Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում քաղաքացիները փոփոխություններ են ցանկանում, բոլորը գիտակցում են, որ այսպես շարունակվել չի կարող. այսօր լրագրողների հետռ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ հավելեց, որ առանց այդ փոփոխության մեր քաղաքացիներն այս երկրում ապագա չեն տեսնում:
«Մեր երկրում նախագահը չի փոխվել, վարչապետը չի փոխվել, կառավարությունը չի փոխվելու, Հանրապետական կուսակցության մենիշխանությունը շարունակվում է: Կա մեկ հնարավորություն` Երեւանում Հանրապետականին զրկել իշխանությունից: Ով ուզում է, որ Երեւանում ու Հայաստանում ոչինչ չփոխվի, թող քվեարկի ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի օգտին: Ով փոփոխություն է ուզում մայրաքաղաքում, երկրում, մայիսի 5-ին պետք է քվեարկի ընդդիմության` ՀՅԴ-ի օգտին: Հարցն այսքան պարզ է այսօր դրված»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն բազմիցս ասել է, որ ՀՀԿ-ն 4 տարում 3 քաղաքապետ է փոխել, իսկ այսօր Տարոն Մարգարյանին են դեմ տալիս եւ ամաչում են նույնիսկ ասել, որ ընտրողները պետք է ձայն տան Հանրապետականին: Նա հայտնեց, որ նույնիսկ քարոզիչներին հանձնարարել են, որ քարոզելու գնալիս կրծքանշանները հանեն:
«Ես մի բան գիտեմ` Տարոն Մարգարյանը պատահական քաղաքապետ է. 2009 թվականին, երբ ավագանի էինք ընտրում, իրենց առաջին համարը Գագիկ Բեգլարյանն էր, Տարոն Մարգարյանը երկրորդն էր: Երբ Դոմինգոն Բեգլարյանին «հեռացրեց», Տարոն Մարգարյանին չնշանակեցին քաղաքապետ` երկրորդ համարին: Որովհետեւ գիտեին, որ սա մայրաքաղաք է` Հայաստանի հսկա մասն է, ու քաղաքապետ նշանակեցին հինգերորդ համարին` Կարեն Կարապետյանին: Երբ նա թողեց ու գնաց, եւ մինչեւ հիմա էլ չեն ասում, չգիտենք, թե ինչու թողեց-գնաց, նոր արդեն, ճար չունենալով, նշանակեցին Տարոն Մարգարյանին: Այնպես որ` թող այսօր այնպես չներկայացնեն, թե նա իրենց չգիտեմ` ինչ քաղաքապետ է: Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ չէ, նա լավ ֆոն է Հանրապետականի մենիշխանության համար»,- նշեց Աղվան Վարդանյանը:
Բանախոսն ասաց, որ նույնն է պատկերը նաեւ ՕԵԿ-ի` Արմեն Երիցյանի պարագայում, եւ երեւանցիներն Արմեն Երիցյանին չեն ընտրելու, այլ ՕԵԿ-ին` դրանից բխող բոլոր հետեւանքներով, իսկ Արմեն Երիցյանը վաղը նորից նախարար է աշխատելու…
«Ասել ենք ու ասում ենք, որ Երեւանը պետք է ընդդիմադիր ղեկավարություն ունենա, եւ համոզված եմ ասում, որ լավագույնը կլինի Արմեն Ռուստամյանը` սկզբունքային, հսկայական կենսափորձով, ինքնուրույն, ազնիվ, որոշումներ կայացնելու ունակ, պարզ մարդկանց կողքին կանգնող: Եվ այդ դեպքում մենք իսկապես կունենանք փոփոխություններ Երեւանում ու երկրում»,- ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը:
Աղվան Վարդանյանը շեշտեց, որ երեւանցիները մայիսի 5-ին քվեարկելու են կուսակցությունների ցուցակների օգտին ու կոչ արեց այս անգամ վստահել Դաշնակցությանը եւ նրա թիմի ու Արմեն Ռուստամյանի օգտին քվեարկել: Նա ասաց, որ միայն իրենք կարող են համախմբել ընդդիմադիր մյուս ուժերին եւ Երեւանում ընդդիմադիր ղեկավարություն ստեղծել: Իսկ ՀՅԴ-ն մտել է այս պայքարի մեջ իր ամբողջ ներուժով, իր քաղաքական ղեկավարությամբ եւ հնարավոր ամեն ինչ անելու է, որ այս երկրում բան փոխվի, միակուսակցական համակարգը կոտրվի: