կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 01:15
Քաղաքական

Պատերազմ սկսելու համար՝ ճանապարհ է հարթվում

Պատերազմ սկսելու համար՝ ճանապարհ է հարթվում

«Ես մի քանի ժամ սայթեր էի նայում: Սերժ Սարգսյանի հայտարարությունը ագրեսիվ եմ համարում, ասվում է, թե Հայաստանը պատրաստվում են պատերազմի»,- այսօրվա ասուլիսին ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

 

Այնինչ` Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը գրեթե ամեն օր ռազմաշունչ հայտարարություններ է անում, սակայն աշխարհը աչք է փակում դրանց վրա. «Այդ հռետորությունն ուղղված է իր ժողովրդին հանգստացնելու, ներքին խնդիրները լուծելուն: Ալիևը բլեֆ է անում»:

 

Միջազգային որոշ կազմակերպություններ Ադրբեջանի համար ճանապարհ են հարթում՝ պատերազմ սկսելու համար: Ա. Տեր-Թադևոսյանն օրինակ բերեց հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ ազատագրված տարածքները՝ «օկուպացված», իսկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը «Խանքենդի» են անվանված:

 

Ավելի վառ և թարմ օրինակ է ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրում նշվածը, թե՝ «կոնֆլիկտի լուծման հիմնարար սկզբունք պետք է լինի տարածքային ամբողջականությունը»:

 

«Նրանք պատերազմ չեն հրահրում, նրանք ասում են խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով, բայց եթե նայեք ենթատեքստը...: Ես, որպես զինվորական, հասկանում եմ, որ դրանք ագրեսիայի բաց սպառնալիք են»,- ասաց գեներալ-մայորը:

 

Չնայած այս ամենին` Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց նաև, որ պատերազմի վերսկսման հավանականությունը փոքր է, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան, ինչպիսին է, օրինակ, նավթի հարցը: Ադրբեջանը չի կարող վտանգել իր հարստության աղբյուրը, որը կարևոր է նաև աշխարհի հզոր երկրների համար: