կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-11 18:45
Հասարակություն

''Արմավիա''-ի տնօրենի խոստովանությունը

''Արմավիա''-ի տնօրենի խոստովանությունը

«Արմավիայի» հետ կատարվածը հարված էր մեր տնտեսությանը, երկրի հասարակական հատվածին, հարված է նաեւ այն աշխատողներին, ովքեր աշխատում են «Արմավիայում». այսօր Հանրային խորհրդում հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

 

Հանրային խորհրդի նախագահը նշեց, որ անսպասելի չէր «Արմավիայի» ներկայիս վիճակը, քանի որ վերջին 1-2 տարիներին երեւում էր, որ «Արմավիան» չի կարողանում կատարել իր պարտավորությունները, մարդիկ կամաց-կամաց սկսում էին չվստահել ընկերությանը եւ այլ ավիաընկերությունների տոմսեր էին գնում:

 

«Եվ արդեն հասկանալի էր, որ այս ամենի արդյունքում ավարտը լինելու էր այնպես, ինչպես եղավ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

 

 

 

 

Հայաստանի քաղավիացիայի ոլորտի ապագայի մասին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ասաց, որ կառավարությունում քննարկումներ են ընթանում, դեռեւս ավարտուն տեսքի բերված չէ: Նա տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, քաղավիացիայի հետագա զարգացման մասին պատկերացումներում կա երկու բեւեռ` ունենալ պետական ավիաընկերություն եւ լիբերալիզացված բաց երկնքի քաղաքականություն:

 

Այնուհետեւ քաղավիացիայի վարչության պետը ներկայացրեց երկու բեւեռների առանձնահատկությունների վերաբերյալ կարծիքներն ու տեսակետները:

 

 

 

 

Ուշագրավ հայտարարություն արեց «Արմավիա» ավիաընկերության տնօրեն Նորայր Բելլույանը, ով նշեց, որ այն ինչ եղավ «Արմավիայի» հետ, իհարկե, միմիայն ավիաընկերության վատ մենեջմենթի պատճառով էր:

 

«Մենք ունեինք մեր դժվարությունները, խոչընդոտները, բայց նորից եմ կրկնում, «Արմավիան» կարող էր եւ պետք է այնպիսի մենեջմենթ իրականացներ, որ ավիաընկերության աշխատանքներն ընթանային ժամացույցի պես»,- ասաց Բելլույանը:

 

Ինչ վերաբերում է քաղավիացիայի հետագա ճակատագրին, Բելլույանը նշեց, որ ինքը հակված է այն կարծիքին, որ անպայման պետք է լինի հայկական ավիափոխադրող, որը լինի ոչ միայն սեփականատիրոջ տնօրինության ներքո, այլեւ պետական, նույնիսկ` 51 եւ ավելի տոկոս բաժնեմասը պատկանի պետությանը:

 

«Ես այդ կարծիքին եմ եւ համոզված եմ, որ միայն այդ դեպքում ավիաընկերությունը կարող է իրականացնել այն պարտավորությունները, որ դրված են իր ուսերին: Այդ դեպքում, ինձ թվում է, որ համագործակցելով սեփականատերերը եւ կառավարությունը կարող են հասնել հաջողության»,- ասաց «Արմավիայի» տնօրենը:

 

 

 

Խոսեց նաեւ «Արմենիա» միջազգային օդանավակայանների տնօրեն Մարսելո Վենդեն, ըստ որի` վերջին 5-6 տարիների ընթացքում «Արմենիա» միջազգային օդանավակայանները» «Արմավիա» ավիաընկերությանը տրամադրել են տարբեր զեղչեր: Այնպես որ` «Արմավիան», ի տարբերություն այլ ընկերություների, շատ առավելություններ ուներ:

 

 

 

Օդաչու Գրիգոր Հայրապետյանն էլ նշեց, որ ազգային փոխադրող կամ փոխադրողներ ունենալը Հայաստանի համար անկյունաքարային հարց է:

 

«Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել 88-89 թվականները, երբ Բաքվի դեպքերի, երկրաշարժի ժամանակներն էին, ո՞ր երկրի օդաչուներն էին թռիչքներ կատարում, ովքե՞ր էին 150 տեղանոց ինքնաթիռով 250 ուղեւոր բերում այստեղ: Եթե ինչ-որ մեկը կարող է վստահեցնել, որ վաղը, Աստված չանի, առիթի դեպքում դրսի փոխադրողները կգան ու այս ամբողջ աշխատանքները կանեն... Մենք կամաց-կամաց կարող ենք ամեն ինչից հրաժարվել` այսօր ավիացիայից, վաղը մեկ այլ բանից»,- կարծիք հայտնեց օդաչուն:

 

Նա նշեց նաեւ, որ Հայաստանում կան բարձր որակավորում ունեցող հիանալի օդաչուներ եւ տեխնիկական անձնակազմեր, ու եթե ոլորտին ազատություն տրվի, 2-3 ավիաընկերություն կարող է ստեղծվել:

 

 

 

Ելույթ ունեցավ նաեւ Արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով նշեց, որ քաղաքացիական ավիացիա ունենալը մեզ համար խիստ կարեւոր է, ու, իր համոզմամբ, պետք է ստեղծվի պետական մասնակցությամբ ավիաընկերություն, որի կառավարումը պետք է հանձնել միջազգային փորձ ունեցող ընկերության` կոնցեսիոն կառավարման: