կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-22 17:39
Առանց Կատեգորիա

''Տարոնը'' լրիվ լռվել էր

''Տարոնը'' լրիվ լռվել էր

Այսօր վերջապես տեսա այն մեքենան, որ, Տարոն Մարգարյանի մեծադիր լուսանկարը վրան, Երևանի մասին սիրուն-սիրուն երգեր երգելով, պտտվում է քաղաքում: Քարոզարշավ է: Տարոն Մարգարյանի շտաբը (վախենում ենք ասել՝ ՀՀԿ շտաբը), երևանցիներին այդ կերպ փորձում է հասկացնել, որ իրավամբ Տարոն Մարգարյանն է եղել վերջին 20 տարիների ամենալավ քաղաքապետը (Շարմազանով, Հայտարարություններ և իմաստախոսություններ, Երևան, 2013թ., էջ 13):

 

Բան չունենք ասելու: Սա էլ Տարոն Մարգարյանի շտաբի մարտավարությունն է՝ գռուզավիկով երթևեկել տրանսպորտից խեղդվող երևանյան փողոցներով ու զայրացնել երևանցիներին: Ինչու զայրացնե՞լ: Իսկ դուք կուրախանայի՞ք, որ մի տձև բեռնատար` Տարոն Մարգարյանի ժպտացող պատկերով, փակեր ձեր ճանապարհն ու լռվեր անցումի վրա: Երևի կասեք՝ սովորական պատկեր է Երևանի համար, հիմա` մի քանի րոպե էլ խցանում է եղել, աշխարհը շուռ չեկավ: Բան չունեմ ասելու, ինքս էլ հոգնել եմ նման բաների վրա ուշադրություն դարձնելուց: Բայց հարցն այն է, թե որտե՞ղ և ի՞նչ պատճառով էր լռվել «Տարոն Մարգարյանը»: Դա տեղի էր ունեցել Հանրապետության հրապարակ-Սամվել Մեծի, ներողություն, Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ-«Երևան Սիթի» հատվածում: Չէ, դուք պատկերացրեք մարդկանց մեջ առաջացած ոչ միանշանակ ասոցիացիաները: Մեկը սիգնալ է տալիս, մյուսն անիծում է իր բախտը, երրորդը, որ ավելի համարձակ է, հայհոյում է, չորրորդը Վովա Գասպարյանին է հիշում, որ չի կարողանում «Երևան-Սիթիի» շրջակայքում երթևեկությունը կարգավորել, հինգերորդը, օգտվելով առիթից, մեքենաների արանքով փողոցն է հատում, վեցերորդը հերթով թվարկում է օլիգարխներին, վառ երևակայություն ունեցող մի երևանցի էլ, դիմելով Տարոն Մարգարյանի մեծադիր լուսանկարին, ասում է՝ լավ է՝ քո ոտքով եկար, հիմա տես, թե ինչ ենք քաշում ամեն օր այս գազի ու շչակների ձեռքից: Երգը, որ հնչում էր մեքենայից, լրացնում էր այս ողջ աղմուկ-հրմշտոցը, և այլևս երգ չէր, այլ նյարդայնացնող ճղճղոց, որից ո'չ Երևանի ներկայից էր բան հասկացվում, ո'չ էլ մեր մայրաքաղաքի ապագան էր ավելի լավը երևում:

 

Ուղղակի զարմանում ես Շարմազանովի գլխավորած շտաբի միամտությունների վրա: Սերժ Սարգսյանն էլ ընտրություններ արեց, ասա գոնե մեկ անգամ այսպիսի խցանում առաջացրե՞ց: Ո'չ բեռնատար, ո'չ բան: Ամեն ինչ համեստի մեջ արեց, վերջացավ գնաց: Ո'չ սիգնալ, ո'չ ավելորդ հրմշտոց: Երբ մի ընտրող էլ նեղսրտած բան էր ասում, անձամբ էր մոտենում այդ ընտրողին ու կարգի հրավիրում: Տարոն Մարգարյանը, ասացեք խնդրեմ, վերի արտի ցորենն է, ու նրա նկարը բեռնատարով պիտի պտտեցնեն քաղաքում: Գոնե երթուղին ճիշտ ընտրեն: Համ էլ՝ երաժշտությամբ միայն հարսին են տեղաշարժում: Քաղաքական գործիչը պետք է խոսելով, իր գաղափարները բարձրաձայնելով շրջի մարդկանց մեջ: Չգիտեմ, ես այդպես եմ հասկանում քարոզչություն ասվածը: Դատարկությունը երաժշտությունով ու գռուզավիկով լցնելը մի մեծ բան չէ, որի համար վաղը Տարոն Մարգարյանի շտաբին ասեն բարիքյալլա: Մեկ էլ տեսար՝ հենց Սերժ Սարգսյանն այս երիտհանրապետականներին հրավիրի իր մոտ ու ասի՝ գռուզավիկն առել, քաղաքի երթևեկությունը կաթվածահար եք արել, որ ի՞նչ անեք: Ու, եթե, Աստված մի արասցե, փորձեն հակաճառել, թե դա քարոզչություն է, անմիջապես կստանան՝ այդպես եք քարոզում, էլի, որ ձեր խիարը թարս է աճում:

 

Մի խոսքով՝ ՀՀԿ-ի և, հատկապես, Տարոն Մարգարյանի համար խիստ մտահոգ ենք: Ախր չընտրվելու դեպքում մի բողոքի ակցիա էլ չեն կարող կազմակերպել, թե՝ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Երևանը հանձնելու են ու հետո հպարտանալու, թե դա տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի խոհեմ ու հեռատես քաղաքականության արդյունքում: Խեղճ Սերժ Սարգսյան, ով հանձնի Երևանը, ով գնա սանատորիա: Գյումրին էլ մի բան էր, եղավ, հո չի կարելի ամեն ինչ վերագրել մի մարդու: Բա էդ ՀՀԿ-ում քավության ուրիշ նոխազ չկա՞:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ