| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Հիմա, երբ արդեն տեղի է ունեցել նախագահի երդման արարողությունը, ինչ-որ տեղ հանդարտվել է փողոցը, և հաշվի առնելով, որ շուտով կնշանակվի վարչապետ և կառավարություն, որը կներկայացնի իր ծրագիրը, պահն է, որ սթափ և սառը, առանց ձևականությունների և բաց աչքերով նայենք իրականությանը: Մեղմ ասած՝ երկրի վիճակը բարվոք չէ: Վերջին հինգ տարիների ընթացքում, մենք կարող ենք ասել, որ լավագույն դեպքում տեղում դոփել ենք: Քաղաքական մթնոլորտը անառողջ է, քաղաքական կոնֆիգուրացիան չի արտահայտում ժողովրդի կամքը:
 
 Տնտեսական ոլորտում պատկերը էապես չի փոխվել. 2012թ. մեր ՀՆԱ-ն իր  բացարձակ արժեքով մոտավորապես նույնն է, ինչ 2008թ., բայց զուգահեռաբար  մեծացել է աղքատությունը, արտաքին պետական պարտքը և նվազել են օտարերկրյա  ներդրումները: 
 
 Այս գրառումն անելուն ինձ դրդել է երկու հանգամանք: 
 
 Առաջինը, որ նախագահն իր երդմնակալության ելույթում հատկանշական մի ակնարկ  արեց, ասելով. «Նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ  թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում  առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ  ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր  ուղերձները տեղ են հասել»: Այս արտահայտությունը հանրության մոտ բնական  հարց է առաջացնում, թե նախագահն ինչպես է պատրաստվում գործել ժողովրդի  պահանջները բավարարելու համար: 
 
 Երկրորդը, որ նախագահական  ընտրությունների արդյունքում պաշտոնապես մոտ 600 հազար դեմ ձայների  առկայությունը համընկավ իսկական Gallup-ի հարցման արդյունքների  հրապարակմանը, ըստ որոնց՝ Հայաստանից արտագաղթել ցանկացողների թիվը 40% է,  որն ամենաբարձր ցուցանիշն է նախկին խորհրդային 12 հանրապետությունների  շարքում, այն դեպքում, երբ մեր երկու անմիջական հարևան երկրներում այդ թիվն  ընդամենը 14% է: Սա բոլորովին այլ սրություն է հաղորդում շուրջ 600 հազար  քաղաքացիների բողոքին և առավել հրատապ է դարձնում իշխանությունների կողմից  կադրային և բովանդակային քաղաքականության փոփոխությունը՝ ամենակարճ  ժամանակում շոշափելի արդյունքների հասնելու համար:
 
 Ես՝ որպես ՀՀ  սովորական քաղաքացի՝ առանց հավակնելու նախագահին խորհուրդներ տալու,  կուզենայի ներկայացնել, թե ինչպես եմ պատկերացնում այդ պահանջների  բավարարումը: Իհարկե, այս ցուցակը կարող է շատ երկար լինել և վերաբերել թե՛  ներքին ու արտաքին, թե՛ տնտեսական քաղաքականությանը: Ես կբավարարվեմ՝  ներկայացնելով ընդամենը մի քանի ներքաղաքական նկատառումներ, որոնք կարծում  եմ՝ հիմնական գրավականն են այլ ոլորտներում որևէ առաջընթաց արձանագրելու  համար:  
 
 Առաջին, չխրախուսել այն, ինչ կեղծ է և իմիտացիա: Այսօր  այս երկուսը քաղաքական վիճակի և գաղջ մթնոլորտի հիմնական պատճառներն են: Դա  արվում է թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական այլ ուժերի կողմից:  Ֆեյսբուքյան կեղծ գրառումներից, սոցիալական սուտ հարցումներից, իրավիճակի  աղճատված ներկայացումից սկսած՝ մինչև ընդդիմադիր քողի տակ իշխանության  կողմից վերահսկվող լրատվամիջոցների գործունեություն. ժողովուրդն այլևս  ոչնչի չի հավատում: Այս երևույթն իր բացասական հետևանքներն է ունենում և  փչացնում է մի ամբողջ սերնդի, որի զարգացման և տեղեկատության աղբյուրը հենց  դրանք են:
 
 Երկրորդ, հնարավորինս արագ առողջացնել քաղաքական  մթնոլորտը՝ իշխանական առավել հանդուրժողականություն ցուցաբերելով քաղաքական  այլ ուժերի, անհատների գործունեությանը: Վերջիվերջո ընդունել, որ  քաղաքական մենաշնորհը կառավարման արդյունավետ միջոց չի եղել, և այսօր  մրցակցության, հակաշիռների առկայության և պատասխանատվությունը կիսելու  ճանապարհով միայն հնարավոր կլինի երկրում առաջընթաց ապահովել և լուծել  ժողովրդի առաջ ծառացած խնդիրները:
 
 Երրորդ, առաջնորդող դեր վերցնել  երկրում ձևավորելու այն օրակարգը, որ տարիներ շարունակ առաջարկվում է ոչ  իշխանական ուժերի կողմից: Այդ օրակարգի ձևավորման գործընթացը և  արդյունքները էական փոփոխություն կբերեն կառավարման համակարգում՝  հասարակությանը վստահություն և հույս հաղորդելով երկրի ապագայի նկատմամբ: