կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 20:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մտածում եք՝ ձեզ պիտի սպառնա՞մ, ձեր ավտոն պիտի վառե՞մ․ թեժ բանավեճ Փաշինյանի եւ Մարուքյանի միջեւ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում թեժ բանավեճ է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ։

Հիշեցնելով ԱԺ նախորդ նիստին վարչապետ Փաշինյանի ելույթը, Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե  քայլեր են ձեռնարկվում անլրջացնելու ԱԺ նիստերը․ «Չէի սպասում, որ նորից կանդրադառնանք նախորդ նիստին, բայց անհասկանալի է ինձ համար, եթե պետք է դուք գաք այստեղ ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց կտաս, գամ ելույթս սրբագրեմ, արդարանամ․ դրա իմաստը ո՞րն էր։ Կարո՞ղ ա ձեր ֆեյսբուքյան էջը գողացել են, էդ ի՞նչ բան է, խորհրդարանի նիստն այդ աստիճան լրջացնել ու այդպիսի բաներ գրել այնտեղ։ Ձեր ելույթում ասում եք՝ իրավական պաշտպանության որևէ միջոց ձեռնարկողը կհամարվի հակապետական ուժ, իսկ իրավական-ժողովրդավարական պետությունում ինչպե՞ս կարող է իրավական պաշտպանության միջոց կիրառողը համարվել հակապետական ուժ։ Այսինքն՝ այլակարծության տարրական հարգանք չկա։ Ինչ վերաբերում է ձեր այն մտքին, թե մենք որ սպառնացող լինեինք և այլն, հենց այդ բանավեճից հետո Կառավարության կողմից նշանակած աուդիտի շրջանակում Վանաձորում փնտրում են ԼՀԿ աշխատողներ։ Հիմա այդ աուդիտորի հետ պայմանագիր չի կնքվել, որովհետև հայտարարություն տարածեցինք և բացահայտվեց այդ պատմությունը, բայց ես ուզում եմ իմանալ՝ էդ ո՞վ է հանձնարարել, պարոն վարչապետ, Վանաձորում կառավարության նշանակած աուդիտով հարցերի պլանի մեջ գրել՝ ԼՀԿ-ից ո՞վ կա ձեզ մոտ աշխատող»։

Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է Մարուքյան ելույթի տոնայնությանը․ «Ինձ միշտ թվացել է, թե մենք նույն դաշտում ենք եղել, այն ուժերին, որոնք ազատ կամարտահայտմանը խոչընդոտում են՝ համարել ենք հակապետական ուժեր։ Եկեք նայենք ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ինքը նստած է եղել։ Նայեք ձեր տոնը, բառապաշարը եւ համեմատենք հիմիկվա հետ։ Այո, վայելեք այդ ազատությունը, որ հեղափոխությունը ձեզ բերել է։ Ասենք, դուք կարող էիք Սերժ Սարգսյանի, եւ առհասարակ որեւէ վարչապետի ներկայությամբ այդպես խոսե՞լ։ Եկեք նայենք, կան վիդեոները։ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ձեր խոսքի տոնայնությունը։ Վայելեք այս հնարավորությունը, հարձակվեք մեզ վրա, իհարկե, միայն քաղաքական, թե չէ՝ չենք թողի հարձակվեք, չնայած դուք չեք էլ հարձակվի, ես համոզված եմ»։

Աուդիտի հարցի վերաբերյալ էլ Փաշինյանն ասել է․ «Տվեք՝ տեսնեմ, էդ ո՞վ ու ի՞նչ է հանձնարարել, ես էդ հանձնարարողի հարցերը կլուծեմ։ Դուք մտածում եք, որ մենք կարող ենք այսօր ԼՀԿ-ի դեմ որեւէ մեկին հանձնարարություն տա՞լ։ Տվեք՝ գնանք, բռնենք, պատժենք։ Հայտարարել եք, որ ձեզ սպառնում են, ես հանձնարարել եմ ԱԱԾ տնօրենին էլ, ոստիկանապետին էլ, որ գտնեն։ Եկեք, օգնեք, որ գտնենք։ Դուք մտածում եք՝ ես ձեզ պիտի սպառնա՞մ, մտածում եք՝ ձեր ավտոն պիտի վառե՞մ, ձեր հետեւից մարդ ուղարկե՞մ»։

Էդմոն Մարուքյանն էլ վարչապետին արձագանքելով՝ ասել է, որ ինքը 7 տարի պատգամավոր է եղել եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ եկել է միայն մեկ անգամ, եւ, որ իր ելույթներն էլ վախեցած տոնով չեն եղել․ «Ես 7 տարի պատգամավոր եմ եղել մինչեւ հեղափոխությունը եւ միայն 1 անգամ է Սերժ Սարգսյանն այս դահլիճ մտել, երբ ապրիլի 17-ին ուզել է ընտրվել վարչապետ։ Ունեցել եմ 2 ելույթի հնարավորություն, 2 անգամ էլ նայել եմ աչքերի մեջ ու ասել եմ այն, ինչ մտածում եմ: Դրանից առաջ նույնն արել եմ Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի մասով: Ես զարմանում եմ, իշխանությունը խնդի՞ր է առաջացնում հիշողության հետ: Էդ որտե՞ղ ենք սփրթնած եղել: Իրավապաշտպան ժամանակ եմ սփրթնած եղե՞լ: Ինչ վերաբերում է Վանաձորի աուդիտին, ապա գտեք, թե ովքեր են անողները: Ինչ վերաբերում է տոնին, ապա ես պատասխանել եմ այն տոնով, որով դուք խոսել եք։ Ժողովրդի կամքի արտահայտման վերաբերյալ, այո, մենք մի գծի մեջ ենք, սակայն դրա մասին չի խոսքը։ Խոսքը  մինչեւ այդ որոշումն ուժի մեջ մտնելու քննարկումների մասին է, եւ բոլորն էլ իրավունք ունեն բոլոր տեսակի որոշումները վիճարկելու»։