կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-12 14:22
Քաղաքական

Ամեն ինչ կորած չէ

Ամեն ինչ կորած չէ

Ապրիլի 9-ին տեղի է ունեցել երդման մեկ արարողություն, որին ՀՅԴ-ն չի մասնակցել. ԱԺ ավանդական ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նկատի ունենալով Սերժ Սարգսյանի երդման արարողությունը:

 

Դաշնակցական պատգամավորը նշեց, որ, դժբախտաբար, Ազատության հրապարակի իրադարձությունները գնացին այն սցենարով, որի մասին ՀՅԴ-ն զգուշացնում էր: Նա հիշեցրեց, որ անձամբ երեք ելույթ է ունեցել եւ հայտարարել, որ մենք միշտ սխալ ճանապարհով ենք գնացել, բայց դրանից դասեր չենք քաղել:

 

«Երբ հարցը դնում ես «ամեն ինչ» եւ «հիմա» տրամաբանությամբ, մաքսիմալիստական խնդիրներ ես ձեւավորում ու այդ խնդիրներին չես հասնում, դա հուսահատություն է առաջացնում ժողովրդի մոտ: Բայց եթե փորձում ես արագ եւ հենց այդ պահին հասնել ամբողջական նպատակի իրականացման, դա մղում է ավելի վճռական գործողությունների, ինչ-որ տեղ` նաեւ հանպատրաստից: Մեզ համար սա անընդունելի էր, եւ մենք ասում էին, որ ճիշտ ճանապարհը հանգրվանային ընտրություններով շարժումը ուժեղացնելու ճանապարհն է»,- նշեց Ռուստամյանը:

 

ՀՅԴ-ն երկու հանգրվանային հաջողության հնարավորություն էր տեսնում, մեկը` իշխանություններին արմատական խորքային բարեփոխումների մղելն էր, մյուսը` Երեւանու ավագանու ընտրություններն էին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ էության, չհամաձայնեց գլխավորել միասնական ցուցակը` կարծելով, թե նսեմացնում է նախագահական ընտրությունների իր հաղթանակը:

 

Ապրիլի 9-ին, ըստ Ռուստամյանի, ժողովուրդը երեք մասի էր բաժանվել: Մի մասը շատ վճռական ուզում էր հասնել Բաղրամյան 26, մի մասը, անվերապահ ընդունելով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությունը, հետեւեց նրան մինչեւ Ծիծառնակաբերդ, ժողովրդի երրորդ զանգված էլ չգիտեր` որ կողմ գնալ:

 

«Ասում են` ՀՅԴ-ն ժողովրդի հետ չէր: Մենք ժողովրդի մեջ էինք, մենք այնտեղ էինք: Նախ` ժողովրդի ո՞ր հատվածի մասին է խոսքը, որ ասում էին, իբր կողքը չենք եղել: Սցենարը մերը չէր, սցենարի մշակման մասնակից մենք չենք եղել: Այդ օրվա սցենարի մշակողն ու իրականացնողը Րաֆֆին էր, եւ, բնականաբար, այս ամենը հանգեցրեց նրան, ինչի մասին մենք նախանշել էինք: Բայց, մյուս կողմից, ես չեմ կարծում, որ շարժումը ձախողվել է այն աստիճան, որ այլեւս ընթացք չկա: Կա այդ ընթացքը, կա այդ հնարավորությունը»,- հայտարարեց Ռուստամյանը:

 

ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ եթե իշխանությունների վրա ճնշումը թույլ լինի, բնականաբար, կամովին չեն գնա զիջումների: Ռուստամյանն ամեն ինչ կորած չի համարում` ընդդիմադիր շարժումը կարող է նոր շունչ հաղորդել այս ամենին, ավելի հստակ ներկայացնել պահանջները:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչպես նախկինում, այսօր էլ տեսնո՞ւմ է այս գործըհնթացների վերջը, Ռուստամյանը դրական պատասխան տվեց: «Վաղ թե ուշ ընդդիմությունը գալու է այս միասնական օրակարգին: Մենք ամեն ջանք գործադրելու ենք, որ դա լինի: Այդ փոփոխությունները կհանգեցնեն իշխանափոխության: Ես բազմիցս ասել եմ, որ մեզ համար իշխանափոխությունը մարդափոխություն չէ: Մենք ասում ենք, որ միայն գործող ռեժիմի, այլ համակարգի փոփոխություն: Եթե համակարգը մնա, բայց մարդիկ փոխվեն, դրանից ոչինչ չի փոխվի»,- նշեց նա: