կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-03-20 16:31
Առանց Կատեգորիա

Պատերազմ` Երևանի համար...

Պատերազմ` Երևանի համար...

«Ժառանգությանը», ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին և ՀԱԿ-ին այդպես էլ չհաջողվեց մայիսի 5-ին կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու շուրջ համաձայնության հանգել: ՀԱԿ-ը (նկատի է առնվում այլևս գոյություն չունեցող դաշինքը) դեռ դրանից առաջ էր հայտարարել, որ իր համար սկզբուքնային չէ ցուցակը գլխավորելու, այսինքն` քաղաքապետի թեկնածուի հարցը: ՀՅԴ-ի համար ևս այն սկզբունքային չէր, որովհետև ի սկզբանե այս կուսակցությունը շեշտը դնում էր ընդհանուր պլատֆորմի և ծրագրերի ընդհանրացման վրա: ԲՀԿ-ն բանակցություններից գրեթե անմիջապես հետո պաշտոնապես հայտարարեց, որ, թեեւ արդեն պատրաստ է ավագանու ընտրությունների` իրենց համամասնական ցուցակը, սակայն դեռևս հնարավոր են համարում համախմբված ուժերով մասնակցությունը` եթե այն ձևավորվի բացառապես ԲՀԿ-ի առանցքի շուրջ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քառյակի բանակցությունների տապալումից հետո «Ժառանգության» ներկայացւոցիչներն ինտենսիվ կոնսուլտացիաներ են սկսել քաղաքական այլ ուժերի հետ` իրենց առանցքի շուրջ երևանյան ընտրությունների համատեքստում նոր քաղաքական միավորում ստեղծելու նպատակով:

 

Այսպես կոչված` «առանցք դառնալու» ուղղությամբ ԲՀԿ-ի և «Ժառանգության» այս ձեռնարկումներն ակնհայտ դարձրին, որ քառյակի միջև համաձայնությունը չկայացավ հենց այս երկու կուսակցությունների ամբիցիաների պատճառով: Թե' ԲՀԿ-ն և թե' «Ժառանգությունը» չեն զիջել դիրքերը քաղաքապետի թեկնածուի, ինչպես նաև համամասնական ցուցակում ավելի դոմինանտ դիրքեր ունենալու հարցում: ԲՀԿ-ի և «Ժառանգության» այս դիմակայությունն ունի թե' սուբյեկտիվ և թե' օբյեկտիվ հիմքեր: ԲՀԿ-ն հիմնվում է այն իրողության վրա, որ քառյակի շրջանակում խորհրդարանական ընտրություններին ամենաշատ ձայներն ինքն է ստացել, հետևաբար` դոմինանտը լինելու իրավունքը պատկանում է իրեն: ԲՀԿ-ն անտեսում է, փաստորեն, այն հանգամանքը, որ նախագահական ընտրություններին չմասնակցելու իր որոշմամբ փաստացի կորցրել է դիրքերը հետընտրական քաղաքական բոլորովին նոր իրավիճակում: «Ժառանգության» համար հենակետայինը նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած քվեն է նաև Երևանում, ինչպես նաև նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի ստանձնած առաջնորդության գործոնը: Իր հերթին, «Ժառանգությունն» անտեսել էր այն փաստը, որ Երևանի ընտրությունները, ի տարբերություն նախագահականի, ընթանում են համամասնական ընտրակարգով և ստիպված է համակերպվել դրան բոլոր հիմնական ուժերի մասնակցության հետ, և որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկածների մի զգալի մասը ոչ թե նրա էլեկտորատն էր, այլ իշխանության դեմ տրամադրված զանգվածը, ինչը ստացած 500 հազար ձայները «Ժառանգության» համար չի վերածում լուրջ քաղաքական կապիտալի:

 

Սակայն այս, ամենով հանդերձ, ակնհայտ է, որ հերթական անգամ քաղաքական ընդդիմությանը չհաջողվեց ի սկզբանե ձևավորել ուժեղ և միասնական ճակատ, և դա հերթական անգամ տեղի ունեցավ` ընդհանուր ծրագրերի ու մարտավարության որդեգրման փոխարեն անձերին նախապատվություն տալով: Այսինքն` ստեղծվել է գրեթե նույն իրավիճակը, ինչ նախագահական ընտրություններից առաջ, միայն այն տարբերությամբ, որ եթե այն ժամանակ այս ուժերից երեքը նախընտրեցին մեկուսանալ ընտրություններից, հիմա որոշել են անպայման մասնակցել:

 

Ըստ էության` նրանք կարող են ունենալ երկու նպատակ: Առաջին` նրանցից յուրաքանչյուրը ձգտելու է դասական քաղաքական պայքարի տրամաբանությամբ կազմել մեծամասնություն և ձեռք բերել քաղաքապետ նշանակելու բացառիկ իրավունքը: Սա ենթադրում է բոլոր մասնակիցներին վերաբերվել որպես պոտենցիալ և իրական մրցակիցների` դրանից բխող տակտիկական նրբերանգներով: Երկրորդ` նրանց ընդհանուր խնդիրը դառնում է ոչ այնքան մեծամասնություն ձեռք բերելը, այլ ՀՀԿ-ի, իշխանության վերարտադրության կանխումը: Դա ենթադրում է միմյանց մեջ փնտրել ոչ թե մրցակիցների, այլ պոտենցիալ գործընկերների կամ դաշնակիցների: Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում քաղաքապետացուի հարցը ավտոմատ կերպով մղվում է երկրորդական պլան, իսկ ընտրություններից և ավագանիում քաղաքական ուժերի հարաբերակցության պարզումից հետո կարող է նաև տեխնիկական խնդիր դառնալ. քաղաքապետ կարող է ճանաչվել ամենամեծ խմբակցությունը կազմած քաղաքական ուժի ցուցակի առաջին համարը` անկախ նրանից` այդ ուժը վերցրել է ավագանու տեղերի բացարձակ մեծամասնությունը, թե` ոչ: Այս դեպքում արդեն հնարավոր կլինի համաձայնությունների գալ Երևանի կառավարման մեթոդաբանության և ծրագրերի շուրջ, ինչպես նաև այդ ռեսուրսը գեներացնել քաղաքական պայքարի այլ հարթություններում: Ըստ էության, ընտրություններից առաջ դաշինքի տապալման պարագայում երկարաժամկետ կտրվածքով վերջին տարբերակը դառնում է ավելի նախընտրելի: Պարզ է, որ ՀՀԿ-ն ձգտելու է ձեռք բերել ավագանու մանդատների բացարձակ մեծամասնությունը:

 

Թե' ՀՅԴ-ից և թե' ՀԱԿ-ից այս ընթացքում մի քանի անգամ արդեն ակնարկներ հնչել են, որ նախընտրական դաշինքի չստացվելուց հետո հնարավոր է բանակցել հետընտրական միավորում կամ դաշինք կազմելու հարցը`այդպիսով ՀՀԿ-ին փոքրամասնություն դարձնելու, նրանից Երևանը «խլելու» համար: Նման զարգացումներ թույլ չտալու` ՀՀԿ-ի միակ տարբերակը բացարձակ մեծամասնություն կազմելն է, որպեսզի հակառակ թևում ցանկացած ֆորմատով դաշինքի ձևավորումը դառնա անիմաստ: Ներկայիս պայմաններում, երբ պարզ է, որ ընտրողների մեծամասնությունն ակտիվ և համեմատաբար ավելի ազատ է մասնակցելու ընտրություններին, իսկ մրցակից ուժերը անխուսափելիորեն ուժեղացնելու և կենտրոնացնելու են ընտրական հանձնաժողովներում և դրանցից դուրս իրենց վերահսկողական լծակները, այս խնդիրը դառնում է չափազանց դժվար իրագործելի: Եթե ՀՀԿ-ին չհաջողվի մեծամասնություն կազմել, այն ստիպված է լինելու Երևանի կառավարումը չկորցնելու համար մյուս ուժերի մեջ պոտենցիալ կոալիցիոն գործընկեր փնտրել և գնալ զիջումների: Ողջ հարցն այն է` որքանով ընդդիմությունը կկարողանա իրացնել ստացած շանսը և որքանով ամուր կլինի կա'մ ՀՀԿ-ի հետ դաշինքից հրաժարվելու, կա'մ նրան զգալի զիջումների մղելու հարցում:

 

Այս տեսանկյունից ամենամեծ ռիսկը կապված է ԲՀԿ-ի և «Ժառանգության» միջև սկսված ներկայիս դիրքային պայքարի հետ, որը բխում է բացառապես ՀՀԿ-ի շահերից: Վերջինս շահագրգռված է, որ թե' մեկը և թե 'մյուսն այս հակադրությունը տեղափոխեն ընտրություններ, ինչը հնարավորություն կտա նրանց միջև անհրաժեշտ բալանսը պահելու միջոցով փոշիացնել ընդդիմադիր էլեկտորատի ձայները և քառյակին փաստացի թողնել փոքրամասնություն: Դա նաև հնարավորություն է տալիս ավագանու ընտրություններում աստիճանաբար քամել նախագահական ընտրությունների հետ կապված ներկայիս լարվածությունը, որն իրավիճակի ապակայունացման շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան երևանյան ընտրությունները:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ