Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ն մասնակցելու է առանձին ցուցակով: Ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ հորիզոնականում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Ցուցակը ՀՅԴ-ն դեռ ԿԸՀ չի ներկայացրել: Yerkir.am-ը Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:
- Պարո'ն Մինասյան, նախ, ըստ Ձեզ, ինչո՞ւ չձեւավորվեց միասնական ցուցակ, եւ երկրորդ՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ ավագանիում ընդդիմադիր ուժերի միջեւ կոայիցիա ձեւավորվի եւ, որպես քաղաքապետ, ընտրվի՝ «ընդդիմության մարդը»:
-Կարծում եմ, որ հետընտրական փուլում ինքնանպատակ միավորում չի կարող տեղի ունենալ: Եթե կլինեն ծրագրեր, գաղափարներ, որոնք թույլ կտան ընդդիմադիր կամ առնվազն ոչ իշխանական ուժերի միավորում, դա հնարավոր համարում եմ: Բայց անհրաժեշտ է ճշտել, թե յուրաքանչյուր քաղաքական միավոր, որ ընտրություններին մասնակցում եւ ավագանիում տեղեր ունենալու հավակնություններ ունի, ի՞նչ ծրագրեր եւ գաղափարներ է առաջ քաշում: Խոսել լոկ ընդդիմադիր անձի շուրջ հավաքվելու մասին, անարդյունավետ է, որովհետեւ ամբիցիաները չափազանց շատ են, եւ կարծում եմ` հենց դա էր պատճառը, որ միասնական ցուցակ չեղավ` չնայած բոլոր այն ձգտումներին ու ջանքերին, որ ՀՅԴ-ն փորձեց գործադրել:
-Իսկ նույն այդ ամբիցիաներն ընդդիմադիր ուժերին չե՞ն խանգարի արդեն ավագանու կազմում կոալիցիա կազմելուն եւ քաղաքապետ ընտրելուն:
-Դրա համար ասացի, որ եթե կենտրոնում դնում ենք ոչ թե մարդուն, այլ գաղափարներն ու ծրագրերը, այդ դեպքում հնարավոր համարում եմ, բայց եթե անցում կատարեցինք, թե կոնկրետ որ ուժի որ անձին ենք պատկերացնում քաղաքապետի պաշտոնում, անպայման կլինեն պառակտումներ:
- Պարո'ն Մինասյան, իրատեսական համարո՞ւմ եք հաղթանակը: Նախագահական ընտրություններում ակնհայտ դարձավ, որ երեւանցիների մի մեծ հատված դժգոհ է իշխանություններից: Ի՞նչ եք կարծում, իշխանություններից գոհ եւ դժգոհ երեւանցիների այդ համամասնությունը կպահպանվի:
-Դժգոհ հատվածը ոչ միայն կպահպանվի, այլ նաեւ կմեծանա, որովհետեւ իշխանությունները մատը մատին չեն տալիս, ինչը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ երկրում հիմնարար արմատական եւ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Այսօր իշխանություններն իրենց ինքնագոհ կեցվածքը շարունակում են պահպանել, որն արհամարհանք է ժողովրդի եւ այն ընտրողների հանդեպ, ովքեր փոփոխություններ են պահանջում: Անգամ հանուն փոփոխությունների քվեարկած մարդիկ կանգնած են ոչ թե նախագահի կողքին, այլ պահանջատեր են, որ փոփոխություններ կատարվեն համակարգում: Եվ այդ փոփոխություններն ուշանում են, իսկ ինչպես տեսնում եք ընտրություններից բավականին ժամանակ է անցել, բայց փոփոխությունների պատրաստակամության որեւէ նշույլ անգամ չկա, ինչն էլ նշանակում է, որ ավագանու ընտրությունների նախաշեմին դժգոհությունը կպահպանի իր բարձր մակարդակը:
- Իշխանություններն էլ, կարծես, չունեն հաղթանակի այն վստահությունը, որ կար նախագահական ընտրությունների ժամանակ: Անգամ հրապարակային խոսքում խուսափում են ամպագոռգոռ հայտարարություններից, թե հաղթելու են, եւ բոլորը պետք է պայքարեն պատվավոր երկրորդ տեղի համար:
-Անգամ նախագահականան ընտրություններում Երեւանի արդյունքները ցույց են տալիս, որ իշխանություններն այդ վստահության քվեն չունեն, որ նման կեցվածք ցուցաբերեն: Եվ երկրորդ՝ կարծում եմ, որ նախագահական ընտրությունները դաս է նրանց համար, որ չի կարելի մեծախոսությամբ զբաղվել, եւ հարկավոր է կոնկրետ գործ ու քայլ անել, եւ որ դա բխի կոնկրետ հանրության շահերից, այլ ոչ թե ընտրական մեխանիզմների գործադրմամբ թվեր գրել, որը ոչ միայն իրենց, այլ նաեւ հանրության համար բավականին լուրջ եւ բացասական հետեւանքներ է ունենալու: Ես հույս ունեմ, որ իշխանություններն այս անգամ գոնե կգիտակցեն, որ, Երեւանի կառավարումը ընդդիմությանը կամ ոչ իշխանական ուժին թողնելով, հնարավոր կլինի իսկապես երկրում ժողովրդավարության տարրական նշույլներ պահպանել: Եթե չկիրառվեն այն մեթոդները, որոնք թեկուզ մասնակի կիրառվեցին նախագահական ընտրությունների ժամանակ, կարծում եմ, որ իշխանական հատվածն իրապես հնարավորություն ունի Երեւանի կառավարումը նվաճելու: Դրանում առաջին տեղերից մեկում համարում եմ նաեւ ՀՅԴ-ին: Մենք ունենք այդ հնարավորությունը եւ այն թիմը, որ ներկայացված է, ունենք այդ պոտենցիալը՝ արդյունավետ համայնքային կառավարում իրականացնելու եւ ցույց տալու, թե ինչպես կարելի է երկրում զարգացնել տնտեսությունը, մարդկանց իրավունքները պաշտպանել եւ ապահովել առաջանցիկ զարգացում:
- Իսկ ինչպես եք վերաբերվում «Գելափ»-ի տվյալներին, համաձայն որոնց` երեւնացիների 60 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
- Չեմ ուզում կոպիտ բառեր ասել: Լավ է, որ սոցիոլոգիական հարցումներ կատարվում են, բայց վատ է, որ միշտ մի կողմի վրա են անընդհատ շեշտադրում անում: Կարծում եմ, որ անկախ սոցիոլոգիայի ինստիտուտի ներդրման դեպքում կարելի է լուրջ վերաբերվել այսպիսի ցուցանիշների, այլ դեպքերում՝ անհարմար վիճակի մեջ են հայտնվում թե' իրենք, թե' երկրին են դնում շատ վատ դրության մեջ: Չի կարելի այդ աստիճան նսեմացնել ինստիտուտները, այդ թվում` պետական եւ համաժողովրդական կամքը:
-Այսինքն` եթե ամփոփելու լինենք, գոնե այս ընտրություններում ամեն ինչ կանխորոշված չէ, այդ թվում` իշխանությունների համար:
- Հաշվի առնելով, որ սա համամասնական ընտրակարգով ընտրություն է, ամեն ինչ կանխորոշված լինել չի կարող, ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ կա'մ նախագահ ես, կա'մ նախագահ չես: Եթե արդյունավետ աշխատես եւ համագործակցության իրական հնարավորություններ, գաղափարական հենք ունենաս ուժերի հետ, շատ հնարավոր է, որ վերցնես Երեւանի կառավարումը եւ իշխանություններին պարտադրես սեփական խաղի կանոնները, այլ ոչ թե ենթարկվես նրանց խաղի կանոններին:
Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ