կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-14 08:26
Առանց Կատեգորիա

"Թագավոր" Տարոնը

"Թագավոր"  Տարոնը

Բուհերի կառավարման խորհրդի նախագահների աթոռները «համամասնաբար» գրավելուց հետո ՀՀԿ-ական իշխանակազմը գրոհել է մարզական ֆեդերացիաները: Ահավասիկ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Հիմա «Գուգլ»-ում «շախմատ» բառով որոնում տալիս առաջինը հայտնվում է Տարոն Մարգարյանի անունը. ի՞նչ Արոնյան, ի՞նչ բան: Ուրեմն այսուհետ «շախմատ» (ինչպես որ, ասենք, «աղբահավաքություն») ասելիս գոնե Երևանի մակարդակով պիտի պատկերացնել միայն Տարոն Մարգարյանին: Եվ ակնհայտ է, որ շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալը երիտհհկականների շախմատային այն գաղտնի քայլն է, որով նրանք շախմատի ֆեդերացիայից դեպի երկրի նախագահություն են բերում իրենց մատաղատի ընկերոջը:

 

Եթե նախքան այս խոսվում էր Երևանի քաղաքապետի` ընդամենը վարչապետական հավակնությունների մասին, ապա հիմա` թեկնածուական ատենախոսությունը լրագրողներից պաշտպանելուց հետո, այլևս ակնհայտ է, որ նրա հավակնությունները ձգվում են ավելի վեր: Վարչապետական նկրտումները Տարոնին տանելու էին շատ-շատ դեպի նարդու ֆեդերացիա, որի տրամաբանությամբ ղեկավարվում է մեր երկիրը: Բայց Տարոնի ախորժակն անզսպորեն բացվել է` նա նարդու հետ չունի, նրանը շախմատն է: Որովհետև միայն շախմատում թագավոր կա:

Լ. Ս.