Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպեսզի ուղեւորը հայտնվի ինքնաթիռում, մի շարք կարեւոր պայմանների թվում կարեւոր է նաեւ, որ բարձրախոսով հնչեն չվերթի թիվն ու քաղաքի անունը: Բայց «Զվարթնոցում» առավոտվա չորսն էր, ու չհնչեց: Միայն վերջում «շուտ արեք, արա», ոգեկոչող հրահանգը բոլորին տարավ ինքնաթիռ:
Ինքնաթիռ մտնելու հաջորդ վայրկյանին պարզվեց, որ երկու տարեկան ուղեւորի տոմսի վրա չէր նշվել նստատեղի թիվը, ինչից հետեւում էր, որ երկու տարեկան ուղեւորը հինգ ժամ գտնվելու էր մոր գրկին: Այստեղ սկսվեց ուղեւոր-«Արմավիա» պայքարի առաջին ճակատամարտը: Ուղեկցորդուհին բացատրեց, որ դա իրենց խնդիրը չէ, եւ կանչեց «Արմավիա»-ի ներկայացուցչին: Պարոն ներկայացուցիչը շատ ուշադիր նայեց տոմսին ու մեկնաբանեց, որ ուղեւորը նստել չի կարող, քանի որ նստատեղ չի նշված: Բայց թռիչքից անմիջապես հետո ուղեկցորդուհին փոքրիկին թույլ տվեց նստել ազատ բազկաթոռին, որովհետեւ ինքնաթիռը կիսադատարկ էր թռչում: Այսպիսով, «Արմավիա»-ուղեւոր առաջին ճակատամարտն ավարտվեց ուղեւորի օգտին:
Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: «Զվարթնոց» օդանավակայանում թափ հավաքած ինքնաթիռում սկիզբ էր առել երկրորդ` «ադյալի» ճակատամարտը: Առավոտյան հինգն էր, իսկ նախորդ երեկոյան Երեւանում հորդ անձրեւ էր` ջերմաստիճանի անկմամբ: Ինքնաթիռում շատ ցուրտ էր: Ուղեւորներն ակնհայտորեն սառել էին: Այս անգամ բողոքը զանգվածային բնույթ ստացավ, քանի որ մրսում էին բոլորը: Ուղեկցորդուհին սկսեց ծածկոցներ բաժանել, բայց երկու ուղեւորին տալով մեկական ծածկոց` անկախ ուղեւորների ծանոթության ու մտերմության աստիճանից: Ինչեւէ, երեխաները ծածկված էին, իսկ մեծերը շարունակում էին մրսել: Օդային ցույցի երբեւէ մասնակցած չլինելով` երեւութը շատ էկզոտիկ թվաց, բայց դրանից ցուրտը չէր մեղմանում: Այս անգամ, արդեն, ուղեկցորդը ընկճված բացատրում էր, որ ինքը որեւէ կապ չունի` ավիաընկերությունը այսքան ծածկոց է տրամադրել:
Ցուրտը սկսեց մեղմանալ սնվելու ամենախաղաղարար բնազդային պահանջի բավարարման արդեն մոտալուտ ակնկալիքից: Բայց երբ րոպեներ անց պարզվեց, որ երկու տարեկան ուղեւորին, որին տոմս էին վաճառել՝ առանց նշելու նստատեղը, սնունդ չի հասնում, քանի որ այդպես կարգադրեց ուղեկցորդուհին, բողոքը սկսեց դուրս գալ ինքնաթիռի սահմաններից: Ուղեւորները վստահ էին, որ Միքայել Բաղդասարովի ֆինանսական դրության վրա սննդի մի փաթեթը որեւէ կերպ ազդել չէր կարող: Ինքնաթիռում սկսվեց տարերային սննդահավաք: Հայերը համախմբվել էին: Երեխան հաստատ քաղցած չէր մնա` առաջիկա տասնհինգ օրը: Հասկանալի էր, որ երկու տարեկան երեխան այդքան սնունդ չէր կարող ընդունել, եւ սննդահավաքը կատարվում էր ի նշան բողոքի: «Արմավիա»-ուղեւոր պայքարի երրորդ` «բուտերբրոդ» ճակատամարտն ավարտվեց ուղեւորների միանշանակ բարոյական հաղթանակով:
Պրոֆեսիոնալ օդաչուների հաջող վայրէջքից հետո ամեն ինչ մոռացվեց: Բայց սպասվում էր նաեւ Երեւան վերադարձը` նույն «Արմավիա»-ով: Օդանավակայանում պարզվեց, որ նախորդ չվերթը հետաձգվել է յոթ ժամով: Բայց «Արմավիան» այստեղ կապ չուներ: Խնդիրն ավելի ընդարձակվել էր: Օդանավակայանի հայ աշխատակիցը մեկ առ մեկ ուղեւորներին խնդրում էր չուշանալ եւ շատ չտարվել դյութի ֆրիով, քանի որ նախորդ չվերթի ուղեւորները հենց այդ պատճառով այնքան են ուշացել ինքնաթիռից, որ ինքնաթիռը ստիպված է եղել զիջել թռիչքուղին, քանի որ իր ժամն արդեն լրացել էր, իսկ հաջորդ թռիչքը հնարավոր էր միայն յոթ ժամ հետո:
Այսպիսով, «Արմավիա»-ի թերություններն ու ուղեւորների «թերությունները» ծագումնաբանորեն նույնանում են: Ամեն ինչի հիմքում մեր որակներն են: «Արմավիան» ծածկոց չունի, սնունդ չի ապահովում, տոմս է վաճառում՝ առանց նստատեղ նշելու, իսկ հայ ուղեւորներն ուշանում են թռիչքից, որովհետեւ առեւտուր են անում: Ինչո՞ւ այլ երկրների ինքնաթիռները չեն լքում թռիչքուղին միայն այն պատճառով, որ կես ինքնաթիռ մարդ դյութի ֆրիում ինքնամոռաց առեւտուր է անում: Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես:
Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ