Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Եկեղեցին հակափաստարկներ չունի «Բենթլի»-ի դեմ: Հընթացս կազինո է օծում: Հակափաստարկը միշտ լինում է քաղաքական: Իսկ կազինոն բարոյական ոլորտ է: Այնտեղ մտնում են հոգիները կորցրած մարդիկ: Սա ես ասում եմ եկեղեցու տրամաբանությամբ: Օծում է, որ այնտեղ մարդիկ վերագտնեն իրենց, քանի որ այսպես թե այնպես կազինո մտնելու են: Հարցն այն է, թե ովքե՞ր են կազինո մտնում: Թոշակառու մարդը մտնու՞մ է: Տեղյակ չեմ: Եթե անգամ մտնում է, կազինոն դադարու՞մ է լինել միայն զվարճանքի օբյեկտ: Ոչ:
Սակայն վերադառնանք «Բենթլի»-ին: Եկեղեցուն հասկանալ պետք է: «Բենթլին» արդեն գնված է, մարդն արդեն դրանով ցույց է տվել շքեղության հանդեպ իր հակումները: Այնուհետեւ գալիս է լիրիկան: Հարցնում են՝ դա շքեղություն չէ՞: Ասում է ի՞նչ շքեղություն, «այդ երկաթյա նժույգը սովորական բան է»: Իսկ Արարատյան թեմի հոգեւորականը լրացնում է. «Ես ցավում եմ, երբ եկեղեցուն քննադատում է իմ եկեղեցու զավակը, այն էլ ինչ-որ մեքենայի համար»: Եղբայր, մինչեւ հիմա չհասկացա՞ր: Մարդիկ եկեղեցուն իբրեւ կրոնական կառույցի չեն դիտարկում, այլ իբրեւ Աստծո ներկայացուցչի: Հենց կրոնական կառույց դիտարկեն, կարող ես տիեզերանավ ունենալ: Դուք հայտարարեք, որ եկեղեցին նույնպիսի կառույց է, ինչպես Սահմանադրական դատարանը, եւ բոլորը ձեզ հանգիստ կթողնեն: Գագիկ Հարությունյանին հանգիստ են թողել, չէ՞: Մարդիկ, ի տարբերություն ձեզ, լուրջ են ընդունում Աստծո հետ ձեր «անմիջական» կապը, ինչ-որ մեկը նրանց ասել է, որ երկինքներում «Բենթլի» չկա, շատ որոշակի մեկն ասել է՝ հող էիր, հող կդառնաս: Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի, երկու կաթողիկոսի հուղարկավորությունը տեսած ժողովուրդ է: Գերազանց գիտի, որ շքեղությունը կյանքի գինը լավ իմանալու արդյունք է, իսկ ոչ շքեղությունը նախընտրում են նրանք, ում համար այս կյանքը եւ հաջորդ «կյանքը» սկզբունքորեն տարբեր բաներ չեն: Նրանք ունայնության զգացում ունեն: Շքեղությունն ու ունայնությունը միմյանց հետ չեն խոսում:
Ժողովուրդն իրեն զգում է ճանապարհի կեսին մնացածի կարգավիճակում: Կարծես թե ձեզնից էր ուզում իմանալ, թե ֆիզիկապես ինչպե՞ս տանի սոցիալական անհարմարությունները: Իսկ դուք, խնդրեմ, «Բենթլի»: Մարդիկ գիտեն, որ կաշառակեր ու թալանած իշխանավորին վաղը առաջին ատյանի դատարանով կարող են դատել հենց իշխանությունը փոխվի: Նրանք չեն կողմնորոշվում, թե ձեր դատաստանն ինչպե՞ս է լինելու: Եթե Աստված կա, դուք ինչպե՞ս եք ձեզ պահում: Իսկ եթե չկա, էդ ի՞նչ չպատճառաբանված շքեղության տեր եք դուք:
Ժողովուրդը, եկեղեցուն քննադատողները հետեւողականություն են ուզում «Բենթլի»-ից մինչեւ դագաղ ընկած ճանապարհին: Ու՞մ համար ես տակդ դրել այդ «երկաթե նժույգը», եթե ժառանգ չունես: Ժողովուրդը հարկ եղած դեպքում նույնիսկ սփյուռքի նախարարության որեւէ բարձրաստիճան աշխատակցի թեկուզ թալանով ձեռք բերած «Բենթլին» կհասկանան, որովհետեւ տեսականորեն նա մտածում է սիրիահայության փրկության մասին, այսինքն, ֆիզիկական եւ մտավոր ջանքեր է գործադրում (կրկնում եմ՝ տեսականորեն): Բայց երբ հոգեւորականը «Բենթլի» է ձեռք բերում, ամեն ինչ ավելի է մշուշվում: Դուք նույնիսկ եկեղեցիները ձեր սեփական ձեռքերով չեք կառուցում: Էդ եկեղեցիները դուք որեւէ մեկի վրա ծախել չեք կարող, որ փող կուտակեք: Դուք միայն «տվող» եք երկնային օրենքներով: Ձեզ ինչպե՞ս է հաջողվում այդպիսի ավտոմեքենա ձեռք բերել: Գնացեք եւ դա բացատրեք եկեղեցուն քննադատողներին, թե չէ՝ նրանք եկեղեցու զավակ են, թե աղանդավոր, բացարձակապես էական չէ:
Սեյրան Հանոյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: