Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետաքրքրիր է, որ «Հետքի»-ի` նախորդ տարվա նոյեմբերից սկսված ու արդեն պարբերական դարձած հրապարակումներին` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման համար ստացված մոտ 170 մլն դոլար գումարների փոշիացվելու վերաբերյալ, մեր երկրի օրինապահ մարմինները միայն նոր սկսեցին անդրադառնալ:
Մասնավորապես` ընթացիկ տարվանից սկսած նոր միայն «Նաիրիտ գործարանի» աշխատակիցները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հարցաքննության: Թեեւ ՀՀ գլխավոր դատախազությունից «Հետքին» պատասխանել էին, որ այդ հարցաքննությունների արդյունքում քրեական գործ չի հարուցվել, սակայն հետագայում, ինչպես տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության ստուգման ակտի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն էլ հետաքննող լրագրողներին հայտնել էր, որ «Նաիրիտի» նյութերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը նոր է ստացել, եւ դեռևս ուսումնասիրում են:
Ուշադրությամբ ու հիացմունքով հետեւում ենք, թե ինչպես են «Հետքի» հետքննող լրագրողները հետեւողականորեն ու ջանասիրաբար բացահայտում «Նաիրիտի» խնդրի մանրամասները: Մեր գործընկերները կարողացան 7 ամիս տեւած ուսումնասիրության արդյունքում գրված 13 հոդվածների շարքով ցույց տալ, թե ինչպես են քիմիական արդյունաբերական հսկայի` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման համար ստացված մոտ 170 մլն դոլար գումարները փոշիացվել:
«Հետքի» հոդվածաշարում ներկայացվել են գործարանի սեփականատեր ընկերության և դրա հետ կապված այլ օֆշորային ընկերությունների գործարքները և վարկային միջոցների փոշիացման պատմությունները, եւ հրապարակումներից յուրաքանչյուրը, ըստ էության, կարող էր դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդագրություն: Բայց մեր իրավապահները շուրջ 5 ամիս լռելուց հետո նոր են միայն գործի անցել:
Իրավապահներն ունեն գործողության երեք տարբերակ` ուղղակի չզբաղվել այս գործով ու ոչ մի քրեական գործ չհարուցել, սկսել գործի քննությունն ու անկեղծ, լուրջ հետաքննություն անցկացնել եւ պատժել բոլոր իրական մեղավորներին, Հայաստանում մինչ այժմ եղած նախադեպերից մեկն էլ հուշում է երրորդ տարբերակը. իրավապահ մարմինները քրեական գործ կհարուցեն այս հարցով, կսկսեն ինչ-ինչ մանրուքներ «բացահայտել», մի քանի ցուցադրական դատական պրոցեսներ էլ կբեմադրեն, մի քանի «մանր ձկնիկ» կկախեն արդարադատության կարթից ու…
Հաշվի առնելով, թե ինչ հսկայական աշխատանք են կատարել «Հետքի» մեր գործընկերները ու ինչ փաստեր են բացահայտել, մեր իրավապահները ուղղակի հարցին չանդրադառնլ չեն կարող, բացառենք առաջին տարբերակը:
Երկրորդ տարբերակն էլ ենք բացառում, քանի որ հո մի քանի նախկին ու ներկա նախարար ու վարճապետ չե՞ն դատի: Համենայն դեպս, եթե այդպիսի մտայնություն ունենային, ապա դա կանեին` «Հետքի» հենց առաջին հրապարակումից հետո սկսելով սեփական քննությունը:
Այնպես որ` մնում է միայն «ավանդական հայկական» տարբերակը` մի քանի հոգու տուգանք նշանակել, մի քանի «անկրիշ ձկների» ձեւական դատել, մեղքը բարդել օտար, անբացահայտելի, անհաղթահարելի ու «չար» ուժերի վրա, եւ մեր երկրին, տնտեսությանը, պետությանը հսկայական վնաս հասցրածների մասով գործերն էլ, ծածկադմփոց անելով, կոծկել:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ