կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 13:35
Մշակույթ

Պոեզիան բեմերից ասմունքելու համար չէ, այն ինտիմ տարածք է

Պոեզիան բեմերից ասմունքելու համար չէ, այն ինտիմ տարածք է

Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ժամանակակից պոեզիան չի կարող կեղծել, քանի որ կեղծիքը շուտ է ջրի երես ելնում:

 

Ըստ Նիկողոսյանի` մեր օրերում քիչ են խիզախ մարդիկ, ովքեր կհայտարարեն, թե այսինչ ժամանակակից գրողը մեծ գրող է: Հիմնականում, ինչպես նշեց նա, շարունակում է պահպանվել «ավանդույթը», ըստ որի` գրողի մահից հետո են գրողի մեծությունը գնահատում:

 

«Բանաստեղծությունը երբեք չի եղել հասարակությանն այդքան մոտ, որքան այսօր: Եթե 50-100 տարի հետո այս ժամանակը փորձեն ներկայացնել, որպես լավագույն աղբյուր` պետք է վերադառնան գրականությանը: Ժամանակակից պոետները հրաժարվում են դասական, տաղաչափական ձեւերից եւ նախընտրում վերլիբրը` բանաստեղծության տաղաչափության ազատ ձեւը: Հատկանշական է նաեւ այն, որ ժամանակակից թե՛ պոեզիայի եւ թե՛ արձակի գործերը երրորդ դեմքով չեն գրված, այլ առաջին»,- ասաց գրականագետը:

 

Անդրադառնալով պոեզիայի խնդիրներին` Նիկողոսյանը նշեց, որ ասմունքային դպրոցի` չափից դուրս շատ ներկայությունը խանգարում է, քանի որ պոեզիան մարդու համար պետք է լինի ինտիմ տարածք: Ըստ նրա` պոեզիան բեմերից ասմունքելու համար չէ:

 

Դպրոցների եւ ՀՀ բուհերի ծրագրերում շարունակում են չընդգրկվել ժամանակակից հեղինակները, քանի որ ուսուցիչները չեն ուսումնասիրում ժամանակակիցների գործերը: «Եվ ասել, թե ժամանակակից գրականության մակարդակն այն չէ, դրա համար էլ դպրոցական ծրագրերում չեն ընդգրկվում ճիշտ չէ: Ես ավելի շուտ հակառակը կասեի` շատերին հասու չէ ընկալել ժամանակակիցներին»,- նշեց գրականագետը:

 

Վերջին 10 տարիների ընթացքում ժամանակակից գրողների գործերը, ճիշտ է, սկսել են թարգմանվել, սակայն, Նիկողոսյանի կարծիքով, դրանք շարունակում են մնալ անթալոգիաների մակարդակով: Ըստ նրա` անհրաժեշտ է թարգմանել որեւէ գրողի գործերն առանձին գրքով:

 

Ի դեպ, Նիկողոսյանի հավաստմամբ, ժամանակակիցներին չկարդալը չի կարող հիմք լինել այնպիսի բարձրագոչ հայտարարությունների, թե ժամանակակից գրականություն չկա:

 

«Ես սիրով եմ կարդում Հովհաննես Գրիգորյանին, Հակոբ Մովսեսին, Հենրիկ Էդոյանին, Ավագ Եփրեմյանին, Ներսես Աթաբեկյանին, Հուսիկ Արային, Կարեն Անտաշյանին, Աշոտ Գաբրիելյանին, Աննա Դավթյանին: Իրենց տեսակի համար ինձ դուր են գալիս նաեւ Տիգրան Պասկեւիչյանն ու Մարինե Պետրոսյանը»,- ասաց Նիկողոսյանը` հավելելով, որ անունների շարքը շարունակելի է:

 

Լուսանկարը` Կ. Հ.-ի