կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-05-07 23:00
Քաղաքական

ՀՔԾ-ն էդ ո՞րն ա. Տարոն Մարգարյան

ՀՔԾ-ն էդ ո՞րն ա. Տարոն Մարգարյան

Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերի ավարտից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ շատ ուրախ է, տրամադրությունն էլ` բարձր: Ընտրությունները նորմալ է գնահատում: Նա եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց իրեն ընտրող երեւանցիներին, որ վստահեցին ՀՀԿ-ի թիմին, նաեւ չընտրողներին:

 

Իր հայտարարագրի վերաբերյալ հարցին ի պատասխան, Մարգարյանը հայտարարեց. «Ինձ թվում ա դուք դրա մասով կարող եք նայել մամուլու»:

 

Ի պատասխան Yerkir.am-ի դիտարկմանը` Ձեզ չի՞ անհանգստացնում, որ ՀՔԾ-ն ուսումնասիրում է Ձեր հայտարարագիրը, Տարոն Մարգարյանը հետաքրքրվեց, թե ՀՔԾ-ն ինչ է` «էդ ո՞րն ա»: Երբ գործող քաղաքապետին պարզաբանեցինք, որ ՀՔԾ-ն Հատուկ քննչական ծառայությունն է, Տարոն Մարգարյանը հայտարարեց. «Չէ, այդ մասով ինձ չի անհանգստացնում` որպես անձնական, ես ինչ ունեմ, հստակ իմ հայտարարագրում գրել եմ: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր ինչ ունեն` չեն գրանցել»:

 

Լրագրողները հետաքրքվեցին նաեւ Փակ շուկայի հարցով, որում առանց նախագծի շինարարություն է իրականացվում: Մարգարյանը հիշեցրեց, որ ստորգետնյա մասով թույլտվություն կա: «Վերգետնյա շինարարության համար ես արգելել եմ, եւ դրա համար արձանագրություն կա կազմված»,- նշեց նա:

 

Լրագրողների դիտարկմանը, որ շինարարությունն այսօրվանից շարունակվում է, քաղաքապետը նշեց, որ առաջին անգամ է լսում:

 

Լրագրողները հետաքրքվեցին նաեւ, թե ինչո՞վ էր պայմանավորված այս ընտրություններում թաղային հեղինակությունների ակտիվացում: Մարգարյանը հայտարարեց. «Բոլորը երեւանցիներն են, Երեւանի բնակիչներ են եւ ցանկացել են իրենց մասնակցությունն ունենալ ընտրություններում»:

Տեսանյութը` Tert.am-ի