Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես ուզում եմ հավատալ, որ մեր արդարադատության ինչ-որ փշրանքներ դեռ մնացել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
«Ակնկալիք ունենք՝ կհայտնվի ինչ-որ մի դատավոր, որն իր սկզբունքներին դեմ չի գնա եւ այս շինծու, ապօրինի գործերին վերջ կտա հիմա»,- ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելուն՝ Հակոբյանն ասաց. «Մեղադրանքն առաջադրվել է մի կնոջ ցուցմունքի հիման վրա, որը մի քանի անգամ փոխել է ցուցմունքը։ Համոզված եմ, որ այդ կինը եղել է ճնշումների տակ, այդ ցուցմունքով էլ իրեն դրել է ոչ երանելի վիճակում։ Հեսա իր վրա էլ քրեական հոդված կդրվի կամ իրեն ազատ կարձակեն»։
Հարցին՝ ի՞նչ բովանդակության ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը, Վահե Հակոբյանն ասաց. «Իբրեւ Առուշանյանը հրավիրել ու իրենց ուղղորդել է, որ պետք է աշխատենք «Հայաստան» դաշինքի օգտին։ Դա այդ կնոջ երրորդ ցուցմունքն է, որն արդեն իրենից կորզել են, երբ ինքն արդեն գտնվում էր կալանավայրում։ Դրանք վրեժխնդրության հետեւանքներն են։ Համոզված եմ, որ Արթուր Սարգսյանին էլ կկալանավորեն։ Այսօր սպասում ենք կոմբինատի անվտանգության ղեկավարի վերաբերյալ դատարանի որոշմանը. եւ ձերբակալել են, եւ տարել կալանքի։ Մարդը ստաբիլ տեմպերով գլխատում է եւ Սյունիքը, եւ կոմբինատը»։
Անդրադառնալով Երասխի հատվածում ադրբեջանական կողմի ակտիվությանը՝ Հակոբյանն ասաց. «Փաշինյանը փոխանակ պայքարի արտաքին թշնամու դեմ, ինքը պայքարում է մեր ներքին, մեր ընկերների, այն մարդկանց, որոնք զենքը ձեռքին առաջին օրվանից պատերազմին են մասնակցում։ Հաշվի առնելով այն, ինչ-որ մենք տեսնում ենք միջազգային մամուլում, համոզված եմ, որ շատ շուտով Հայաստանը ստորագրելու է ինչ-որ իքս փաստաթուղթ, համաձայն որի՝ մենք տալու ենք տարածքներ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչ տրամաբանություն կա մարտունակ գեներալներից մեկին ազատել ծառայությունից»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ներառված Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):