Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևանի մշակույթի պետական քոլեջը միավորել նույն շենքում գործող՝ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ։ Իսկ հունիսի 22-ից նորաստեղծ հաստատությունը պաշտոնապես անվանակոչվել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ։
Երկու քոլեջների տնօրեններին՝ Տիգրան Դավթյանին և Վրեժ Կիրակոսյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի՝ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցրել էր, որ երկու ՊՈԱԿ-ների միավորման դեպքում նրանցից մեկը կմնա նույն պաշտոնին, իսկ մյուսը կնշանակվի տնօրենի տեղակալ։ Սակայն երկու օր անց՝ հունիսի 24-ին, քոլեջների միավորումից հետո, տնօրեններին նախարարությունից տեղեկացրել էին, որ քոլեջն արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տեսական առարկաների դասախոս, 63-ամյա թոշակառու Ստեփան Բաբաթորոսյանը, որն Արայիկ Հարությունյանի խորհրդականի հոր ընկերն է։ Իսկ դեռևս գործող տնօրեններին էլ ծանուցվել էր, որ պետական ռեգիստրում նրանց լիազորությունները կդադարեցվեն իրենց ազատման հաստատման հաջորդ օրը:
Բայց, պետական ռեգիստրում երկու քոլեջների իրավաբանորեն գործող տնօրենների պաշտոնանկությունը դեռ չհաստատված, գործընթացին զուգահեռ, Բաբաթորոսյանն էլ իր հերթին է տնօրեններին զգուշացրել, որ կամաց-կամաց աշխատասենյակներից հավաքեն իրենց իրերը, քանի որ իր աշխատանքն այլ կերպ է պատկերացնում ու այլ թիմի հետ։
Այնուամենայնիվ, երկու կոլեկտիվների համառ պայքարի արդյունքում արդեն օգոստոսի 20-ին ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը քոլեջների դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ, ընդառաջ գնալով նրանց պահանջին, որոշում է կայացնում քոլեջի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն Աննա Կիրակոսյանին, իսկ երկու ամսվա ընթացքում ձևավորել կառավարման խորհուրդ, որն էլ հենց կընտրի քոլեջի նոր տնօրենին։
Սակայն այս դեպքում էլ ԿԳՄՍՆ-ն, ավելի կոնկրետ՝ Արայիկ Հարությունյանը, գործեց իրեն հատուկ ոճով. նախարարի պաշտոնից հեռանալուց րոպեներ առաջ, ինչպես քոլեջի դասախոսական կոլեկտիվն է ասում, արել է իր սև գործը՝ ստորագրել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործունեությունը կասեցնելու հրամանն ու որպես նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել է քոլեջի դասախոսներից Արամ Սարգսյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում քոլեջի 120 աշխատակիցներն արդեն նախկին նախարարի վայրկյանական որոշմանը դեմ արտահայտվեցին: Ասում են, որ նորանշանակ ԺՊ-ն չի կարող կառավարել ուսումնական հաստատությունը։ Նրանց պնդմամբ՝ նա ադեկվատ անձնավորություն չէ և չի կարող լեզու գտնել ուսանողների ու կոլեկտիվի հետ։ Բայց և վստահեցնում են՝ չեն պատրաստվում լռել և հայտնվել գործազուրկի կարգավիճակում, քանի որ համոզված են՝ նորանշանակ ԺՊ-ն հաստատ իրենց ազատելու է աշխատանքից։ Դասախոսները պնդում են՝ պայքարելու են իրենց իրավունքների համար՝ թույլ չտալով որևէ անօրինականություն։
Մանրամասները՝ տեսանյութում: