդյունքում հանրությունը տա իր գնահատականը: Ինձ թվում է այդ ժամանակավոր կորուստը, որը նաև նկատել է հանրապետության վարչապետը, շատ արագ վերականգնվող է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: