Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմավիա»-ի պարտքերի չափի մասին ոչ ոք կոնկրետ բան չգիտի: Գիտենք հետեւյալը` նոյեմբեր 23-ին «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի փոխտնօրեն Պավել Մանուկյանը լրագրողներին ասել է, որ «Արմավիա» ավիաընկերությունը կենտրոնին պարտք է 93 մլն դրամ: Ըստ նրա` այդ պարտքը ամեն թռիչքի համար ծառայության դիմաց գանձվող (33000 դրամ) գումարից է կուտակվել: Կենտրոնը զգուշացրել է, որ եթե «Արմավիան» չկատարի իր պարտավորությունները եւ չմարի պարտքերը, ինֆորմացիա չեն տրամադրի, որն էլ չվերթերի դադարեցման պատճառ կդառնա, նաեւ մտադիր են ինֆորմացիայի չտրամադրման որոշման մասին հայտնել բոլոր ավիաընկերություններին, ինչը կարվի մոտ օրերս:
«Արմավիան» խոշոր պարտքեր ունի նաեւ «Զվարթնոց» օդանավակայանին, որոնք պարբերաբար պատճառ են դառնում այս երկու ընկերությունների միջեւ լարված իրավիճակների, ու արդյունքում տուժում են ուղեւորները: yerkir.am-ի տեղեկություններով` ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանին պարտք է 3.5 միլիոն ԱՄՆ դոլարից ավել գումար: Տեղեկություններ ունենք նաեւ, որ «Արմավիան» պարտք է նաեւ ՀՀ-ին` մոտ 19 միլիարդ դրամ` մոտ 470 միլիոն ԱՄՆ դոլար` հարկային պարտավորությունների գծով:
Այս տեղեկությունը փորձեցին ճշտել ՊԵԿ-ից, սակայն մինչ օրս մեզ չեն պատասխանել: Դեռ չգիտենք, թե ընկերությունը ինչքան պարտքեր ունի «Աէրոնավիգացիա»-ին, «Ավիաբուժին», տեխնիկական սպասարկման համար, վառելիքի համար, ընկերության աշխատողների աշխատավարձերի համար: Սա միայն Հայաստանում, իսկ դրսի մասին առհասարակն ոչինչ չգիտենք:
Մի խոսքով` ընկերությունը «սկած» է: Այստեղ արդեն գալիս է ամենակարեւորը: Վնասով աշխատող ընկերությունը Բաղդասարովն ուզում է վաճառել: Սա նորմալ երեւույթ է: Սակայն, ըստ էության, վաճառելու բան էլ չկա` օդանավերից միայն Airbus-ներն են պատկանում ընկերությանը, իսկ մնացած ինքնաթիռները լիզինգով են ձեռք բերվել, կամ գրավի տակ են: իսկ այլ` իրենից մեծ արժեք ներկայացնող գույք ընկերությունը չունի:
Այսինքն` ըստ էության, մնում է վաճառել միայն ավիափոխադորւմներ իրականացնելու լիցենզիան: Այս լիցենզիայի պատճառով, «Արմավիայից» բացի, հայկական ոչ մի ուրիշ ընկերություն իրավունք չունի Հայաստանից կանոնավոր ավիաչվերթեր իրականացնել: Սակայն սա իրենից չի կարող մեծ արժեք ներկայացնել, քանի որ գործող լիցենզիայի ժամկետը սպառվում է 2013 թվականի մարտին` 4 ամսից:
Տվյալ լիցենզիան «Արմավիային» տրամադրել է ՀՀ կառավարությունը, և նորն էլ պետք է վերջինս հատկացնի: Եվ ահա, մինչ այդ ժամկետն ընկերությունը պետք է բարեհաջող վաճառված լինի, քանի որ նրա միակ արժեքն ազգային փոխադրողի լիցենզիան է, այսինքն` շուկայում մենաշնորհ ունենալը:
Ու այստեղ հարց է առաջանում` ի՞նչ պետք է անի ընկերությունը: Առաջին միտքը, որ ունենք, դա լիցենզիայի ժամկետը երկարացնելն է: «Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունից yerkir.am-ին հայտնեցին` «Արմավիան» աշխատում է, եւ կշարունակի իր աշխատանքը նաեւ լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո:
Այսօր «Արմավիայում» աշխատանքներ են տարվում միջոցների եւ ուժերի վերադասավորման առումով, որը կբերի կազմակերպության առողջացմանը, ինչի շնորհիվ «Արմավիան» կշարունակի իր բնականոն աշխատանքը»:
Դե իհարկե` ընկերությունը, բնականաբար, կուզի երկարաձգել լիցենզիայի գործողության ժամկետը, որովհետեւ եթե նրա սեփականատերն էլ չշահագործի ընկերությունը, գոնե կվաճառի, ու պոտենցիալ գնորդները չեն վախենա մոտալուտ ժամանակներում լիցենզիայի դադարելուց: Սակայն այլ հարց է, թե արդյոք նման տնտեսվարում իրականացնող ընկերության լիցենզիայի ժամկետը մեր հայրենի կառավարությունը կերկարաձգի՞:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, պատասխանելով հարցին` ՀՀ քաղավիացիայի վարչությունը «Արմավիային» կտրամադրի՞ արդյոք նոր լիցենզիա, նշեց` «կապված 2013 թվականին նորից լիցենզիա տրամադրելու հարցին, պետք է նշեմ, որ խնդիրը դեռեւս քննարկված չէ, եւ կառավարությունը դրա վերաբերյալ դեռեւս չունի հստակ ձեւավորված մոտեցում: Եվ խնդիրը միայն քաղավիացիայինը չէ` կառավարությունը նույնպես այս խնդրում պետք է , բնականաբար, իր ակտիվ դերն ունենա»:
Այժմ մտածենք, թե ինչպես կվարվի կառավարությունն այս հարցում: Ակնհայտ է, որ ավիաընկերությունը ունի մեծ պարտքեր, ու որպես այդ հարցի լուծում, փորձում է վաճառել ընկերությունը: «հայկական ժամանակ» թերթն իր հրապարակումներից մեկում նշում էր, որ «Արմավիան» վաճառելու դեպքում խոսքը մոտ 60 միլիոն դոլարի մասին է: Թերթի տեղեկություններով, ռուսական կողմը պատրաստ է «Արմավիայի» համար մինչև 50 միլիոն դոլար վճարել, սակայն, այդ գինը Բաղդասարովին չի բավարարում:
Մյուս տարբերակն այնէ, որ կառավարությունը նոր լիցենզիա «Արմավիային» չի տա: Սակայն այդ դեպքում ընկերությունը կգնա սնանկացման: Որովհետեւ սնանկացման մասին այս տարի գարնանը հայտարարեց հենց ընկերության գլխավոր սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը` «Զվարթնոցի» հետ ծագած հերթական անհամաձայնության ժամանակ` նշելով, որ եթե իրենք շարունակեն վնասով աշխատել, ապա այլ ելք չեն ունենա ու կսնանկանան:
Այս դեպքում Հայաստանի համար ստեղծվում է շատ բարդ իրավիկակ: Որովհետեւ այդ դեպքում «Արմավիայի» պարտքերը ստիպված կլինի Հայաստանի Հանրապետությունը փակել: Որովհետեւ լիցենզավորող մարմինը, որն այս դեպքում ՀՀ կառավարությունն է, պատասխանատվություն է կրում լիցենզավորված ֆիզիկական կամ իրավաբանական անձի կատարած եւ չկատարած պարտավորությունների համար: Ու եթե լիցենզավորված «Արմավիան» սնանկ ճանաչվի, ապա նրա պարքերը պետք է ՀՀ կառավարությունը փակի: Այնպես որ` հետաքրքիր զարգացումներ են սպասվում Հայստանի ավիաոլորտում:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ