կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 18:56
Առանց Կատեգորիա

Թատրոն` Ազատության հրապարակից Բաղրամյան 26 ճանապարհին

Թատրոն` Ազատության հրապարակից Բաղրամյան 26 ճանապարհին

Բաղրամյան 26-ի և Ազատության հրապարակի միջև ծավալվել է դիրքային մի հետաքրքիր դիմակայություն, որն ավելի շատ հիշեցնում է մուկնուկատվի խաղ: Խնդիրն այն է, սակայն, որ դեռևս դժվար է ասել` կողմերից ո՞րն է այդ խաղում  «մուկը», որը` «կատուն»:

 

Սերժ Սարգսյանն այս ընթացքում արդեն հասցրել է ձեռք բերել դիրքային որոշակի առավելություն. Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի հրաժարվում է արտահերթ համապետական ընտրություններ անցկացելու իր նախնական պահանջից և այն հընթացս փոխարինում է կոնկրետ պորտֆելների փաթեթը «Բարևի շարժմանը», իսկ ավելի ճիշտ` Հովհաննիսյանի թիմին հանձնելու միջոցով իշխանությունը կիսելու պայմաններով: Դրանում Սարգսյանի ստացած շոշափելի արդյունքն այն է, որ Հովհաննիսյանն այդպիսով, ուղղակի, թե անուղղակի, լեգիտիմացնում է կայացած նախագահական ընտրությունները և դրանց արդյունքները:

 

Սակայն այս առավելությունը նյութականացնելու համար գործող նախագահին անհրաժեշտ է լուծել մի շատ կարևոր խնդիր` Րաֆֆի Հովհաննիսյանին ամեն գնով դուրս բերել հացադուլից, որին և ներկայումս լծված է նրա աշխատակազմը: Խնդիրն այն է, որ այդ ակցիայով ուղեկցված ցանկացած երկխոսության, բանակցության կամ որևէ այլ ձևաչափով ընթացող գործընթացի շրջանակում թելադրողի դերում ավելի շատ հանդես է գալու Հովհաննիսյանը: Մինչդեռ նախագահին անհրաժեշտ է, որպեսզի խաղը տրամաբանական ավարտին հասցնի իր կանոններով և իր դոմինանտությամբ, որովհետև նա ոչ թե իշխանությունը «Ժառանգության» հետ կիսելու, իշխանության ողնաշարը կազմող առանցքային այդ պորտֆելները իսկապես նրան հանձնելու, այլ բանակցությունների քողի ներքո ժամանակ շահելու և դրա ընթացքում «Բարևի շարժումը» մաշեցնելու նպատակ է հետապնդում: Դրա համար սկզբից փորձ արվեց Հովհաննիսյանին հացադուլից հանել` գրավոր խնդրանքի միջոցով` իբրև հնարավոր բանակցությունների սկսման նախապայման: Սերժ Սարգսյանը դա անձամբ արեց`Հովհաննիսյանի ներկայացրած գրավոր առաջարկներին ուղղված պատասխան նամակով, որը, սակայն, արդյունք չտվեց: Այժմ գործադրվել է երկրորդ տարբերակը`Հովհաննիսյանին փակ դռների ետևում բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու փորձը: Այս տարբերակը հարմար է նաև այն առումով, որ իշխանությունը շանս է ստանալու բանակցությունները նսեմացնել` ընդհուպ Հովհաննիսյանի կողմից զուտ պաշտոնակռվի մակարդակի: Դրանով է, թերևս, պայմանավորված, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում գալ Ազատության հրապարակ, դեռ ավելին. փաստացի պահանջում է, որ հանդիպումը հերթական անգամ տեղի ունենա իր նստավայրում: «Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում»,- ի պատասխան Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանին բանակցելու համար Ազատության հրապարակ հրավիրելու, օրերս հիշեցրեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:

 

Իշխանության համար այս հացադուլը վտանգավոր է այնքանով, որ նրանք չեն պատկերացնում, թե մինչև որտեղ է պատրաստ գնալ Հովհաննիսյանը և, ընդհանրապես, արդյոք գնալո՞ւ է ինքնազոհողության, թե՞ ոչ: Սակայն Հովհաննիսյանը, հասկանալով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունը` հացադուլով պայմանավորված իր որոշակի ամուր դիրքերի առավելությունը, չի ուզում կուլ տալ իշխանությունների խայծը և ընկնել այն թակարդը, որում 2011թ. գարնանը սկսեց խեղդամահ լինել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը: Ահա թե ինչու նա Սերժ Սարգսյանին առաջարկում է երկու տարբերակ` կա'մ բանակցություններ Ազատության հրապարակում, այսինքն` բոլորի ներկայությամբ, կա'մ բանակցություններ բացառապես հրապարակային նամակագրության միջոցով: «Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող՝ Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»,- նախագահին առաջարկում է  Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Որքան էլ այս տարբերակները տեխնոլոգիապես տարբեր լինեն, դրանք նույնական են երկու կետում` երկուսի դեպքում էլ խոսքը բացառապես հրապարակայնության մասին է: Սա հիմնական զենքն է, որ ունի Հովհաննիսյանն իր ձեռքին: Երկրորդ` երկուսն էլ, որպես բանակցությունների ձևաչափ, չափազանց անարդյունավետ են, որովհետև երկու դեպքում էլ գործ ունենք բաց թատրոնի հետ, որտեղ կողմերն ավելի շատ խաղում և խաղացնելու են, քան իրականում գործելու:

 

Բայց Հովհաննիսյանի մտավախությունը` դասական ձևաչափով բանակցություններ սկսելու առումով, այնքան էլ անհիմն չէ: Սերժ Սարգսյանի հետ փակ դռների ետևում նրա առաջին հանդիպման մանրամասներն այնքան հակասական լույսի ներքո ներկայացվեցին, որ դժվար է իրականում հասկանալ` ո՞վ էր նրանցից ավելի ճիշտ և իրականում ինչի՞ մասին էին բանակցել: Նույն ջուրը երկրորդ անգամ մտնել Հովհաննիսյանը չի ցանկանում: Բայցևայնպես, ակնհայտ է, որ եթե նրանք երկկողմանի ընդունելի միջանկյալ լուծում չգտնեն և պնդեն իրենց ձևաչափերով բանակցելու նպատակահարմարությունը, ապա այս գործընթացը անխուսափելիորեն մտնելու է փակուղի:

 

Չի կարելի բացառել, որ նրանք կփորձեն միջանկյալ նոր տարբերակ գտնել և բանակցությունները սկսել ոչ թե առաջին, այլ երկրորդ, երրորդ դեմքերի մակարդակով, որպեսզի ո'չ Հովհաննիսյանը ստիպված լինի գնալ նախագահական, ո'չ էլ Սերժ Սարգսյանը` Ազատության հրապարակ: Դրա առաջին քայլը, կարծես, անում է Սերժ Սարգսյանը: Թերևս պատահական չէր, որ վերջին անգամ նախագահականից նամակը ոչ թե Սերժ Սարգսյանի անունից ուղարկվեց ու տարածվեց, այլ նրա մամուլի քարտուղարի: Պարզ է, որ Հովհաննիսյանը դրան արձագանքելու էր համարժեք: Բայց ի՞նչ կտա այս տարբերակը և արդյոք այն կհանգեցնի՞ Հովհաննիսյանի կողմից հացադուլի դադարեցմանը, ոչ ոք չի կարող ասել, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ օրը, հաջորդ վայրկյանին ինչ քայլ կարող է անել Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ