կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 17:11
Առանց Կատեգորիա

Ձեր գրած օրենքն ի՞նչ պիտի լինի

Ձեր գրած օրենքն ի՞նչ պիտի լինի

Դեռ մայիսի սկզբին մի խումբ ազատամարտիկների սկսած բողոքի գործողությունները շարունակվում են: Նստացույցի ու մինի-միտինգների իմաստը հասկանալի եւ ընդունելի է` դժգոհ են ապրելակերպից: Նրանց ամենահարուստ ու «դուխով» կոլեգան՝ գեներալ Մանվելը, վստահեցնում է, որ ազատամարտիկների համար ամեն ինչ արել եւ անում է: Պատրաստվում է նաեւ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, բայց չգիտի, թե ինչի մասին: Գուցե գիտի, բայց չի ասում. «Եթե քեզ շատ ա հետաքրքիր…Ախր, խի պետք ա առաջինը քեզ ասեմ, եթե դեռ չի բացվել, չի դրվել քննարկման: Ես երեսուն տարի ա աջակցում եմ` բոլոր տեսակով, ինչ գիտես, մարդկային ռեսուրսներից, բոլոր տեսակի օգնություններից սկսած, բռնած երկրի նախագահի մակարդակից, բոլոր նախարարների, վարչապետի, ինչ հնարավոր ա մարդուն օգնել, ես օգնում եմ»: Ասում է ու լրագրողին շշպռում. «Շատ վատ ա, որ դու էս երկրից բան չես հասկանում, դու մինչեւ հիմա չգիտես` ազատամարտիկն ինչ ա, դու անձամբ, աղջի'կ ջան, չգիտես»:

 

Որ լրագրողը «չգիտի», դա դեռ ոչինչ, կարեւոր է, որ ԱԺ պատգամավորն իմանա: Բայց գիտի՞: Գուցե պատերազմի դաշտում գեներալը հասցրել է տեղը տեղին ուսումնասիրել թշնամուն ու հակադարձել, խոսք չունեմ, ապրի ինքը, բայց, ախր, խաղաղ պայմաններում նա ուրիշ անելիք ուներ, ու դա ո'չ ԱԺ-ն էր, ո'չ էլ միլիարդների կարողություն դիզելը, այլ, որպես ազատամարտիկ, պայքարը շարունակելը՝ մարդու ու հենց ազատամարտիկների իրավունքների համար, որպեսզի փողոց դուրս գալու առիթ չունենան: Բայց նա իր պայքարը ծավալում է հենց ազատամարտիկների դեմ. ազատամարտիկները բողոքում են, իսկ նա թիկնազորի պետին ուղարկում է, որ մեկ այլ ազատամարտիկի կրծքից պոկի մեդալը, ինչ է, թե համարձակվել է բողոքել, որ ապրելու փող չունի, որ հիվանդ է, բայց չի կարող գնալ բժշկի: Գիտի՞ գեներալը, թե ինչ է ազատամարտիկը, երբ բուժման համար փող չունեցող ազատամարտիկի կրծքից մեդալը պոկելուց հետո ինքը գնում է Ֆրանսիա՝ պրոֆիլակտիկ բուժզննման:

 

Այսօրվա մամուլի առաջին էջերում տեղեկատվություն էր այն մասին, թե ինչպես Էջմիածնի Արշալույս գյուղում գյուղացիների ու իրավապահների բազմությունը բացում էր այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու նրա որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, տարիներ շարունակ փակել էին, որպեսզի իրենց տան մոտով երթեւեկություն չլինի: Ճանապարհի այդ հատվածում հողապատնեշ էին սարքել, որը խոչընդոտում էր երթեւեկությանը: Ճանապարհը բացելու հրաման տվել էր Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը՝ հորեղբոր հետ վատ հարաբերություններ ունենալով: Գեներալի պատի քանդումը դարձել էր գյուղացիների համար ցնծության առիթ: Ազատամարտիկը, բանակային կորպուսի հրամանատարը սեփական տունը գյուղից առանձնացրել է, անգամ մարդկանց չէր թողնում անցնել այդ ճանապարհով, որովհետեւ տեղի բդեշխ է իրեն համարում:

 

Ու հիմա հանկարծ գեներալը որոշել է օրենք գրել, չգիտի ինչի մասին կամ չի ասում, բայց, հավանաբար, չգիտի: Նրա խոսքերից է դա երեւում. «Ախր, խի պետք ա առաջինը քեզ ասեմ, եթե դեռ չի բացվել, չի դրվել քննարկման»: Ի՞նչը բացվի: Գեներալ Մանվելը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է, հենց այն հանձնաժողովի, որտեղ, դատելով անցած ուղուց, կարող էր երկրի համար անհրաժեշտ գործունեություն ծավալել, բայց չի մասնակցում աշխատանքներին, ժամանակ չունի: Որեւէ օրենսդրական նախաձեռնության տակ նրա անունը չկա: Ու թեեւ ազատամարտիկների հարցերը 30 տարի է, ինչ լուծում է, բայց որեւէ անգամ ո'չ ելույթ է ունեցել, ո'չ էլ հարց է բարձրացրել խորհրդարանում, գոնե` ազատամարտիկների մասին: 0 է վիճակագրության տակ: Գուցե, հարցեր լուծել ասելով, նկատի ունի բառի՝ «գեներալմանվելական» իմաստը, ասենք` շքանշանը պոկելը, ճանապարհ փակելը, ծեծուջարդը:

 

Օգնեց հաղթել պատերազմում, ուզեց հաղթող լինել նաեւ քաղաքականության մեջ, իրար խառնեց քաղաքականությունն ու ռազմարվեստը, սովոր է մարտի դաշտին, հաճախ Էջմիածինն էլ է պատկերացնում մարտադաշտ: Իրար ծեծում են երթուղու համար, ճանապարհի համար, արագ քշելու համար... Եվ բնական է, որ չի սիրում լրագրողներին, ավելին՝ զզվում է, որովհետեւ քայլերը մեր աչքի առաջ են: Նրա ազատամարտիկ եւ պատգամավոր կոլեգան՝ գեներալ Սեյրան Սարոյանը, ասում են, մի օր նույնիսկ խոստացել էր լրագրողների «գուբախտ» սարքել ԱԺ-ում: Սպասենք, դա էլ կլինի...

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ