կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 14:36
Քաղաքական

Իշխանությունների տեսակետը Արցախի հարցում պիտի լինի պարզ, հստակ, և մեր պետությունը պիտի ունենա կեցվածք. Իշխան Սաղաթելյան

Իշխանությունների տեսակետը Արցախի հարցում պիտի լինի պարզ, հստակ, և մեր պետությունը պիտի ունենա կեցվածք. Իշխան Սաղաթելյան

Երբ երկրի վարչապետը, ԱԱԾ պետը ԼՂ հարցի հետ կապված շատ կտրուկ և հստակ հայտարարություններ են արել, Դաշնակցությունն  անմիջապես ողջունել է, բայց երբ դրանց հաջորդում է մի այսպիսի հայտարարություն, երբ ՀՀ վարչապետը ասում է՝ ժողովուրդը թող ձևակերպի և գրավոր իրեն տա տեքստը, թե ինչ է ուզում, սա արդեն խուսափողական պատասխան է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը։

«Հարցերն ուղղորդվում են ժողովրդին, մինչդեռ ժողովուրդն այդ հարցի պատասխանը ժամանակին շատ հստակ տվել է Արցախում տեղի ունեցած հանրաքվեով և Արցախի Սահմանադրությամբ: Այդ հարցի պատասխանը ժողովուրդը տվել է, և ՀՀ վարչապետն այդ պատասխանն ունի: Իսկ երբ դրանից առաջ վարչապետը հայտարարեց, որ չենք քննարկում «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, մենք ողջունեցինք, ասացինք՝ ձեր կողքին ենք»,- շեշտեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը: 

Հարցին՝ ի՞նչ է թաքնված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մեջ, արդյո՞ք օրակարգում հանրաքվե անցկացնելու հարց կա, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, թե գուշակություններ չի ուզում անել: «Հանրաքվեի հարց ժամանակին դրվել է, որի պատասխանը տրվել է: Իշխանությունների տեսակետը Արցախի հարցում պիտի լինի պարզ, հստակ, և մեր պետությունը պիտի ունենա կեցվածք»,- ընդգծեց նա:

Հակադարձմանը՝ ինչո՞ւ է վարչապետը խուսափում հստակ ձևակերպել իր մոտեցումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, Սաղաթելյանը պատասխանեց՝ պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին:

«Երբեմն լինում են հստակություններ, բայց այդ հստակություններին հաջորդում են հայտարարություններ, որոնք մեզ մտահոգում են, և մենք ամեն անգամ դրանց մասին բարձրաձայնում ենք և շարունակելու ենք բարձրաձայնել»,- շեշտեց դաշնակցական գործիչը:

Նա տեղեկացրեց, որ մայիսի 7-ին և 8-ին Արցախում Դաշնակցությունը մեծ ֆորում է նախատեսում Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ, որին հրավիրել է ՀՀ քաղաքական բոլոր ուժերին, անհատ գործիչների, որոնք կիսում են իրենց դիրքորոշումն այս հարցում: