Փոխարժեքներ
15 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Պատերազմը հավաքել, տարել էր թաղի ջահել ու պինդ տղաներին: Թաղը դատարկվել ու լուռ մթագնած սպասում էր ռազմաճակատից եկող եռանկյունի նամակներին կամ էլ ... Սև թուղթ ասածին, որը ճակատագրի, բախտի կամ էլ անկոչ հյուրի պես կարող էր մտնել ցանակացած տուն: Եղիազարի բոլոր ընկերները զորակոչվել էին բանակ, մի մասն էլ կամավոր էր գրվել: Մնացել էր ինքը ու բանակի տարիքին չհասած թաղի փոքրերը: Եղիազարի արժանապատվությունը մի տեսակ ՙվիրավորված էր՚: Որոշեց՝ մեկնելու է ռազմաճակատ: Թե չէ ի՞նչ. ծանոթ աղջիներից մեկի հայրն է ռազմաճակատում, մեկի եղբայրը, մյուսի սիրած տղան, իսկ ինքը պարապ-սարապ թրև էր գալիս:
Չեր հարմարվում, մի տեսակ ամաչում էր ու գլուխը կախ էր ման գալիս: Թաղեցիները հարգում էին Եղիազարին(Եղոjին), հաշվի նստում նրա հետ: Այժմ Եղոյի հետ հաշվի նստող չկար, բոլորը ռազմաճակատում էին: Տան մինուճարն էր Եղոն: Հորը՝ շինարար Գեղամին, որի անունը թաղեցիները շշուկով ու վախվորած էին հիշում, սև 37-ին որպես հայրենիքի դավաճան աքսորել էին սիբիր, հետո գնդակահարել: Եղոն ժամանակից շուտ մեծացավ: Նրա առաջ կյանքի փակ դռները ժամանակից շուտ բացվեցին, ու ամեն դռնից Եղոն արժանապատվորեն ներս մտավ:
***
Զինկոմիսարիատից Եղոն թեթևացած խղճով դուրս եկավ: Նա անմիջապես գրավել էր բարձրաստիճան զինվորականների ուշադրությունը: Հաջորդ առավոտյան ուսապարկով կայարանում էր: Վերջին աղմուկը, որ խաղաղ օրերից մնաց Եղոյի հիշողության մեջ, գնացքի սուլոցն էր ու ռազմաճակատ ճամփողների տխուր հառաչները:
Եղոն հետախուզական ջոկատում ընդգրկվեց: Գիշերները մարտական առաջադրանքների էր գնում ու ամեն անգամ, երբ ողջ-առողջ վերադառնում էր մահվան երախից, գլխին էր հավաքում իր բախտակից ընկերներին ու ուրախ պատմությունների գիրկն ընկնում: Եղոյի պատմությունները համ ու հոտ ունեին, մի քիչ չափազանցված, մի քիչ տղայական: Բոլորին դուր էր գալիս: Բանակում չգիտես ինչու Եղոն Եգոր դարձավ: Այսպես հարմար էր ռուս Իվանին: Եղոյի բոլոր պատմությունները կանանց շուրջ էր հյուսված: Ռազմաճակատային գորշ օրերի մեջ այդ պատմությունները ասես լույսի ու կյանքի խորհրդանիշներ լինեին:
Երկու տարի էլ չէր անցել, ինչ Եղոն ռազմաճակատում էր, բայց արդեն կուրծքը զարդարում էր փառքի երրորդ աստիճանի շքանշանը, և հրամանատարության կողմից ներկայացվել էր երկրորդ աստիճանի շքանշանի: Պարգևատրումն ուշանում էր: Եղոն չէր անհանգստանու, բայց ընկերները հասկացել էին, որ պարգևը տեղ չի հասնի. Գեղամ հոր ճակատագիրը նրան էլ էր սպառնում: Հրամանատարի՝ հատուկ բաժնի գծով տեղակալը փորփրել ու հասել էր իր նպատակին: Շեկ, պաղ աչքերով քաղղեկը մի օր զրույցի էր կանչել Եղոյի ամենամոտ ընկերոջը՝ Սուրենին: Ընկերը մտահոգվել էր ու զգուշացրել նրան:
Քաղղեկի՝ Մոսկվա ուղարկած գրությամբ շատերն էին ձերբակալվել: «Դանոս գրելը շեկ Իվանի գործն է, հո՞ մեզ հետ չի գնալու«լեզու» բռնելու: Ամեն մեկս էս պատերազմում մեր գործն ենք անում՚», - հանգիստ պատասխանել էր Եգորը:
«Դու իր գործն էլ ես վերցրել քո վրա, դրա համար էլ ընկել է ետևիցդ, էդ Գալյայից ձե՜ռ քաշի: Էդ կնամոլությունը քեզ կկործանի: Չե՞ս տեսնում, խանդից մեռնում ա»՚:
«Ի՞նչ անեմ, ես կնամոլ չեմ, ախպե՜րս, ես կնամեծար եմ, դրանք տարբեր բաներ են: Ես ի՞նչ անեմ, որ Գալյան դրա անունը չի ուզում լսել. ինձ մեկուսացնելով հարցը կլուծվի՞՚», - արդարացել էր Եղոն:
«Մի՜ շարունակիր»՚, -պնդել էր ընկերը:
«Դու էլ բան ասացիր, - զարմացել էր Եղոն, - վաղը հասնենք Բեռլին, կարող ա էդ ապուշը աչք դնի Հիտլերի կնգա վրա,ուրեմն ես պտի մի կողմ քաշվեմ, հա՞՚»,- կատակել էր Եղոն:
«Հիմա դու գնում ես Բեռլին հաղթանակի համար, թե՞ Հիտլերի կնգա», - հարցրել էր Սուրենը:
«Երկուսի էլ ... »:
***
Եգորը Բեռլին չհասավ: Երկրորդ համաշխարհայինի ավարտը, որին ռուսները հայրենական էին անվանում, դիմավորեց Կրակովում՝ իր նոր ընկերուհու՝ պանի Անջելայի տանը: Մի քիչ կոնծել էին և երբ Եգորն ու Անջելան արդեն անկողնում քափ-քրտինք կպած հևում էին և մոտեցել էին երկնային դարպասներին, հանկարծ ծանր հրետանու պես հնչեց Լևիտանի բամբ ձայնը.«ՙՕտ Սովետսկովօ իմֆօռմբյուրո... »՚Եգորը սառեց: Ժամանկը կանգ առավ վերջին կրքոտ «հարվածի» վրա: Ժամանակի հետ կանգ առած Եգորը խուլ էր Անջելայի աղերսանքին՝ ևս մի ելևէջ վերջակետ դնելու երջանկատառապյալ գործին: Լևիտանն էր խոսում...Շունչը պահած լսեց մինչև վերջ, և երբ հայտարարվեց պատերազմի ավարտի լուրը, Եգորը մի շնչով այնպիսի ջանասիրությամբ շարունակեց կիսատ թողած գործը , որ Անջելային թվաց, թե կատյուշայի բոցառատ կրակահերթերը իրար ետևից պայթում են հենց իր ներսում: Արդեն մեկ ամսից ավել էր, որ հանդիպում էին, բայց այն, ինչ կատարվեց այդ պահին, նման բան Անջելայի հետ չեր եղել: Անջելան այդ պահին աշխարհի ամենաերջանիկ կինն էր: Մի կողմ դնելով հպարտ լեհուհու կեցվածքը՝ սկսեց մտածել, որ արդեն սիրում է ՙռուս Իվանին՚, որոնց մուտքը հայրենի քաղաք լացով էր ընդունել: Նույնիսկ մտովի օրհնեց Ստալինին ու նրա հաղթանակը և, շուռ գալով Եգորի կողմը, սկսեց շոյել նրա թավ բեղերը, որոնք լեռնցուն հատուկ ձգվում էին մինջև Եգորի ականջները: Անջելան գիտեր, որ Եգորը ռուս չէ: Նա չէր պատկերացնում, թե աշխարհի քարտեզի որ մասում է գտնվում Եգորի Արմենիան, բայց իր համար Եգորը ռուսական համազգեստով Իվան էր, որ եկել, կարմիր դրոշ էր պարզել Կրակովի քաղաքապետարանի կտուրին ու ՙազատագրել՚ իր հայրենիքը:
Այժմ, երբ արդեն Անջելան դանդաղ հետ էր գալիս «դրախտային շրջագայությունից», մտածեց, որ սովետականացումը այնքան էլ վատ բան չէ, ինչպես իրեն պատմում էին շրջապատի մարդիկ: Հիշեց գերմանացի Շուլցին, որի հետ չորս տարի սեր չէր արել, անկողին էր կիսել, կանացի խորամանկ ժպիտով ջնջեց անցյալը ու ամուր փարվեց Եգորին: ՙՀամեմատելու բան չկա, սա իսկական վայրենի է՚, - մտածեց Անջելան ու, չկարողանալով զսպել երջանկությունը, բարձրաձայնեց.
-Գազա՛նս, ես քեզ սիրում եմ:
-Արդե՞ն, - կատակի տվեց Եգորը և քմծիծաղով ավելացրեց, -ես էլ եմ սիրում... Աշխարհի բոլոր կանանց:
- Ամենաշատը ինձ, չէ՞
-Քեզ էլ, մեր սանչաստի Շուռային էլ, Գալյային էլ... Ձեզ ո՞նց կարելի է չսիրել: Բայց քեզ բոլորից շատ եմ հիշելու: Քո վրա պրծավ էս մեծ կռիվը, չէ՞:
-Գնալու ե՞ս:
-Ու՞ր:
-Տուն, քո երկիրը:
-Հա՜, պրծավ: Կարոտել եմ:
-Մնա այստեղ, Եգո՜ր, մի՜ գնա: Միասին կապրենք: Ի՞նչ ես կորցրել քո չոր լեռներում:
Եղոն չլսեց լեհուհու թախանձանքը, որոշեց վերադարձի ճամփան բռնել:
* * *
Դրսում ուրախություն էր, ամեն ուր երգ ու պար: Հաղթանակի լուրը կայծակի արագությամբ տարածվել էր քաղաքով մեկ և խաղաղության կրակահերթերը ավետում էին պատերազմի վերջը: Եգորը քայլերն ուղղեց դեպի զորամաս: Ուրախ էր և հարբած հաղթանակի լուրից: Աչքին երևաց հարազատ Երևանը, իրենց թաղը, տունը, որտեղից մի օր հորը տարան, ու Եղոն անտեր մեծացավ: Հիշեց մորը , որը ճանապարհելիս արցունք աչքերին՝ Եղոյից խնդրել էր հոր պատիվը չարատավորել: Ավագ ընկերներին հիշեց, որոնց մի քանիսի սև թուղթը եկել էր մինչև Եղոյի ռազմաճակատ մեկնելը:
-Ես հաղթեցի, - կիսաձայն շշուկով մտածեց Եղոն և հաղթողին վայել կեցվածքով քայլերն արագացրեց: Պահ առաջ պետք էրհասնել զորամաս: «Տղերքը երևի արդեն հարբում են: Ի՛նչ քեֆ ենք անելու մինչև Երևան՚», - երազում էր Եղոն:
Դեռ զորամաս չհասած՝ ընդառաջ դուրս եկավ Սուրենը՝ այլայլված դեմքով: Եղոն հասկացավ, որ հաղթանակի հետ ինչ-որ բան է կատարվել: Մինչ Եղոն կփորձեր հասկանալ ինչն ինչոց է, Սուրենի կտրուկ հարցը չուշացավ.
-Էլի էդ բոզի տանն էի՞ր:
- Ի՞նչ կա, Սուրե՜ն, ի՞նչ է պատահել:
-Քեզ ասում էի, չէ՞, դրա հետ գործ չունես: Քեզ ասում էի, չէ՞, որ էդ քածը քեզնից առաջ գերմանացի սպայի բոզն ա եղել: Քեզ ասում էի, չէ՞, քթիցդ բերելու են, ու ոչ մեկին էլ չի հետաքրքրելու քո հերոսական անցյալը, - մտահոգ տոնով շարունակեց Սուրենը:
-Սուրե՜ն, մենք հաղթել ենք: Կյանքը դեռ նոր-նոր է սկսվում, ախպե՜րս:
-Գնա՜, Եղո՜, քեզ են փնտրում, - փշրված սրտով չգիտես՝ հառաչեց, թե հրամայեց Սուրենը:
Մինչ Եղոն փորձում էր ընկերոջ տագնապը հասկանալ, երկու նորաթուխ, վառոդի հոտը չառած, կարմիր ուսադիրներով զինվորներ փակեցին Եղոյի ճամփան ու տարան շեկ, պաղ աչքերով քաղղեկի աշխատասենյակ: Հաղթանակի շեմից Եղոն ներս չմտավ:
Գեղամ հոր ճակատագիրը հետապնդել ու գտել էր նրան:
Հարություն Հարությունյան