Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի թիվ 5 մանկապարտեզում, որը գտնվում է Սախարովի հրապարակին հարող կամ երեւանցիներին ավելի շատ «բոքսի հայաթ» անունով հայտնի տարածքում, ապրիլի 23-ի երեկոյան` ժամը 18.00-ից հետո, թաղային հեղինակությունների հավաք է եղել:
Նշված օրը երեկոյան, երբ քաղաքացիները գնացել են` իրենց երեխաներին տուն տանելու, տեսել են, որ, սեղանները գցած, ինչ-որ քեֆի են պատրաստվում: Պարզվել է, որ նախագահի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, կերուխում է կազմակերպում թաղի հեղինակությունների համար` բոլոր նրանց, ովքեր Երեւանի ավագանու ընտրություններում որոշակի «առաքելություն» ունեն:
«Նույնիսկ մանկապարտեզի երեխաներն էին մտնում ու հարցնում, թե «ինչ հաշիվ է», նրանց ասում էին` քեֆ է, երեխաներն էլ միամտորեն հարցնում էին, թե իրե՞նց համար է քեֆը, ու նրանց պատասխանում էին` ո’չ, սա մենակ ձյաձյաների համար է: Ժամն ընտրված էր այնպես, որ մանկապարտեզի աշխատողներն ու սաները տուն գնացած լինեն: Դա արդեն ժամը 6-ի սահմանում էր, երբ ես տեսա»,- yerkir.am-ին տեղեկացրեց մանկապարտեզի սաներից մեկի ծնողը:
Զավեշտն այն է, որ «Օգնիր մանկապատեզիդ» նախաձեռնության կայքում այս մանկապարտեզի մասին նշված է. «ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ: ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները: ՆՈւՀ-ը ունի երաժշտության դահլիճ, որտեղ անցկացվում են նաև ֆիզկուլտուրայի պարապմունքները։ ՆՈՒՀ-ում պարբերաբար կազմակերպվում են ցերեկույթներ, տոնական հանդեսներ, նշվում են ազգային ավանդական տոներ, նաև երեխաների ծննդյան տոներ»:
Հետաքրքիր է` նշվածներից ո՞ր մի կետին է համապատասխանում կամ ո՞ր նպատակին հասնելուն կնպաստի Սաշիկ Սարգսյանի կազմակերպած «ուտուշ-խմուշը»…