Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Իրանի Աբադան քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային անդրանիկ առաջնությունում Երևանի «Դինամո» թիմին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել: Իսկ ահա Ռուսաստանը ներկայացնող Դոնի Ռոստովի Սամուրղաշև եղբայրներ ակումբի թիմը գրավեց երկրորդ տեղ՝ եզրափակիչում զիջելով Իրանի առաջին թիմին: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը զրուցել է Աթենքի օլիմպիական օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող Վարդերես Սամուրղաշևի հետ, ով ռուսական թիմի պատվիրակության ղեկավարն էր:
-Վարդերե'ս, կարծե՞ս այնքան էլ գոհ չեք ձեր թիմի արդյունքից:
-Ռուսաստանը միշտ պայքարում է առաջին տեղի համար, ուստի արդյունքից գոհ չեմ, բայց տղաների ցուցադրած ըմբշամարտից շատ գոհ եմ:
-Եզրափակիչում սպասվում էր, որ 75 կգ քաշային կարգում հանդես կգա Չիխերկինը, սակայն նա գորգ չելավ:
-Չիխերկինին խնայեցինք, այդպես էր պետք:
-Հետևելով ըմբիշների մրցելույթներին՝ հաճախ չէիք կարողանում զսպել Ձեր հույզերը, երբեմն էլ դժգոհություն էիք արտահայտում մրցավարների կայացրած որոշումներին:
-Մրցավարությունը, մեղմ ասած, միակողմանի էր, իսկ հույզերի առումով անզուսպ էի, որովհետև ցավում եմ մեր բոլոր ըմբիշների համար: Նրանց գոտեմարտերի ժամանակ ես ինձ գորգում եմ պատկերացնում և ուզում եմ նրանց փոխարեն հնարք կատարել:
-Մրցավարությունից դժգոհ եք, բայց ամեն դեպքում Իրանի թիմն էլ շատ ուժեղ էր:
-Չեմ վիճում, սակայն կարելի էր հաղթել:
-Մրցումներից ստացած ընդհանուր տպավորություններից ի՞նչ կասեք:
-Շատ ապրեն իրանցիները, հիանալի էին կազմակերպել: Ընդհանրապես, Իրանում ըմբշամարտի մրցումները անցնում են շատ բարձր մակարդակով: