կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-19 20:07
Հասարակություն

Ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանից պայքար է պահանջում

Ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանից պայքար է պահանջում

Այսօրվա Ազատության հրապարակը հիշեցնում էր 2008-ի փետրվարի 19-ը, երբ նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, սկսեց պայքարը:

 

Ի տարբերություն 2008-ի, այս հանրահավաքը նախօրոք կազմակերպված չէր, պարզապես «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա ասուլիս էր հրավիրել:

 

Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում նոր պայքարի ակնկալիքով: Ոմանք դիմում էին Րաֆֆի Հովհաննիսյանին` «պարո’ն նախագահ», «հարգելի’ ընտրված նախագահ», «մեծարգո’ նախագահ» արտահայտություններով:

 

Հավաքված բազմությունը սպասում էր, թե երբ վերջապես Րաֆֆին կհայտարարի պայքարի մաիսին, շատերը ժամանակ առ ժամանակ վանկարկում էին` «նը~ստա~ցույց», « Րա~ֆֆի~, նախագա~հ», սակայն Հովհաննիսյանը փորձում էր լռեցնել ժողովրդին` հորդորելով սպասել վաղվան:

 

Նա հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը չընդունի ընտրությունների կեղծ լինելը, իրենք Ազատության հրապարակում կհավաքվեն այնպես, ինչպես Արցախյան շարժման ժամանակ հավաքվեց ժողովուրդը:  

 

Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքացիներից շատերն  իրենց բացահայտ հակակրանքը հայտնեցին գործող իշխանությունների նկատմամբ և պատրաստակամություն հայտնեցին պայքարել արդարության համար, եթե, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկի: