կարևոր
2332 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-24 14:04
Քաղաքական

Երևանի ավագանու ընտրություններից հետո ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավի 2-րդ օրը սկսել է Արաբկիր և Աջափնյակ համայնքներից։

Սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին, դուք հնարավորություն ունեք իշխանափոխություն իրականացնելու համապետական մասշտաբով՝ Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Նա կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ հանրային տրամադրությունները հակաիշխանական են, եւ շատ կարեւոր է այդ քվեով մեծացնել իշխանափոխության հավանականությունը։

«Երեւանի ավագանու ընտրություններից հետո մենք առաջարկելու ենք հասնել այնպիսի հանրային ճնշման, որը կբերի նոր կառավարության ձեւավորման, եւ ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ձեր քվեով զերծ պահել մեր երկիրը պատերազմից»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Նա նշեց, որ իշխանափոխությունն այն կարեւորագույն նախապայմանն է, որի միջոցով հնարավոր է ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Իշխանափոխությունը Երեւանում հնարավորություն կտա նաեւ հաղթահարել ներքին՝ Երեւանի կառավարման խնդիրները, սոցիալ-տնտեսական խնդիրները։ «Նույնիսկ մանր թվացող խնդիրները, որոնք, թվում է թե, ընթացիկ լուծումով կարող են արդյունք արձանագրել, միեւնույն է՝ ամբողջական իշխանափոխության կարիք կա, որովհետեւ առանձին վերցրած՝ մեկ միավորի մեջ հնարավոր չէ արդյունավետ կառավարում իրականացնել, երբ Հայաստանի քաղաքական կառավարման եւ օրենսդրական դաշտը փոփոխության կարիք ունի»։

«Մայր Հայաստան» դաշինքը N 14-ն է քվեաթերթիկում։ Նշենք, որ դաշինքի անդամների եւս մեկ խումբ հանդիպումներ է անցկացնում Աջափնյակի ընտրողների հետ։ Երեկոյան՝ ժամը 18։00-ին, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը կմիանա այդ խմբին եւ ծաղիկներ կխոնարհի Աջափնյակ համայնքի Լենինգրադյան-Հասրաթյան հատվածում գտնվող՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրում։