կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-26 15:42
Հասարակություն

Տեղի ունեցած փլուզման դեպքով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ

Տեղի ունեցած փլուզման դեպքով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, վերջինիս հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ծառայողներից: Հայկ Գրիգորյանը ղեկավարում է քննչական խմբի կողմից կատարվող աշխատանքները:

Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում ներկայումս հարցաքննվում են նշված շենքի բնակիչները, քննչական խմբի կողմից զուգահեռ քննչական գործողություններ են իրականացվում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ: