կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 17:03
Մշակույթ

Օպերային թատրոնում նախատոնական ներկայացում է` լուրջ «ձյաձյաների և տյոտյաների» գրած սցենարով

Օպերային թատրոնում նախատոնական ներկայացում է` լուրջ «ձյաձյաների և տյոտյաների» գրած սցենարով

Երեկ պարզ դարձավ, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը լուծարվել է:

Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը նշել էր, որ իր` թատրոնում աշխատելու տարիներին /1980-ականներից սկսած/ չի եղել նման նախադեպ:

Դուրգարյանը, բնականաբար, հրաժարվել էր թատրոնում շարունակել աշխատել` որպես «շարքային» դիրիժոր:

Ի դեպ, փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ  Գրիգորյանի կողմից, որն արժանացել  է թատրոնի ղեկավարության հավանությանը: Ուշագրավ էր օպերայի թատրոնի տարածած հաղորդագրությունը, ըստ որի` գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատվել է, քանի որ թատրոնն ունի գեղարվեստական ղեկավար:  Ավելին` դեռ մի բան էլ թվարկում են, որ թատրոնն ունի երեք դիրիժոր և մեկ հրավիրյալ դիրիժոր: Ավելի պարզ ասած` ստացվում է այսպես` մենք տանը մեծ հայր ունենք, որդի ունենալու կարիք չկա, մենք մերոնցով յոլա կգնանք:

Հասկանո՞ւմ եք` մարդիկ ձգտել են ցույց տալ, թե ինչ բացառիկ են` ունենալ օպերային թատրոն` առանց գլխավոր դիրիժորի, գեղարվեստական ղեկավար ունենալը լրիվ հերիք է: Առաջարկում ենք նվագախմբի, երգչախմբի համար նախատեսված հաստիքներն էլ լուծարել, գեղարվեստական ղեկավար ունեք, չէ՞…

Երբ օպերայի տնօրեն նշանակվեց Անդրանիկ Արզումանյանը, շատերը հիասթափված էին. թատրոնի ապագան անհայտ էր, քանի որ Արզումանյանը մասնագիտությամբ դիվանագետ  է, արաբագետ. վերջին տասը տարիներին Եգիպտոսում ռուսական մշակույթի կենտրոնի ղեկավարն էր: Սակայն, նշանակվելուն պես, Արզումանյանը գնաց ճիշտ քայլի /բնականաբար, ինչ-որ մեկի խորհրդով/` վերականգնելով թատրոնի գեղարվեստական խորհրդի հաստիքը և Գեղամ Գրիգորյանին կրկին վերանշանակելով: Շատերը ոգևորվեցին` այդպես էլ չիմանալով, որ ոգևորությունը կարճ է տևելու, քանի որ հիմա թատրոնն ունի գեղարվեստական ղեկավար, և գլխավոր դիրիժորի կարիք չկա: Արզումանյանը թատրոնի ունքը սարքելու տեղը աչքն էլ հանեց: Գեղամ Գրիգորյանը, երբ վերանշանակվել էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե չի ցանկանում մանրամասնել տարիներ առաջ իր` թատրոնից հեռանալու պատճառները` նշելով, որ ինքը ողորմություն խնդրողներից չէ: «Վերադարձա, քանի որ ցավում էի թատրոնի համար, որը հասել է պիոներական պալատի մակարդակի»,- ասել էր նա:  Պիոներպալատից կրկին օպերային թատրոնի վերածվելու առաջին քայլը գլխավոր դիրիժորի հաստիքի լուծարումն էր, և ամենևին էլ էական չէ` ով էր այդ պաշտոնում ղեկավարում, կամ ինչ հարաբերությունների մեջ էին նրանք:

Հիշեցնենք, որ Արզումանյանը նշանակվեց Մոսկվայում ՀՀ նախկին դեսպան, այժմ` ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի միջնորդությամբ /Սմբատյանի «կադրերից» է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը/: Արզումանյանը, երբ նշանակվեց, ի սկզբանե խոսակցություններ էին պտտվում, որ Սմբատյանն իր մարդուն է նշանակել այդ պաշտոնում, որպեսզի հետագայում իր տղային` երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանին տանի այդ կառույց:

Հիմա էլ պարզորոշ դարձով` դիրիժորի հաստիքը կրճատվել է, քանի որ տեղի համար թեժ պայքար է ընթանում, և ժամանակավորապես հաստիքը լուծարելով` կրքերը կհանդարտվեն, քանի որ, մի կողմից, Արմեն Սմբատյանի ֆակտորն էր գործում /որդուն նշանակելու հետ կապված/, իսկ մյուս կողմից` Կարեն Դուրգարյանն էր, ով, գաղտնիք չէ, երկրի ամենավերին օղակների «հովանավորչությունն» է վայելում: «Ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքով առաջնորդվելով էլ` որոշել են լուծարել հաստիքը` թատրոնի մասին չմտածելով անգամ. թատրոնի գործունեությունը կարևոր չի, կարևորը մարդիկ են, դեմքերը:

Սա Հայաստանն է, երկիր, որտեղ պաշտոնի համար կռիվը հասնում է այնտեղ, որ այդ հաստիքն ուղղակի լուծարում են:

Ի դեպ, Դուրգարյանը օպերայի թատրոնի կառավարման և գեղարվեստական խորհրդի անդամ է, և թե ի՞նչ որոշում կկայացնի` շարունակե՞լ մնալ այդ «պաշտոններում», թե՞ ոչ, պարզ չէ:

Օպերային թատրոնը մշակույթի նախարարության կառույցներից է, իսկ նախարարությունը ստեղծված իրավիճակում իրեն բնորոշ պահվածքով է հանդես գալիս` լռում է. գոնե լռությանը զուգընթաց մտածեր էլ:

Օպերային թատրոնում ստեղծված «թատերական» մթնոլորտը, հուսանք, շուտով կվերածվի ստեղծագործականի: