Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաստատեց մամուլում ավելի վաղ շրջանառվող տեղեկատվությունը, որ ոստիկանության համակարգում բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ գործել է կազմակերպված խմբավորում, որը զբաղվել է քաղաքացիների` խոշոր չափերով գույքի հափշտակմամբ ու շորթմամբ, վաշխառությամբ: Ըստ ծառայության տարածած հաղորդագրության` համապատասխան նյութերը ներկայացրել է ոստիկանությունը, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում, և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ վաշխառություն, հատկանիշներով: Գործի շրջանակներում արդեն սկսվել են քննչական գործողությունները, վկաների հարցաքննությունները:
Ավելի վաղ, մեկնաբանելով թե' մամուլում այս մասին հրապարակվող տեղեկատվության և թե' ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունն այս խմբի գործունեության հետ կապված լինելու մասին շրջանառվող լուրերը, ոստիկանությունն իր պաշտոնական պարզաբանման մեջ նշել էր, թե իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում և տեղեկատվություն ունեցողներին առաջարկել իրենց տրամադրել ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները:
Փաստը, որ համակարգում գործող հանցավոր խմբավորման վերաբերյալ նյութերը ՀՔԾ են ուղարկվել հենց ոստիկանությունից, վկայում է երկու բանի մասին: Նախ` ոստիկանությունը սկզբնապես տրամադրված է եղել թաքցնել խայտառակ իրականությունը բանդայի գոյության մասին: Հենց դա է ստիպել սկզբում մոլորության մեջ գցել հանրությանը` նման փաստերի չտիրապետելու հավաստիացումներ տալով: Մինչդեռ ընդամենը օրեր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փորձում էր համոզել, որ այսօրվա ոստիկանությունն աշխատում է առավել քան բաց ու թափանցիկ: Ամեն դեպքում դա նշանակում է, որ նախնական փուլում ոչ թե խմբավորման գործունեության և կատարած հանցագործությունների բացահայտման, այլ ավելի շուտ դրանք կոծկելու խնդիր է դրված եղել: Երկրորդ` արդեն իսկ կարելի է որոշակի եզրակացնել, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունն ուղղակիորեն կապված է եղել բանդայի բացահայտման հետ, ինչն ինքնին արդեն կասկածներ է հարուցում առ այն, որ այդ խմբավորման մեջ Նազարյանն ունեցել է ոչ երկրորդական կարգավիճակ ու ներդրում: Բանդայի գոյությունը թաքցնելու` ոստիկանության պահվածքը կարելի է ինչ-որ տեղ հասկանալ. հեշտ չէ խոստովանել, որ այն ոչ թե կազմավորվել է քրեական անցյալ կամ ներկա ունեցողների կողմից, այլ հենց այն համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր կոչված են պայքարել նման երևույթների դեմ: Սակայն բոլոր դեպքերում դա արդարացում չի կարող համարվել. ի վերջո, հանցագործությունը, հանցագործներին թաքցնելը նույնպիսի կամ գուցե շատ ավելի ծանր հանցագործություն է` անգամ մի կողմ թողած այն հանգամանքը, որ դրանով ոստիկանությունը պարզապես ավելի է մեծացնում հանրության անվստահությունն ինքն իր նկատմամբ:
Սակայն ողջ հարցն այն է` արդյո՞ք նման վարքագիծը պայմանավորված է զուտ համակարգի «ամոթխածության» հետ, թե՞ կան նաև այլ, շատ ավելի խորքային ու հեռուն տանող պատճառներ: Քրեական գործի հարուցմամբ, առավել ևս դրա մասին պաշտոնապես իրազեկմամբ, ինչպես ասում են, ջինը շշից բաց թողնվեց, և պարզ է, որ նահանջ չի կարող լինել: Նման բան կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ խմբավորումը չի ունեցել իշխանության «դաբրոն», այսինքն` գործել է ինքնուրույն, ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի մասնավոր շահի բավարարման համար և ինքնագործունեության շնորհիվ: Իսկ սա նշանակում է, որ այդ անհատը կամ խումբը փաստացի իրեն դուրս է դրել իշխանության վերահսկողության և հաշվետվողականության դաշտից, հետևաբար` դրա նյութական «արդյունքները» չի կիսել շատ կոնկրետ շրջանակների հետ:
Մինչդեռ համակարգն արդեն բազմիցս ապացուցել է, որ նման ինքնագործունեությունը երբեք չի ներում: Որքան էլ զարմանալի է, սակայն, կարծես օրինաչափություն է դառնում, որ նման «հանդգնություններն» ամենաշատը դրսևորվում են ուժային մարմիններում` ոստիկանությունում և պաշտպանության նախարարությունում: Այդ շարքից էին, մասնավորապես, ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունն ու 6 տարվա ազատազրկման դատապարտելը առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի (մականունը` Գել) պաշտոնանկությունը, որը կապվում էր զենքի և զինտեխնիկայի պահեստամասերի անօրինական վաճառքի հետ, և վերջապես զինված ուժերում գոմեշի մսի իրացման հայտնի գործի շրջանակներում գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի ազատումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Ինչևէ, ՀՔԾ-ն առայժմ տեղեկություններ չի տալիս այս գործով կալանավորումների, ձերբակալությունների մասին: Եվ դժվար է առայժմ ասել` արդյոք Ներսես Նազարյանը կլինի՞ թակարդն ընկած հերթական բարձրաստիճան «ինքնագլուխ» պաշտոնյան: Ինքնին բանդայի առկայության մասին իրազեկումը հուշում է, որ նման զարգացումները բացառել չի կարելի: Սակայն հետագա զարգացումները պայմանավորվելու են երկու գործոնով: Առաջին` շատ բան, իհարկ, կախված է լինելու նրանից, թե որքան հեռուն կտանի խմբում ներգրավված կամ դրա հետ ուղղակի, թե անուղղակի կապ ունեցող պաշտոնյաների թելը, և թե ինչպիսին է լինելու բարձրագույն իշխանության տրամադրվածությունը գործի բոլոր հանգամանքները` մինչև վերջին բջիջը, բացահայտելու հարցում: Երկրորդ` շատ բան որոշելու են անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ամբիցիաները: Ակնհայտ է, որ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը տեղի ուենցավ հենց Գասպարյանի ուղղակի միջամտությամբ ու շահագրգռությամբ: Ասպարեզից հեռացնելով Նազարյանին` Գասպարյանը գրեթե միահեծան իշխանություն հաստատեց ոստիկանությունում, և ամեն ինչ հիմա կախված է այն բանից, թե ինչպիսի նպատակներ ունի Գասպարյանը ուժային համակարգում և իշխանական կոնյունկտուրայում իր դիրքերի ամրապնդման հարցում, և թե որքան հեռուն կտանեն ոստիկանապետին ինքնահերոսացման ձգտումներ, որոնք կարելի է բնորոշել իբրև «վանոսիրադեղյանական» սինդրոմի դրսևորում:
Բոլոր դեպքերում, սակայն, ակնհայտ է, որ ոստիկանությունում առաջիկայում սպասվում է կադրային «տորնադո», հատկապես, որ խոսքը կարծես ոչ թե մեկ, այլ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների մասին է: ՀՔԾ-ի այս մեկնաբանությունից հետո դա այլևս անխուսափելի է, ողջ հարցն այն է, թե ե՞րբ դա տեղի կունենա և ի՞նչ մասշտաբներով:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ